«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԸՆՏՐԱԿԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ-

ԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-230-19.12.2017-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքից (այսուհետ` օրենսգիրք) հանել տարածքային ցուցակների ինստիտուտը` կատարելով դրանից բխող այլ փոփոխություններ:

Հարկ է նշել, որ նոր ընտրական օրենսգիրքը մշակվել է` հաշվի առնելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցներում ներկայացված առաջարկությունները, հանձնարարականները, ինչպես նաև համապետական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները` ուղղված ընտրական օրենսգրքի բարելավմանը, ինչպես նաև քաղաքական տարբեր ուժերի և ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկությունները:

Օրենսգրքով փորձ է արվել ներդնել համամասնական ընտրական համակարգի այնպիսի մոդել, որը հնարավորություն կտա շեշտադրելու այս համակարգի առավելությունները: Այսպես, համամասնական ընտրական համակարգի թերություններից մեկն այն է, որ դրա պայմաններում խզված է ընտրողի և ընտրատարածքի (թեկնածուի) միջև կապը, իսկ մեծամասնական ընտրական համակարգի պայմաններում գործ ունեինք անհատի գործոնի ընդգծման հետ: Ուստի, ելնելով նշված հանգամանքներից, նոր ընտրական օրենսգրքի մշակման հիմքում դրվեց ելակետային այն մոտեցումը, ըստ որի հնարավոր կլիներ ընդգծել համամասնական ընտրական համակարգի առավելությունները` ընտրողին հնարավորություն տալով հասկանալու, թե ում է տալիս իր քվեն, ով է պաշտպանելու իր շահերն օրենսդիր մարմնում: Հատկանշական է, որ օրենսգրքով ներդրված մոդելի պայմաններում տարածքային ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները ընդգրկված են նաև տվյալ քաղաքական ուժի համապետական ցուցակում, այսինքն, օրենսգրքով որդեգրվել է բաց և փակ ցուցակների համադրման գաղափարը, հետևաբար, անկախ այն հանգամանքից` կա տարածքային ընտրական ցուցակ, թե ոչ, տվյալ թեկնածուն ներկայացված է քաղաքական ուժի համապետական (համամասնական) ցուցակում: Վերոշարադրյալի համատեքստում` ամբողջությամբ սպառվում է նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ ներկայացված մտավախությունն այն մասին, որ «նման համամասնական ընտրական համակարգն էականորեն շեղված է մաքուր համամասնական համակարգից և հիմքում իրականում ընկած է թաքնված մեծամասնական համակարգը»:

Հարկ է նշել նաև, որ օրենսգրքում ներդրված մոդելը բաց և փակ ցուցակների համադրում է, որը կիրառվում է ավելի քան 15 երկրներում:

Ինչպես նշվում է «Ընտրական իրավունքը և ընտրական վարչարարությունը Եվրոպայում» զեկույցում (12 հունիսի 2016 թ.)՝ «ընտրական համակարգի ընտրությունը պետք է կատարվի ժողովրդավարության սկզբունքների հիման վրա, անկախ դրա՝ համամասնական, մեծամասնական կամ խառը լինելու հանգամանքից: Անհրաժեշտ է նշել, որ գոյություն չունի այնպիսի «լավագույն» ընտրական համակարգ, որը հնարավոր լինի ներդնել աշխարհի բոլոր պետություններում: Ընտրական համակարգի նպատակահարմարությունը որոշվում է՝ ելնելով այն հանգամանքից, թե որքանով է այն արդարացի՝ հաշվի առնելով տեղական պայմաններն ու խնդիրները:»:

Խնդրո առարկա հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշում է հայտնել նաև ՄԻԵԴ-ը` արձանագրելով, որ «այս ոլորտում կանոնները տարբեր են` ելնելով յուրաքանչյուր պետությանը ներհատուկ պատմական և քաղաքական գործոններից. Եվրոպայի խորհրդի անդամ բազմաթիվ պետությունների ընտրական օրենսդրություններում առկա տարբեր իրավիճակները ցույց են տալիս հնարավոր տարբերակների բազմազանությունը: 1-ին արձանագրության 3-րդ հոդվածի կիրառման նպատակներով ցանկացած ընտրական օրենսդրություն պետք է գնահատվի կոնկրետ պետության քաղաքական զարգացման լույսի ներքո, հետևաբար մի համակարգի համատեքստում անընդունելի առանձնահատկությունները կարող են արդարացված համարվել մեկ այլ համակարգի համատեքստում»: (Py v. France, no. 66289/01, § 46, ECHR 2005 I):

Այս կամ այն ընտրական համակարգի ընտրության հարցին իր ՍԴՈ-1356 որոշման մեջ, հղում կատարելով Վենետիկի հանձնաժողովի, ինչպես նաև քննարկման առարկա հարցի առնչությամբ ՄԻԵԴ-ի սկզբունքային մոտեցումներին, անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը նշել է. «միջազգային իրավական վերոհիշյալ պրակտիկայի ուսումնասիրությունից հետևում է, որ ընտրական գործընթացների (այդ թվում՝ հանրային իշխանության տեղական մարմինների ընտրությունների) վերաբերյալ կառուցակարգային բնույթի իրավակարգավորումներ նախատեսելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով ու չափորոշիչներով՝

- ընտրական այս կամ այն համակարգի ընտրությունը պետք է կատարվի ժողովրդավարական հիմնական սկզբունքների հիման վրա՝ սահմանադրորեն թույլատրելի հայեցողական ազատության շրջանակներում՝ միաժամանակ ելնելով այն իրողությունից, որ գոյություն չունի միջազգայնորեն ընդունելի կիրառման ենթակա միասնական մոդել (ընտրական համակարգ),

- ընտրական այս կամ այն համակարգն ընտրելիս անհրաժեշտաբար պետք է հաշվի առնվեն տեղական պայմաններն ու առանձնահատկությունները, քաղաքական մշակույթի զարգացման աստիճանը,

- ընտրական այս կամ այն համակարգի ընտրությունը պետք է երաշխավորի ազատ, արդար, ողջամիտ պարբերականությամբ և գաղտնի քվեարկությամբ անցկացվող ընտրություններ:»:

Ամփոփելով նշվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ օրենսգրքով ներդրված մոդելը համապատասխանում է միջազգային իրավական չափանիշներին` լավագույնս ապահովելով օրենսդիր մարմնում ընտրողի ներկայացվածության հնարավորությունը, և նկատի ունենալով, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը բացակայում է, առաջարկում է գործող օրենսգրքի քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ: