Նախագծի 1-ին գլուխ(1-5-րդ հոդվածներ) պարունակում է Օրենքի ընդհանուր դրույթները: Առաջարկում եմ 5-րդ հոդվածից հետո Նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

«Հոդված 6. Հայաստանի Հանրապետությունում գործող հայկական արտադրողներից կատարվող գնումների տարեկան աճը

Զինված ուժերի և այլ զորքերի գնումները հայաստանյան արտադրողներից յուրաքանչյուր տարի ավելանում են նախորդ տարվա փաստացի կատարված ռազմական բյուջեի առնվազն 2 տոկոսի չափով»:

 

Սույն առաջարկի ընդունման շնորհիվ տարեցտարի կավելանան հայկական արտադրության գյուղատնտեսական ապրանքների, տեքստիլի, ռազմական արդյունաբերության և այլ ոլորտներից կատարվող գնումները: Վստահությունն առ այն, որ պետական գնումները կատարվելու են և դրանք կատարվելու են լավագույն ապրանքն ու գինն առաջարկողից, կխթանի քննարկման առարկա բնագավառների արտադրությանը, կավելանա դրանցում մրցակցությունը՝ այն փաստի ուժով, որ պետությունն ի վերջո Օրենքի ուժով անըդհատ պետք է ընդլայնի իր գնումների ծավալը հայաստանյան արտադրողներից: Իսկ լավագույն առաջարկները, ստանալով պետական պատվեր, սպառման ծավալի շնորհիվ կկարողանան ավելացնել արտադրանքի քանակն ու տեսակները, հնարավոր է նաև ավելի զարգացնել եղած ապրանքատեսակները:

Նշվածը դրական ազդեցություն կունենա ընդհանուր տնտեսության վրա ևս, քանի որ ռազմական կամ երկակի նշանակության կամ այլ ապրանքատեսակներ արտադրող գործարաններն ինքնին հատկապես հումքի խոշոր սպառող են:

Միաժամանակ, առաջարկի ընդունումը լիովին համապատասխանում է «Ազգ-բանակ» գաղափարախոսությանն ու բխում դրանից: