«ԹՎԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ  ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ   ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Պ-253-5.02.2018-ՖՎ-011/0 ԵՎ Պ-2531-5.02.2018-ՖՎ-011/0) ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  

  1. «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հաշվի առնելով այն, որ օրենքի նախագիծը թվային տեխնոլոգիաների կոնտեքստում անդրադառնում է միայն մայնինգի և կրիպտոարժույթների թողարկման և վաճառքի գործընթացներին, հարկ ենք համարում նշել, որ միջազգային դիրքորոշումն այս ոլորտի վերաբերյալ հստակ է. առաջատար երկրների մեծամասնությունը հորդորում է զերծ մնալ կրիպտոարժույթներով գործարքների իրականացումից: Միևնույն ժամանակ, համաշխարհային փորձը ցույց է տվել, որ այս ոլորտի արդյունավետ կարգավորումը գործնականում անհնար է` հաշվի առնելով կիրառվող տեխնոլոգիական առանձնահատկությունները. դեռևս ոչ մի երկիր կամ միջազգային կառույց չի մշակել կրիպտոարժույթների նկատմամբ կարգավորման և վերահսկողության իրականացման հստակ ու ամբողջական մոտեցումներ, որոնք թույլ կտային արդյունավետ կերպով զսպել և կառավարել դրանց բնորոշ ռիսկերը: Դրա մասին են վկայում զարգացած երկրների կողմից կարգավորման ձախողված փորձերը, ինչպես նաև առաջատար կառույցների և հեղինակավոր անձանց կրիպտոարժույթներով գործարքներից զերծ մնալու վերաբերյալ հայտարարությունները (կցվում է):

Ներկայացված օրենքի նախագծի բովանդակությունն ամբողջությամբ չի ապահովում օրինագծի հիմնավորմամբ նկարագրված նպատակի իրականացումը. հիմնավորման մեջ  նկարագրված կրիպտոարժույթի թողարկման և վաճառքի գործընթացները մայնինգի տրամաբանական շարունակությունն են և պետք է դիտարկվեն մայնինգի կարգավորման նպատակահարմարության հետ համատեղ: Նման կերպով կարգավորելով տվյալ ոլորտը՝ ազդակ է հաղորդվում հասարակությանը, որ Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է նոր կամ գործող կրիպտոարժույթների թողարկման և վաճառքի գործընթացների կարգավորում, ինչը նպատակահարմար չենք համարում՝ ելնելով ոլորտին բնորոշ մի շարք ռիսկերի առկայությունից՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորում, զեղծարարությունների մեծ ծավալ, հակերային հարձակումներ, սպառողների շահերի ոտնահարում, կրիպտոարժույթների գնի բարձր տատանողականություն և այլն:

ՓԼ/ԱՖ ռիսկերի տեսանկյունից հարկ է նշել, որ օրենքի նախագծի հեղինակներն օրենքների նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նույնացնում են կրիպտոարժույթներով իրականացվող ահաբեկչության ֆինանսավորումը, զենքի անօրինական առուվաճառքը, մարդկանց առևտուրը և այդ նույն հանցագործությունների իրականացումը ցանկացած այլ արժույթի միջոցով: Նման համեմատությունը չի կարող հիմնավոր համարվել, քանի որ նշված հանցագործություններին հատուկ է անդրազգային բնույթը, ինչը նշանակում է, որ դրանք ֆինանսավորելու համար հիմնականում հարկավոր է դրամական միջոցներն անկանխիկ եղանակով փոխանցել մեկ վայրից մյուսը՝ օգտագործելով ֆինանսական համակարգի ենթակառուցվածքները: Ֆինանսական համակարգի միջոցով դրամական փոխանցումներ ուղարկելու և ստանալու դեպքերի համար փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է կանխարգելիչ միջոցառումների իրականացման մի շարք պահանջներ, ինչպիսիք են՝ հրապարակված ցանկերում առկա ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը, փոխանցում կատարող կողմերի տվյալների գրանցումը և պահպանումը և այլն, որոնք համահունչ են համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված ոլորտային չափանիշներին:

Կրիպտոարժույթների շրջանառության պարագայում նշված կանխարգելիչ միջոցառումների կիրառումը հնարավոր չէ իրականացնել՝ հաշվի առնելով դրանց օգտագործմամբ իրականացվող գործարքների անանունությունը, արագությունը և միջնորդների բացակայությունը (այս հայտանիշերն էլ հենց գրավչություն են հաղորդում կրիպտոարժույթներով կատարվող գործարքներին):

Այս ամենի արդյունքում հնարավոր է բախվենք ոչ միայն ֆինանսական համակարգը ռիսկային դաշտ տեղափոխելու և ֆինանսական կայունությունը խարխլելու, այլև երկրի մակարդակով համակարգային ռիսկերի՝ ներառյալ հեղինակության ռիսկի առաջացման վտանգին:

Հարկ ենք համարում նշել նաև, որ, ելնելով ոլորտի արդիականությունից, Հայաստանի Հանրապետությունում կրիպտոարժույթների վաճառքի և մայնինգի իրականացման շուրջ բազմիցս կազմակերպվել են հանդիպումներ և քննարկումներ շահագրգիռ գերատեսչությունների հետ, այդ թվում՝ պետական բարձր մակարդակով, որոնց արդյունքում որդեգրվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը նման ռիսկերից զերծ պահելու քաղաքականություն:

Այդուհանդերձ օրենքի նախագծի տեքստի վերաբերյալ հայտնում ենք, որ՝

1) օրենքի նախագծի վերնագիրը վերանայման կարիք ունի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ թվային տեխնոլոգիաները լայն հասկացություն է (օրենքի նախագիծը կանոնակարգում է կրիպտոարժույթի մայնինգի հետ կապված հարաբերությունները), ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
40-րդ հոդվածի պահանջները.

2) օրենքի նախագծի շրջանակներում անդրադարձ է կատարվել բացառապես օրենքի կարգավորման առարկային, ոլորտը կարգավորող օրենսդրությանը, սահմանվել են որոշ հասկացություններ, մայնինգով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը, որոշակի հարկային արտոնություններ: Նախագծային դրույթների վերլուծությունը թույլ է տալիս փաստել, որ այն, ըստ էության, չի պարունակում կարգավորիչ իրավանորմեր, որոնք անհրաժեշտ են և բավարար՝ ոլորտի հստակ կանոնակարգման համար: Մինչդեռ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն իրավական կարգավորմանն ուղղված իրավական ակտը պետք է հնարավորինս համապարփակ կերպով կարգավորի այդ բնագավառի իրավահարաբերությունները` սահմանելով իրավական որոշակիության սկզբունքից բխող հստակ կանոններ.

3) օրենքի նախագծի 2-րդ հոդվածի համաձայն մայնինգի վերաբերյալ օրենսդրությունը բաղկացած է լիազոր մարմնի կողմից ընդունված և այլ նորմատիվ իրավական ակտերից: Նշված հոդվածի «և այլ նորմատիվ իրավական ակտերից» ձևակերպումը հնարավորություն չի տալիս գնահատելու, թե իրավաստեղծ գործունեությամբ զբաղվելու իրավասություն ունեցող որ սուբյեկտի և ինչպիսի շրջանակներում ընդունված նորմատիվ իրավական ակտերի մասին է խոսքը.

4) օրենքի նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրը` «Մայնինգի վերաբերյալ օրենսդրության սկզբունքները», չի համապատասխանում հոդվածի բովանդակությանը, որի շրջանակներում կարգավորվում են մայնինգով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը և պարունակում են հարկային արտոնությունների վերաբերյալ դրույթներ: Այս առումով, հարկ է նկատի ունենալ, որ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի՝

ա. 3-րդ մասում նախատեսված հարկային արտոնությունն օրենսդրության սկզբունք չէ,

բ. 4-րդ մասով առաջարկվող արտոնությունների կարգավորումը, համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի, սահմանվում է բացառապես օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ.

5) օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ ներկայացված են կրիպտոարժույթի վերաբերյալ տեսական դատողություններ, մինչդեռ օրենքի հիմնավորմանն առավել խիստ պահանջներ են ներկայացվում` հաշվի առնելով դրանով կարգավորվող հասարակական հարաբերությունների բնույթը և այդ ակտի տեղն իրավական ակտերի համակարգում: Այս առումով, հարկ է նշել, որ օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված չեն օրենքի նախագծի կարգավորման առարկայի վերաբերյալ միջազգային փորձը և դրա ընտրության հիմնավորումը, կարգավորման հնարավոր այլընտրանքային մոտեցումները և առկա այլընտրանքներից օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումն ընտրելու հիմնավորումը, օրենքի նախագծով առաջարկվող իրավական կարգավորումների բովանդակությունը, այն խնդիրները, որոնց լուծմանն ուղղված է օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը: 

  1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` օրենք) կոչված է կարգավորելու իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման հետ կապված հարաբերությունները: Մինչդեռ, ներկայացված օրենքի նախագծով առանձնացվել է կոնկրետ ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց` վերջիններիս վերաբերալ նախատեսելով առանձին կարգավորումներ: Այս առումով, հարկ է նշել, որ թե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, թե՛ օրենքի կարգավորումների վերլուծությունից պարզ է դառնում, որ իրավաբանական անձն ստեղծված է համարվում պետական գրանցման պահից, այլ կերպ ասած` անկախ նրանից թե գործունեության ինչ տեսակով է զբաղվում իրավաբանական անձը (այդ թվում` մայնինգ)  վերջինս արդեն իսկ իրավաբանական անձի կարգավիճակ ունի գործակալությունում կատարված համապատասխան գրանցման ուժով: Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց հաշվառմանը, ապա հարկ է նշել, որ օրենքի համաձայն հաշվառման ենթակա են բացառապես անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ ունեցող ֆիզիկական անձինք: Հաշվի առնելով շարադրվածը` գտնում ենք, որ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումները չեն բխում օրենքի ընդհանուր տրամաբանությունից և կարգավորման առարկայից:

Ամփոփելով շարադրվածը` գտնում ենք, որ օրենքների նախագծերի փաթեթը հակասում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը նման ռիսկերից զերծ պահելու քաղաքականությանը, չի բավարարում նորմատիվ իրավական ակտին «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներկայացվող պահանջները և ընդունելի չէ: