«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխու­թյուն­ներ  ԵՎ  լրացումներ կատարելու  մասին»  Հա­­յաս­­տա­նի  Հան­րա­պե­­­տու­թյան  օրենք­ի  նա­խա­գծի (Պ-150-09.10.2017-ԳԿ-011/0) վե­­րա­բերյալ Հայաստանի Հան­րապետության կառավարության

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է գործող «Մշակ­ու­թային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված «մշակութային արժեքներ» և «մշակույթ» հասկա­ցությունները թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով հետևյալ հանգամանքները.

  1. Համաձայն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ օրենքի գործողությունը տարածվում է մշակութային ժառանգության օբյեկտների (պատմամշակութային հուշարձան­ների) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրահռչակման վրա: Իսկ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` պատմու­թյան և մշակույթի անշարժ հուշարձաններ են պետական հաշվառման վերցված պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց գրաված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքով, դրանց մասը կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային և բնապատմական արգելոցները, հիշարժան վայրերը` անկախ պահպանվածության աստիճանից:

Օրենքի 6-րդ հոդվածի «մշակութային արժեքներ» հասկացությունը ներառում է «մշակու­թային ժառանգության առարկա (օբյեկտ)»-ը՝ պատմամշակութային անշարժ ժառան­գության հուշարձաններն ու նրանց համալիրները:

Այդ առումով հիմնավորման մեջ նշված Զորաց քարեր պատմամշակութային տարածքը, ինչպես նաև պատմամշակութային, պատմաճարտարապետական, պատմահնագիտական և այլ հուշարձաններն ու հուշարձանախմբերը, համալիրները, օրենքի 6-րդ հոդվածի «մշակութային արժեքներ» հասկացությանը համապատասխան, մշակութային ժառանգության օբյեկտներ են և օրենքով սահմանված կարգով ներառվում են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Ինչ վերաբերում է հիմնավորման մեջ նշված «Գառնու սիմֆոնիային», ապա այն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» N 967-Ն որոշամբ հաստատված ցանկում` որպես «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ:

  1. «Մշակույթ» հասկացության սահմանման փոփոխությունը տեղին չէ, քանի որ օրենքում տրված սահմանումն արդեն իսկ լիարժեքորեն իր մեջ արտահայտում է նաև բնության նկատմամբ մարդու վերաբերմունքը: Հասարակության զգայություններն ու մտածողության եղանակների ամբողջությունը ձևավորվում են բնության և տիեզերքի վերաբերյալ գիտելիք­ների և պատկերացումների հիման վրա: