«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-136-02.10.2017-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է օրենքով նախատեսված եկամտային հարկի հարկման բազայի տարեկան մեծությունը և եկամտային հարկի դրույքաչափը թողնել անփոփոխ՝ հետևյալ հիմնավորմամբ՝

1) եկամտային հարկի գործող և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի դրույքաչափերի կիրառության արդյունքում ձևավորվող հարկային բեռի մեծությունների համեմատությունը պետք է կատարել ոչ թե եկամտային տարբեր միջակայքերի համար նախատեսված դրույքաչափերի պարզ համեմատությամբ, այլ հարկ վճարողների եկամուտների հարկումից հետո տնօրինվող եկամուտների համեմատությամբ: Մասնավորապես, հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում արտացոլված փաստացի տվյալների հիման վրա մեր կողմից կատարված վերլուծությունների և հաշվարկների արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ եկամտային հարկի դրույքաչափերի կիրառության արդյունքում՝

ա. ամսական մինչև 279 հազ. դրամ եկամուտ ունեցող վարձու աշխատողների համար, ովքեր կազմում են բոլոր վարձու աշխատողների շուրջ 90 տոկոսը (շուրջ 553 հազ. վարձու աշխատող), եկամտային հարկի գծով հարկային բեռն իջնում է,

բ. ամսական 279 հազ. դրամից բարձր եկամուտ ունեցող վարձու աշխատողների համար, ովքեր կազմում են բոլոր վարձու աշխատողների ընդամենը 10 տոկոսը (շուրջ 62 հազ. վարձու աշխատող), եկամտային հարկի գծով հարկային բեռը բարձրանում է:

Հարկ է նկատել, որ մինչև 279 հազ. դրամ եկամուտ ստացողների համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով ամրագրված դրույքաչափերով` վճարման ենթակա եկամտային հարկի գումարը նվազում է, իսկ մինչև 300 հազ. դրամ եկամուտ ստացողների համար այդ ավելացումը կազմում է ընդամենը 420 դրամ.

2) միաժամանակ, հարկ է նշել նաև, որ եկամտային հարկի նոր դրույքաչափերի կիրառությունը ոչ միայն չի ավելացնելու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտները, այլև հանգեցնելու է տարեկան շուրջ 3.8 մլրդ դրամի չափով հարկային եկամուտների կորստի: Այսինքն, եկամտային հարկի` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ թե լուծել է լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովելու, այլ տնտեսագիտորեն առավել հիմնավորված և եկամուտների վերաբաշխման տեսանկյունից առավել արդարացի հարկման դրույքաչափեր կիրառելու խնդիր, քանի որ եկամտային հարկի՝ 2018 թվականի հունվարի 1-ից գործող դրույքաչափերի կիրառությունը ֆիզիկական անձանց հարկման համակարգը կդարձնի իրապես առաջադիմական՝ դրանով իսկ պետությանը հնարավորություն ընձեռելով իրականացնելու եկամուտների վերաբաշխման գործառույթը:

Տեղին է նշել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի առաջին երկու մակարդակի դրույքաչափերի միջև տարբերությունն աննշան է՝ ի տարբերություն երկրորդ և երրորդ մակարդակների դրույքաչափերի միջև առկա մեծ տարբերության: Եկամտային հարկի նման դրույքաչափերի սահմանումը միտված է հարկման արդարացիության սկզբունքի, ինչպես նաև պետության վերաբաշխողական գործառույթի կատարելագործմանը, քանի որ դրանց կիրառությունը ենթադրում է, որ մինչև միջին աշխատավարձի մակարդակում գտնվող եկամուտների համար հարկային բեռն իջեցվել է, իսկ դրանից բարձր եկամուտների համար` բարձրացվել: