«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵ­ՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱ­­ՅԱՍ­­ՏԱ­ՆԻ  ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­­ՏՈՒ­ԹՅԱՆ  ՕՐԵՆՔ­Ի ՆԱ­ԽԱ­ԳԾԻ (Պ-196-30.11.2017-ՊԻՄԻ-011/0) ՎԵ­ՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ­ՐԱՊԵՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

  

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հետևյալ հիմնավորու­մներով՝

1) առաջարկվող կարգավորումների վերաբերյալ նախ և առաջ անհրաժեշտ է նշել, որ «Դա­տական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք)  քննարկվող դրույթը փոփոխվել է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված ՀՕ-164-Ն օրենքով, որով նախատեսվել է հարկադիր ծա­ռա­յո­ղի վարչարարու­թյամբ պատճառված վնասը ԴԱՀԿ-ի ծառայության նյութական խրախուսման և համա­կարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին փոխհատուցելու վերաբերյալ կարգա­վո­րում: Այս մոտեցմամբ ամրագրվել ու ապահովվել են վարչական մարմինների կողմից վարչա­րա­րու­թյամբ պատճառված վնասի փոխհատուցման հարցում միասնականությունը և Հայաս­տա­նի Հանրապետության պետական բյուջեի վրա ընկնող լրացուցիչ բեռի թեթևացումը.

2) ներկայացված օրենքի նախագծի դրույթները խնդրահարույց են օրենքի գործող կար­գա­վորումների հետ համակարգային կիրառման, ինչպես նաև գործնական իրացման տեսանկ­յու­նից: Այսպես՝

ա. օրենքի 67-րդ հոդվածի 7-րդ մասի վերջին պարբերության համաձայն` ֆոնդի մի­ջոցների անբավարար լինելու դեպքում վարչարարությամբ պատճառված վնասը հատու­ց­վում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոն­­դի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին, որոնք հե­տա­գայում վերականգնվում են նույն ֆոնդի միջոցներից: Մինչդեռ, օրենքի նախագծով առաջարկվող մեխանիզմի պայմաններում, հարց է առաջանում` ինչպե՞ս վարվել, եթե վար­չա­­րա­րությամբ պատ­ճառված վնասը հատուցելու համար նախատեսված քսան տոկոսը բա­վա­րար չէ, և օրեն­քի մակարդակով հստակ ամրագրվում է յուրաքանչյուր ուղղության համար նախատեսված մի­ջոց­ների հարաբերակցությունը:

Առաջացող հակասությունը չի բխում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից, որի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները,                        

բ. ֆոնդում առկա միջոցների տեղաբաշխման հետ կապված հարաբերությունների՝ օրենքով հստակ ամրագրելու վերաբերյալ առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է նաև ճկունության տեսանկյունից` դրանից բխող բացասական հետևանքներով հանդերձ: Այս­պես, հնարավոր են իրավիճակներ, երբ յուրաքանչյուր ուղղությամբ տվյալ տարվա անհրա­ժեշտ ծախսերի նախահաշիվը կազմելուց հետո անհրաժեշտություն առաջանա վե­րանայելու ըստ ուղղությունների տոկոսային հարաբերակցությունը` առաջացնելով օրենքում փոփոխու­թյան անհրաժեշտություն, դրանով իսկ խաթարելով ֆոնդի միջոցների տեղաբաշխ­ման հետ կապված իրավահարաբերությունների բնականոն ընթացքը: Ասվածը հիմնա­վորվում է այն հան­գամանքով, որ օրենքով որպես բաշխման ուղղություն նախատեսված է նաև վարչարա­րու­թյամբ պատճառված վնասի դիմաց Հայաստանի Հանրապետության կառավարության պա­հուստային ֆոնդից կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոց­նե­րից հատկացված գումարների վերականգնումը, որի պարագայում անհնար է նախապես կան­խատեսել և օրենքով սահմանել կոնկրետ սահմանաչափ: Նույնը վերաբերում է նաև օրենքի նա­խա­գծի 1-ին հոդվածի 2-րդ կետով առաջարկ­վող դրույթին,  գ. պարզ չէ, թե ինչ սկզբունքով է նախատեսվել օրենքի նախագծով առաջարկվող տո­կոսային հա­րաբերակցությունը, ինչի վերաբերյալ օրենքի նախագծին կից հիմնավորման մեջ ներ­կա­յացված չեն անհրաժեշտ տեղեկատվություն, ֆոնդի միջոցների տեղաբաշխման վերա­բեր­յալ վիճա­կա­գրա­կան տվյալներ և վերլուծություններ, ինչը հնարավորություն չի տալիս գնա­հա­տելու առա­ջարկ­վող կարգավորման հիմնավորվածությունը և այլընտրանքային տար­բե­րակ­ներից հենց օրենքի նա­խագծով առաջարկվող կարգավորումն ընտրելու նպատա­կա­հար­մարու­թյու­նը:

Ամփոփելով շարադրվածը, գտնում ենք, որ օրենքի նախագծով առաջարկվող կար­գա­­վո­րումը բավարար հիմնավորված չէ՝ գործող օրենսդրական դաշտի, առկա իրավական կարգա­վո­րումների, իրավական ակտում նախկինում կատարված փոփոխությունների և դրանց արդ­յունք­ների համեմատական վերլուծությունների հաշվառմամբ: