1)Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «խրախուսական գործընթաց» բառերը փոխարինել «մարդասիրական ակտ» բառերով,  իսկ կետը «կամ պատժաչափով» բառերից հետո լրացնել «, կամ կարող է վերացվել դատվածությունը» բառերը:

2)Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

Սպանության և խոշտանգման համար դատապարտվածների ներման խնդրագրերը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում Արդարադատության նախարարությունը ներման խնդրագիրը պատշաճ ձևով ուղարկում է տուժողին կամ տուժողի իրավահաջորդին` ներման վերաբերյալ նրանց դիրքորուշումն ստանալու նպատակով: Ներման խնդրագրի ստացման օրվանից երկշաբաթյա ժամկետում դիրքորոշումը ստացվելու դեպքում, այն ներառվում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կազմված անձնական գործում:

3)Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասում «ներման խնդրագիրը,» բառերից հետո լրացնել «ներման խնդրագրի վերաբերյալ տուժողի կամ տուժողի իրավահաջորդի դիրքորոշումը, իսկ դրա բացակայության դեպքում` տեղեկանք» բառերը:

4)Նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ հոդվածով.

«Հոդված 7 Ներում շնորհելու պայմանները

  1. Ներում կարող է շնորհվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է`

1) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ քառորդը.

2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը.

3)առանձնապես ծանր հանցագործության, բացառությամբ սույն մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործությունների համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը.

4) Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի կամ շահագործման, բռնաբարության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, ահաբեկչության, պատանդ վերցնելու, օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելու կամ զավթելու, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր հափշտակելու կամ շորթելու, ագրեսիվ պատերազմի, պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու, ահաբեկչական գործողությունն օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի դեմ, միջազգային ահաբեկչության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների զինված ընդհարումների ժամանակ, անգործությունը կամ հանցավոր հրաման արձակելը զինված ընդհարման ժամանակ, ինչպես նաև բանդիտիզմի, պետական դավաճանության, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության, մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների, էկոցիդի, ցեղասպանության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երկու երրորդը.

5) ցմահ ազատազրկման դեպքում՝ ազատազրկման ոչ պակաս, քան տասնհինգ տարին:

2.Ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի փաստացի կրած ժամկետը չի կարող երեք ամսից պակաս լինել:

3.Բացառիկ դեպքերում Նախագահը  կարող է ներում շնորհել առանց սույն հոդածի 1-ին մասի սահմանափակումների:»:

5) Նախագծի 7-րդ հոդվածում ավելացնել նոր առաջին մաս հետևյալ բովանդակությամբ`

«1.Ներումը շնորհում է Հայաստնի Հանրապետության  նախագահը` Հայաստանի Հանրապետության անունից:»:

Նախագծի 7-րդ հոդվածի մյուս կետերի համարակալումը համապատասխանաբար փոխել:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ներումը դա հումանիստական` մարդասիրական ակտ է և ոչ խրախուսական: Խրախուսական գործընթացը դա վաղաժամկետ ազատումն է, որը պետք է լինի նաև կանխատեսելի, իսկ ներման դեպքում հայեցողությունը շատ մեծ է:  Եթե մենք դիտարկում ենք պատասխանատվությունից և պատժից ազատելու այս երկու ինստիտուտները, ապա տեսնում ենք, որ դրանք էապես տարբերվում են միմյանցից, պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում դա խրախուսական գործընթաց է և պետք է լինի կանխատեսելի, սպասելի, իսկ ներման դեպքում դա հայեցողական է` մարդասիրական ակտ:

Ուստի գտնում ենք, որ «խրախուսական գործընթաց» բառերը պետք է փոխարինել «մարդասիրական ակտ» բառերով:

Մյուս առաջարկվող փոփոխությունը «, կամ կարող է վերացվել դատվածությունը» լրացումն է: Քանի որ ներումը դա մարդասիրական ակտ է, ապա տրամաբանական է, որ այն պետք է տարածվի նաև դատվածությունը հանելու վրա: Դատվածությունը մարդուն վատ իրավական դրության մեջ դնող երևույթ է հետևաբար մարդը  իրավունք ունի խնդրելու ներել` վերացնել իր դատվածությունը, որպեսզի հետագայում կարողանա որոշակի պաշտոններ զբաղեցնել և այլն:  Ինչպես ներման ցանկացած խնդրանք, այնպես էլ դատվածությունը ներելու խնդրանքը ինքնին պարտավորեցնող չի և հայեցողաբար կարող է մերժվել:

Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում ավելացվող նոր պարբերության վերաբերյալ.

Խոշտանգումների բացարձակ արգելքի սկզբունքը միջազգայնորեն ընդունված է, որը դրսևորվում է նաև հետևյալ ձևով` պատշաճ պատիժ նշանակված  և ստացող անձը եթե ներվում է, ապա դա վերականգնում է խոշտանգման զոհի կարգավիճակը և եթե մենք այս առաջարկով մասնակից ենք դարձնում խոշտանգման զոհին այս վարույթին և ինքը ներում է, ապա այլևս չի ստանում զոհի կարգավիճակ:

Մենք ունենք Սահմանադրական դատարանի որոշումներ (26.12.2000թ. ՍԴՈ-271, 22.02.2002թ. ՍԴՈ-350), որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (այսուհետ կոնվենցիա) կլանված է Սահմանադրությամբ և եթե որևէ բան հակասում է Կոնվենցիային չի կարող չհակասել Սահմանադրությանը:

Գտնում ենք, որ տուժողը` զոհը պետք է ներգրավված լինի այս ընթացակարգի մեջ, եթե նա դժգոհ է, ապա կվերականգնվի զոհի կարգավիճակը և նրա Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը կխախտվի և անձն այդ պահից սկսած կարող է գանգատ ներկայացնել Եվրոպական դատարան, որպեսզի ճանաչվի նրա իրավունքի խախտումը: