«ԴԱՏԱԿԱՆ  ԱԿՏԵՐԻ  ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ  (Պ-211-13.12.2017-ՊԻՄԻ-011/0)  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ    ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` օրենքի նախագիծ) առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 44.1-ին հոդվածում, որպես գույքն արգելանքից հանելու հիմք, նախատեսել, որ «առկա է արգելադրված գույքի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ»:

Օրենքի նախագծի նշված դրույթում անհրաժեշտ է հստակեցնել «այլ անձի սեփականության իրավունքի վերաբերյալ» ձևակերպումը` սահմանելով, որ խոսքը սեփականության իրավունքի ճանաչման մասին է:

Օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` գործող իրավակարգավորումների պայմաններում ստացվում է, որ «անձը դիմում է դատարան, դատական ծախսեր է կատարում, իր սեփականության իրավունքը հաստատում վեճի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ, սակայն օրենքի բացի արդյունքում իր իրավունքը նշված գույքի նկատմամբ պետական գրանցում չի ստանում, գույքն էլ ... պարտապան հանդիսացող անձի պարտավորությունների համար մնում է արգելադրված»:

Հարկ ենք համարում առաջարկվող կարգավորումը դիտարկել դատական ակտերի հարկադիր կատարման ամբողջական գործընթացի համատեքստում` վեր հանելով դրա գործնական իրացման արդյունքում հնարավոր խնդիրները:

Այսպես, դատական ակտերի (հանրային իրավական դրամական պահանջներով` վարչական, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի) հարկադիր կատարումը կոչված է ապահովելու մատնանշված ակտերում ամրագրված փաստերի կատարումը` կատարողական վարույթի բոլոր մասնակիցների իրավունքների և օրինական շահերի հաշվառմամբ: Միաժամանակ, այն դեպքում, երբ պարտապանի գույքի վրա արգելանք դնելը շոշափում է այլ անձանց իրավունքները, օրենքը համապատասխան իրավական մեխանիզմ է նախատեսել այդ անձանց իրավունքների պաշտպանության համար: Մասնավորապես, օրենքի 45-րդ հոդվածի համաձայն` արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմելու գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: Օրենքի նշված դրույթից պարզ է դառնում, որ պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում կազմվում է դատական ակտ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ: Այս տրամաբանությամբ օրենքի 44.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, որպես գույքն արգելանքից հանելու հիմք, նախատեսվել է գույքն արգելանքից հանելու մասին դատարանի որոշումը: Շարադրվածի հաշվառմամբ` գտնում ենք, որ պատահական չէ, որ օրենսդիրը սահմանել է ոչ միայն գույքի պատկանելությանը վերաբերող վեճը լուծելու, այլև հենց (վեճը լուծելու հետ համատեղ) արգելանքից հանելու վերաբերյալ դատական ակտ կազմելու պահանջ: Ուստի, գտնում ենք, որ արգելադրված գույքի վերաբերյալ վեճ ծագելու դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել օրենքի 45-րդ հոդվածի տրամաբանությամբ:

Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում առաջարկվող կարգավորումը դիտարկել համատեղ սեփականության ինստիտուտի շրջանակներում: Այսպես, միևնույն գույքի նկատմամբ մեկից ավելի անձանց սեփականության իրավունքը ճանաչվելու դեպքում (օրինակ, կատարողական վարույթի պարտապանը վաճառել է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի մի մասը, սակայն գնորդի իրավունքը սահմանված կարգով չի գրանցվել մինչև գույքի նկատմամբ արգելանք կիրառելը), առաջարկվող կարգավորմամբ ստացվում է, որ գույքի նկատմամբ արգելանքը պետք է հանել: Մինչդեռ, նման պարագայում խախտվում է կատարողական վարույթի պարտատիրոջ իրավունքը, ում նկատմամբ պարտավորության կատարումն ապահովելու նպատակով պարտապանի գույքի նկատմամբ կիրառվել է արգելանք:

Հարկ է նշել, որ օրենքը կարգավորում է բաժնային կամ համատեղ սեփականության մասնակից պարտապանի բաժնի նկատմամբ բռնագանձում տարածելու կարգը, իսկ  արգելանք դնելու առումով օրենքը կիրառում է «պարտապանի գույք» ձևակերպումը` չնախատեսելով բաժնային կամ համատեղ սեփականության մասնակից պարտապանի գույքի նկատմամբ արգելանք դնելու առանձնահատկությունները:

Հետևաբար, համաձայնելով առաջարկվող փոփոխության ընդհանուր գաղափարին, այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ այն ունի համակարգային բնույթ, ուստի, այն անհրաժեշտ է քննարկել թղթակցվող կարգավորումների հետ համակարգային կապի մեջ: