«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի (Պ-156-18.10.2017-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ 

 

            Ներկայացվող նախագծի համաձայն՝ համայնքի ղեկավարը կարող է ունենալ տեղակալ: Նշված ձևակերպումից հետևում է, որ համայնքի ղեկավարը կարող է նաև չունենալ տեղակալ, ինչն ընդունելի չէ, քանի որ ի թիվս այլ գործառույթների նա նաև փոխարինում է համայնքի ղեկավարին: Այսպիսով, անհասկանալի է, թե համայնքի ղեկավարի տեղակալի հաստիքի բացակայության դեպքում ով է փոխարինելու համայնքի ղեկավարին:

                Նախագծում «տեղակալ» բառը կիրառվում է թե եզակի, թե հոգնակի թվով: Նպատակահարմար է, որպեսզի այն օգտագործվի եզակի թվով, քանի որ այդ դեպքում վերջինիս վերաբերող դրույթները կտարածվեն նաև մեկից ավելի տեղակալների վրա:

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը հայեցողական պաշտոն է, մինչդեռ այն արդեն իսկ նախատեսված է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասով:

                Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

                «Հոդված 30. Համայնքի ղեկավարի տեղակալը

Համայնքի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ):

Համայնքի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:

Համայնքի ղեկավարի տեղակալն իրականացնում է համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները:

Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալը (տեղակալներից մեկը) փոխարինում է համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ:»: