1.Նախագծի 10-րդ հոդվածը սահմանում է, որ Սահմանադրական դատարանի դատավորին տրամադրվում է դիվանագիտական անձնագիր: Միևնույն ժամանակ ‹‹Դիվանագիտական ծառայության մասին›› ՀՀ օրենքի 49-րդ հոդվածը դիվանագիտական անձնագիր ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանում նշում է միայն Սահմանադրական դատարանի նախագահին:  Առաջարկում ենք նախագծերի փաթեթը լրացնել ‹‹Դիվանագիտական ծառայության մասին›› ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին›› ՀՀ օրենքի նախագծով՝ դիվանագիտական անձնագիր ստանալու իրավունք ունեցող անձանց շարքում  նախատեսելով նաև Սահմանադրական դատարանի դատավորներին:

2.Նախագծի 40-րդ հոդվածի 3-րդ մասը մանրամասն կարգավորումներ է նախատեսում  գրավոր ընթացակարգով գործի քննության ժամանակ մասնակիցներին ծանուցելու վերաբերյալ, մինչդեռ նման կարգավորումներ նախատեսված չեն բանավոր ընթացակարգով գործի քննության դեպքում: Առաջարկում ենք խմբագրել հոդվածը՝ նախատեսելով կարգավորումներ նաև բանավոր ընթացակարգով քննության դեպքերի համար:

  1. Նախագծի 72-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է. ‹‹Սահմանադրական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ իրավական ակտերի նախագծերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում նախագիծն ամբողջությամբ կամ Սահմանադրությանը հակասող ճանաչված մասով հանվում է շրջանառությունից:››

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ‹‹Ազգային ժողովի կանոնակարգ›› սահմանադրական օրենքով նախատեսված չէ նախագիծը մասամբ շրջանառությունից հանելու ընթացակարգ՝ առաջարկում ենք հոդվածը խմբագրել:

 4.Նախագծի 82-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է.‹‹Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը դատավորի նկատմամբ կարող է կիրառել հետեւյալ կարգապահական տույժերից որեւէ մեկը՝

1) նախազգուշացում,

2) նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 30 տոկոսից զրկելով,

3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 30 տոկոսից զրկելով:››:

Հաշվի առնելով միջազգային փորձը և ‹‹Դատական օրենսգիրք›› սահմանադրական օրենքի  նախագծի համանման կարգավորումները՝ առաջարկում ենք հոդվածը խմբագրել հետևյալ կերպ.

‹‹Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը դատավորի նկատմամբ կարող է կիրառել հետեւյալ կարգապահական տույժերից որեւէ մեկը՝

1) նախազգուշացում,

2) նկատողություն

3) խիստ նկատողություն››: