1) Առաջարկում ենք նախագծում «Օրենսդրական տեխնիկայի կանոններ» գլխում սաhմանել, որ «և» շաղկապը պետք է գրվի մեկ տառով:

2)Նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ մասում ավելացնել նոր 3-րդ կետ հետևյալ բովանդակությամբ`

«3) մասնավորապես բառով:»

3) Նախագծի 21-րդ հոդվածում ավելացնել նոր 8-րդ մաս հետևյալ բովանդակությամբ`

Նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է կամ անընդունելի, կամ որոնց չկատարման համար իրավական հետևանքներ նախատեսված չեն:

4)Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասի «(այսուհետ` միասնական կայք)» բառերից հետո լրացնել «և «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»» բառերը, իսկ 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերի «միասնական կայքում» բառերից հետո լրացնել «և «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»» բառերը:

5) Առաջարկում ենք սահմանել, որ Սահմանադրական դատարանի որոշումները և Միջազգային պայմանագրերը նորմատիվ իրավական ակտեր են, որ օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը օրենքներին, Սահմանադրական դատարանի որոշումներին և նորմատիվ իրավական ակտերի վիճարկման գործերով դատական ակտերին: Առաջարկում ենք նաև, որ Սահմանադրական դատարանի որոշումները և այն դատական ակտերը, որոնցով անվավեր են ճանաչվել նորմատիվ իրավական ակտի դրույթներ հրապարակվեն նույն կարգով ինչ կարգով որ հրապարակվում են նորմատիվ իրավական ակտերը:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Առաջին առաջարկը, որը վերաբերում է «և» շաղկապին.

Քանի որ մենք անցնում ենք ամբողջությամբ էլկտրոնային տարբերակի, որպեսզի փնտրողական-տեղեկատվական համակարգում լինի միասնական տիրույթ և որ կարողանանք բոլոր իրավական ակտերում միաժամանակ փնտրում կատարել գտնում ենք , որ այս փոփոխությունն անհրաժեշտություն է: Այս առաջարկը միտված է առավել հեշտացնել փնտրման հնարավորությունը:

«Մասնավորապես» բառի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն ունի մեկնաբանություն Ասլան Ավետիսյանի գործով (Ասլան Ավետիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշում), որը ևս անհրաժեշտ ենք համարում մտցնել օրենսդրական տեխնիկայի կանոնների մեջ և Նախագծում սահմանել օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից ինչ նշանակություն ունի «մասնավորապես» բառը:

Նորմատիվ իրավական ակտերի հրապարակման հետ կապված` եթե մենք անցնում ենք բացառապես էլեկտրոնային կրիչների, այսինքն չի լինելու թղթային կրիչ պետք է հաշվի առնենք, որ կարող է օգտագործվել էլեկտրոմագնիսական ռումբ և ողջ Հանրապետությունը զրկվի իրավական ակտերից: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ ենք համարում նորմատիվ իրավական ակտերի որոշակի քանակ թղթային կրիչով պահպանելը:

Վերջին առաջարկը բխում է Սահմանադրական դատարանի որոշումից (ՍԴՈ-943 25.02.2011թ.), համաձայն որի`

«Սահմանադրական դատարանի որոշումն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իր լիազորությունների շրջանակներում ընդունված պաշտոնական գրավոր փաստաթուղթ, որով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություն, սահմանափակումներ, իրավաբանական տեսակետից անվիճարկելի (վերանայման ոչ ենթակա), առանց նախապայմանների, անվերապահ և անհապաղ (եթե այլ ժամկետ չի սահմանվել) կատարման ենթակա նորմատիվ կանոններ, այսինքն՝ վարքագծի կանոններ: Դրանով է պայմանավորված սահմանադրական դատարանի որոշումների նորմատիվ բնույթը (ընդգծումները մերն են), ինչպես նաև այդ ակտերին անմիջականորեն հաջորդող իրավական առանձնահատուկ հետևանքները՝ կապված հակասահմանադրական ճանաչված իրավանորմի իրավաբանական ուժը կորցնելու, սահմանադրական նորմերի մեկնաբանման (իրավական դիրքորոշումների) շրջանակներում իրավանորմը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու, ինչպես նաև սահմանադրաիրավական նշանակություն ունեցող խնդիրներին լուծում ու փաստերին գնահատական տալու հետ (ՀՀ Սահմ. 100-րդ հոդվածի 3-9-րդ կետեր):

Սահմանադրական դատարանի որոշումների իրավաբանական բնույթը` ՀՀ իրավահամակարգում այդ ակտերի տեղի և դերի իմաստավորման տեսանկյունից, կայանում է հետևյալում.

- ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները ՀՀ իրավական ակտերի ստորադասության համակարգում դասված են Սահմանադրությունից և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքից հետո, այդպիսով որոշվում է նաև այդ ակտերի իրավաբանական ուժը: Օրենքները, ինչպես նաև ՀՀ օրենսդրության այլ ակտերը չպետք է հակասեն սահմանադրական դատարանի որոշումներին («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9, 12, 13, 13.1, 14, 15, 16, 17, 18, 19 և 20-րդ հոդվածներ), հետևաբար` սահմանադրական դատարանի որոշումներն իրավական ցանկացած այլ ակտի նկատմամբ ունեն իրավաբանական առավել բարձր ուժ,

- այդ որոշումները որպես դատարանի վերջնական ակտեր ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից, որոնց կատարումը (որպես իրավական ակտ) երաշխավորված է օրենքով և ապահովված է պետական հարկադրանքի ուժով («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդված),

- սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են ՀՀ բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդված): …..»

Ուստի Նախագծում պետք է հստակ սահմանվի, որ Սահմանադրական դատարանի որոշումը նորմատիվ իրավական ակտ է, որ օրենքները, ինչպես նաև ՀՀ օրենսդրության այլ ակտերը չպետք է հակասեն Սահմանադրական դատարանի որոշումներին և  եթե Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել որևէ նորմատիվ իրավական ակտի դրույթ, ապա դա պետք է հրապարակվի այն նույն կարգով ինչ կարգով հրապարակվել է անվավեր ճանաչված իրավական ակտը: