«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՐԿԱՅԻՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-257-07.02.2018-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ ստորև ներկայացված հիմնավորմամբ.

1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ընդունման հիմնական նպատակադրումներից մեկը եղել է գործարար միջավայրի բարելավումն ու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացումը՝ նպատակ ունենալով ապահովել երկարաժամկետ և կայուն տնտեսական աճ: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով իրականացվել են այնպիսի համարձակ բարեփոխումներ, ինչպիսիք են երկրի ներքին տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին կիսամյակային պարբերականությամբ ԱԱՀ-ի դեբետային մնացորդների վերադարձման համակարգի ներդրումը, շահութահարկի կանխավճարների հաշվարկման այլընտրանքային համակարգի ներդրումը, Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակներում արագացված ամորտիզացիայի կիրառության համակարգի ներդրումը, հարկային օրենսդրության պահանջները խախտելու համար սահմանված տույժերի ու տուգանքների կտրուկ նվազեցումը, հարկային վարչարարության ազատականացումները և այլն:

Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ընդունումը նշյալ բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունն ու հնարավորությունները տարիներ շարունակ քննարկվել են, սակայն կոնկրետ քայլեր չեն իրականացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ բարեփոխումները պետական բյուջեի հարկային եկամուտների ապահովման տեսանկյունից համարվել են խիստ ծախսատար, այսինքն՝ բարեփոխումներ, որոնց իրականացման արդյունքում պետական բյուջեն անխուսափելիորեն ունենալու է հարկային եկամուտների մեծ կորուստ: Այս առումով, խուսափելու համար պետական բյուջեի ընթացիկ իրացվելիության հետ կապված հնարավոր խնդիրներից ու հասարակության սոցիալ-տնտեսական իրավիճակի ու տնտեսության վրա այդ խնդիրների հնարավոր բացասական ազդեցությունից, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով իրականացված բարեփոխումներին զուգահեռ, խնդրո առարկա ապրանքների մասով ակցիզային հարկի գծով բեռը որոշակիորեն բարձրացվել է՝ նպատակ ունենալով փոխհատուցել հարկային համակարգի բարեփոխումների իրականացման հետևանքով պակաս հավաքագրվող հարկային եկամուտների մեծությունը:

Ընդ որում, հարկային եկամուտների կորուստն ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման հաշվին փոխհատուցելու որոշումը հնարավորություն է ընձեռել պահպանել հասարակության սոցիալապես խոցելի խմբերի համար կենսական նշանակություն ունեցող այնպիսի ծառայությունների գծով ԱԱՀ-ից ազատման արտոնությունները, ինչպիսիք են, օրինակ, առողջապահական կամ կրթական ծառայությունները: Հակառակ դեպքում, պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով կարիք էր առաջանալու վերացնել նշյալ արտոնությունները:

Իսկ եթե նախագծի նպատակը միայն գյուղատնտեսական նպատակով օգտագործվող դիզելային վառելիքի ներմուծումն ու օտարումն ԱԱՀ-ից ազատելն է, ապա այդ դեպքում կառաջանան կոռուպցիոն ռիսկեր` պայմանավորված այն հանգամանքով, թե ինչպես պետք է տարանջատվի դիզելային վառելիքն օգտագործվում է գյուղատնտեսական, թե այլ նպատակներով:

Միաժամանակ, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում բենզինի և սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափերն ավելի ցածր են Վրաստանում, Բելառուսում, Ուկրաինայում կիրառվող համապատասխան դրույքաչափերի համեմատությամբ: Մասնավորապես, Ուկրաինայում բենզինի 1 տոննայի համար ակցիզային հարկի դրույքաչափը կազմում է 125 644 դրամ, Վրաստանում` 95 000 դրամ, Բելառուսում` 84 465 դրամ, իսկ Վրաստանում 1000 մ3 սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափը կազմում է 38000 դրամ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ գտնում ենք, որ բենզինի և սեղմված բնական գազի մասով ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը և դիզելային վառելիքի ներմուծման ու իրացման մասով ԱԱՀ-ից ազատման արտոնության վերացումը հավասարակշռված հարկային քաղաքականության իրականացման տեսանկյունից հիմնավորված է, հետևաբար նախագծով առաջարկվող դրույքաչափերի նվազեցումներն ընդունելի չեն:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ դիզելային վառելիքի մասով ակցիզային հարկի դրույքաչափն իջեցվել է և նախկինում սահմանված՝ յուրաքանչյուր տոննայի հաշվով 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 35 հազ. դրամ դրույքաչափի փոխարեն սահմանվել է յուրաքանչյուր տոննայի հաշվով 13 հազ. դրամ:

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` եկամտային հարկի 150 հազարից մինչև 2 մլն դրամը ներառյալ հարկման բազայի միջակայքում ավելացնել նոր միջակայքեր` 150 հազարից մինչև 300 հազ. դրամը ներառյալ և 300 հազարից մինչև 2 մլն դրամը ներառյալ միջակայքերը` այդ միջակայքերի համար համապատասխանաբար սահմանելով եկամտային հարկի 26 տոկոս և 28 տոկոս դրույքաչափեր:

2. Եկամտային հարկի` մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի դրույքաչափերի կիրառության արդյունքում ձևավորվող հարկային բեռի մեծությունների համեմատությունը պետք է կատարել ոչ թե եկամտային տարբեր միջակայքերի համար նախատեսված դրույքաչափերի պարզ համեմատությամբ, այլ հարկ վճարողների եկամուտների հարկումից հետո տնօրինվող եկամուտների համեմատությամբ: Մասնավորապես, հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում արտացոլված փաստացի տվյալների հիման վրա կատարված վերլուծությունների և հաշվարկների արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ եկամտային հարկի դրույքաչափերի կիրառության արդյունքում՝

1) ամսական մինչև 279 հազ. դրամ եկամուտ ունեցող վարձու աշխատողների համար, որոնք կազմում են բոլոր վարձու աշխատողների շուրջ 90 տոկոսը (շուրջ 553 հազար վարձու աշխատողներ), եկամտային հարկի գծով հարկային բեռն իջնում է.

2) ամսական 279 հազ. դրամից բարձր եկամուտ ունեցող վարձու աշխատողների համար, որոնք կազմում են բոլոր վարձու աշխատողների ընդամենը 10 տոկոսը (շուրջ 62 հազար վարձու աշխատողներ), եկամտային հարկի գծով հարկային բեռը բարձրանում է:

Հարկ է նկատել, որ մինչև 279 հազ. դրամ եկամուտ ստացողների համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով ամրագրված դրույքաչափերով` վճարման ենթակա եկամտային հարկի գումարը նվազում է, իսկ 300 հազ. դրամ եկամուտ ստացողների համար այդ ավելացումը կազմում է ընդամենը 420 դրամ: Ի դեպ՝ 279 հազ. դրամից մինչև 300 հազ. դրամ եկամուտ ստացող վարձու աշխատողների թիվը շուրջ 2 հազար է:      

Միաժամանակ, հարկ է նշել նաև, որ եկամտային հարկի նոր դրույքաչափերի կիրառությունը ոչ միայն չի ավելացնում պետական բյուջեի հարկային եկամուտները, այլ հանգեցնելու է տարեկան շուրջ 3.8 մլրդ դրամի հարկային եկամուտների կորստի: Այսինքն, եկամտային հարկի` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերի կիրառմամբ կառավարությունը ոչ թե լուծել է լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովելու, այլ տնտեսագիտորեն առավել հիմնավորված և եկամուտների վերաբաշխման տեսանկյունից առավել արդարացի հարկման դրույքաչափեր կիրառելու խնդիր, քանի որ եկամտային հարկի՝ 2018 թվականի հունվարի 1-ից գործող դրույքաչափերի կիրառությունը ֆիզիկական անձանց հարկման համակարգը դարձրել է իրապես պրոգրեսիվ՝ դրանով իսկ պետությանը հնարավորություն ընձեռելով իրականացնել եկամուտների վերաբաշխման գործառույթը:

Տեղին է նշել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի առաջին երկու մակարդակների դրույքաչափերի միջև տարբերությունն աննշան է՝  ի տարբերություն երկրորդ և երրորդ մակարդակների դրույքաչափերի միջև առկա մեծ տարբերության: Այս առումով, եկամտային հարկի նման դրույքաչափերի սահմանումը միտված է հարկման արդարացիության սկզբունքի, ինչպես նաև պետության վերաբաշխողական գործառույթի կատարելագործմանը, քանի որ դրանց կիրառությունը ենթադրում է, որ մինչև միջին աշխատավարձի մակարդակում գտնվող եկամուտների համար հարկային բեռն իջեցվել է, իսկ դրանից բարձր եկամուտների համար` բարձրացվել:

Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները՝ նախագծի՝

1) 1-ին հոդվածում «կետի» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասի» բառով, «ենթակետի» բառը` «կետի» բառով, «օտարում» բառը` «օտարումը» բառով, «ավելացնել» բառը՝ «լրացնել» բառով, իսկ «օտարումը» բառից հետո լրացնել «բառերը» բառով.

2) 2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերում «կետի» և «կետը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «մասի» և «մասը» բառերով:

 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է`

1. ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` եկամտային հարկի 150 հազարից մինչև 2 մլն դրամը ներառյալ հարկման բազայի միջակայքում ավելացնել նոր միջակայքեր` 150 հազարից մինչև 300 հազար դրամը ներառյալ և 300 հազարից մինչև 2 մլն դրամը ներառյալ միջակայքերը` այդ միջակայքերի համար համապատասխանաբար սահմանելով եկամտային հարկի 26 տոկոս և 28 տոկոս դրույքաչափերը` ներկայումս եկամտային հարկի 150 հազարից մինչև 2 մլն դրամը ներառյալ հարկման բազայի միջակայքի համար սահմանված 28 տոկոսի փոխարեն,

2. սահմանել, որ դիզելային վառելիքի ներմուծումն ու օտարումն ազատված է ԱԱՀ-ից,

3. վերականգնել բենզինի և սեղմված բնական գազի` մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունումը կհանգեցնի        ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման, իսկ ՀՀ պետական բյուջեի և ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի ավելացման, ինչպես նաև ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների նվազեցման չի հանգեցնի: