«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ  ՊԵՏԱԿԱՆ  ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ

 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-223-15.12.2017-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ

 

«Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն իսկ իրականացնում է գյուղատնտեսության ռիսկերի նվազեցման և աջակցման ծրագրեր շուկայական մեխանիզմների կիրառմամբ (հակակարկտային ցանցերի ներդրման նպատակով տրամադրված վարկերի սուբսիդավորման, գյուղատնտեսության ապահովագրության ներդրման (պիլոտային), գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության պետական աջակցության և այլ նպատակային ծրագրեր): Մինչդեռ նախագծով գյուղատնտեսության պետական աջակցության հիմնական շեշտը դրվում է ոչ շուկայական մեխանիզմների վրա և ենթադրում է պետության կողմից որևէ կերպ չսահմանափակված պայմանական պարտավորության ստանձնում, որը բավականին խնդրահարույց է պետական բյուջեի ծախսային մասի պլանավորման տեսանկյունից:

Միաժամանակ, հարկ է հաշվի առնել այն, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (պայմանագիր) 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ միության շրջանակներում գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցությունն իրականացվում է պայմանագրի 29-րդ հավելվածով սահմանված մոտեցումներին համապատասխան:

Ելնելով վերոշարադրյալից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով արդեն իսկ ամրագրված են Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առաջնահերթությունները, գերակա ուղղությունները,

2) նախագծով նախատեսվող գործընթացները հնարավոր է իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվող առանձին որոշումներով (ելնելով դրանց առաջնահերթությունից),

3) նախագիծը ենթադրում է պետության կողմից ոչ կառավարելի ռիսկերի ստանձնում, դրա ընդունումն առաջարկվող խմբագրությամբ համարում ենք ոչ նպատակահարմար:

Այդուհանդերձ, նախագծի տեքստի վերաբերյալ հարկ ենք համարում նշել որոշ դիտողություններ.         

  1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում որպես օրենքի կարգավորման առարկա նշված է գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության իրականացման համակարգի ձևավորումը, սակայն այդ հարաբերությունները կանոնակարգող դրույթներ նախագծում սահմանված չեն:
  2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում «այլ» բառն անհրաժեշտ է շարադրել «իրավական» բառից հետո:
  3. Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված հասկացությունները նախագծի հետագա հոդվածներում չեն օգտագործվում և դրանց սահմանումը գրեթե դառնում է ինքնանպատակ: Միևնույն ժամանակ առաջարկում ենք նախագծում նախատեսել «պետական աջակցության» սահմանումը:
  4. Նախագծի 5-րդ հոդվածով սահմանված պետական քաղաքականության նպատակներն ըստ էության սահմանված են գյուղատնտեսության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով, մասնավորապես, ագրարային ոլորտի համար ուղենիշային համարվող փաստաթղթերով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի  մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությամբ:
  5. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գյուղատնտեսության պետական աջակցության սկզբունքներից առաջարկում ենք հանել 2-րդ կետը, քանի որ ոլորտային առաջնահերթությունների և պետական աջակցության չափերի սահմանումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության տվյալ տարվա առաջնահերթությունների հիման վրա` բյուջետային գործընթացի շրջանակներում:

Նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ ֆինանսական միջոցներով պետք է ապահովվի պետական աջակցության շարունակականությունը և ներկայացնել հստակ մեխանիզմներ և կապեր բյուջեի և նախատեսվող աջակցության միջև:

  1. Նախագծի 7-րդ հոդվածում նշված ուղղություններով գյուղատնտեսության պետական աջակցությունը համապատասխան իրավական ակտերի հիման վրա հիմնականում արդեն իսկ իրականացվում է, մի մասն էլ կմեկնարկի 2018 թվականին և գտնում ենք, որ նշված հոդվածում պետք է ամրագրվեն գյուղատնտեսության պետական աջակցության գլոբալ ուղղությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսության զարգացման գործընթացում պետական աջակցության կարիքները ժամանակի պահանջներից և իրավիճակից ելնելով անփոփոխ չեն:

Նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի առնչությամբ անհրաժեշտ է հստակեցնել պետական աջակցություն ստացող տնտեսությունների ընտրության կարգը, կորստի հաշվարկման մեխանիզմը:

Նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում, որպես պետական աջակցության հիմնական ուղղություն, նշվում են կառավարության որոշմամբ գյուղատնտեսական տնտեսություններին պետական աջակցության այլ ձևերը: Այդ առումով հայտնում ենք, որ վերոնշյալ կետը խմբագրման կարիք ունի, քանի որ հոդվածի վերնագրում խոսքը գնում է գյուղատնտեսական պետական աջակցության հիմնական ուղղությունների մասին, այլ ոչ թե պետական աջակցության ձևերի մասին:

  1. Նախագծի 8-րդ հոդվածում նշվում է, որ գյուղատնտեսության պետական աջակցությունն իրականացվում է տարեկան ծրագրով: Ուստի օրենքի նախագծում անհրաժեշտ է նախատեսել ծրագրին վերաբերող պահանջներ, մասնավորապես, միջոցառումների իրականացման ֆինանսավորման աղբյուրները, ժամկետները, պատասխանատու մարմինները և այլն: Նախագծում ամրագրված չէ գյուղատնտեսության պետական աջակցության կոնկրետ չափանիշ և մեխանիզմներ, որոնք ելակետ կհանդիսանան պետական աջակցության ծրագրեր իրականացնելու համար:
  2. Նախագծում բացակայում են պետական աջակցության տրամադրման և դրանց նկատմամբ հսկողության չափանիշներն ու մեխանիզմները:

Միաժամանակ հայտնում ենք, որ գյուղատնտեսության ոլորտում գործող իրավական ակտերով չկարգավորված մի շարք հարաբերությունների կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում ձևավորված աշխատանքային խումբը «Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակման աշխատանքների շրջանակներում 2017 թվականի ընթացքում պարբերաբար կազմակերպել է աշխատանքային նիստեր, որոնց մասնակցել և աջակցություն են ցուցաբերել նաև գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչները: Ներկայումս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում շրջանառվում է «Գյուղատնտեսության գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, որում ներառված են նաև դրույթներ գյուղատնտեսության պետական աջակցության վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը, միաժամանակ կարևորելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման համար ոլորտում առկա չկարգավորված հարաբերությունների (այդ թվում` գյուղատնտեսության պետական աջակցության) բացահայտումը և կարգավորումը, ինչպես նաև օրենքի շրջանակներում այլ իրավական ակտերով սահմանված նպատակների և խնդիրների կատարման ամբողջական ապահովումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ «Գյուղատնտեսության գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի շրջանակներում իրենց առաջկությունները համադրել նշված օրենքի նախագծի մոտեցումներին և հանդես գալ համատեղ մեկ միասնական նախագծով: