1)Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստման արդյունքում:

2)Նախագծի 21-րդ հոդվածի 8-րդ մասում «օրենքի» բառը փոխարինել «հոդվածի» բառով:

3)Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

Համապատասխան մարմնի վերակազմակերպումը և/կամ կառուցվածքային փոփոխությունը քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու (լիազորությունները դադարեցնելու) հիմք չէ` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ և/կամ կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների կրճատմամբ :

3) Նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

Վերակազմակերպմամբ և/կամ կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին:

5) Առաջարկում ենք Նախագծում հստակ ամրագրել միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացու իրավունքը զբաղեցնելու քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է անում Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասին որտեղ գրված է, որ  քաղաքացիական ծառայողի պաշտոնից ազատման հիմք կարող է հանդիսանալ կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված պաշտոնների անձնագրերում այնպիսի նոր պահանջների սահմանումը, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստման արդյունքում: Սա նշանակում է, որ տեսականորեն հնարավոր է յուրքանչյուր քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագրում այնպիսի նոր պահանջներ սահմանել, որոնց բավարարումը հնարավոր չի լինի ապահովել վերապատրաստման արդյունքում և քաղաքացիական ծառայողը կազատվի զբաղեցրած պաշտոնից:  Քաղաքացիական ծառայության մասին գործող օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված է.

<<3. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստման արդյունքում>>:

Այսինքն ակնհայտ է Նախագծով նախատեսվող քաղաքացիական ծառայողի իրավական վիճակի վատթարացումը դեռևս գործող իրավակարգավորման նկատմամբ: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք պահպանել գործող օրենքի իրավակարգավորումները:

Նախագծի 21-րդ հոդվածի 8-րդ մասում տեխնիկական  վրիպակ կա, ուստի նախադասության վերջում <<օրենքի>> բառը անհրաժեշտ է փոխարինել <<հոդվածի>> բառով:

Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ.

Օրենքի նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ հնարավորություն է տրվում քաղաքացիական ծառայողին ազատել պաշտոնից, եթե տեղի է ունեցել միայն համապատասխասխան մարմնի վերակազմակերպում, առանց հաստիքների կրճատման, այլ առանձին պաշտոնների կրճատմամբ: Քաղաքացիական ծառայության մասին գործող օրենքի հոդված 29-ի 1-ին մասում ամրագրված է. <<1. Համապատասխան մարմնի վերակազմակերպումը և կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ և կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաստիքների կրճատմամբ>>: Ակնհայտ է, որ նախագծով առաջարկվող տարբերակը քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը վատթարացնող կարգավորում է: Այսինքն նոր կարգավորմամբ առաջարկվում է օրենսդրական հնարավորություն ստեղծել քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու համար նաև այն դեպքում, երբ համապատասխան մարմնի վերակազմակերպումը չի ուղեկցվում հաստիքների կրճատմամբ, այլ անհրաժեշտ է կրճատել կոնկրետ մի պաշտոն, այսինքն տեսականորեն առանց արգելքի հնարավոր է կրճատել ցանկացած պաշտոն և այդ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Հարց է առաջանում, եթե հաստիքներ չեն կրճատվում, ապա ինչու պետք է քաղաքացիական ծառայողը ազատվի պաշտոնից, և ինչ հիմնավորմամբ:

Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ.

Հասկանալի չէ, թե ինչու են վերանայվել վերակազմակերպմամբ և/կամ կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և/կամ քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության չափորոշիչները, հաշվի առնված չէ դասային աստիճանները և այլն:  Առաջարկում ենք <<Քաղաքացիական ծառայության մասին>> գործող օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասում շարադրված  չափորոշիչները թողնել անփոփոխ:

Վերջին առաջարկը վերաբերվում է նախագծի 7-րդ հոդվածին մասնավորապես` Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնելու համար քաղաքացին պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն, այսինքն, սահմանված է միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացու իրավունքը զբաղեցնելու քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններ: Նախագծի 11-րդ հոդվածի 7-րդ կետում տվյալ պաշտոնները զբաղեցնելու համար խոսվում է մասնագիտական բարձրագույն կրթության պահանջի հնարավորության մասին: Նախագծի 7-րդ հոդվածի առաջին մասի և 11-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթները ակնհայտ իրարամերժ են: Առաջարկում եմ հստակ ամրագրել միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացու իրավունքը` զբաղեցնելու քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններ: