«Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց  առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-178-07.11.2017-ՊԻՄԻ-011/0 և Պ-1781-2-07.11.2017-ՊԻ ՄԻ -011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում «Վերակազմավորված իրավաբանական անձանց միության իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև գույքը իրավահաջորդ հասարակական կազմակերպությանն են անցնում առանց փոխանցման ակտի» բառերն առաջարկում ենք փոխարինել «Պետական գրանցման նպատակով փոխանցման ակտը կարող է չներկայացվել» բառերով:  

Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ փոխանցման ակտն այն իրավական փաստաթուղթն է, որը՝

1) ապահովում է իրավանախորդի իրավունքների և պարտականությունների և իրավանախորդին պատկանող գույքային համալիրի փոխանցումը.

2) արտացոլում ու հիմք է հանդիսանում վերակազմավորման արդյունքում առաջացած հասարակական կազմակերպությանն իրավունքների, պարտականությունների և գույքի փոխանցման համար:                        

Փոխանցման ակտի բացակայությունը կարող է տվյալ վերակազմավորված իրավասուբյեկտի համար խնդիրներ հարուցել: