ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սաղաթելյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-266-13.02.2018,05.04.2018-ԱՍ-011/1) վերաբերյալ կառավարության առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով լրացվող «զ» ենթակետն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. բժշկական օգնության և սպասարկման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը բժշկական հաստատության կարիքների համար, եթե իրականացնում են ցածր պահանջարկ ունեցող, սակայն կենսականորեն անհրաժեշտ դեղերի (բացառությամբ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի) ներմուծում` առանց վաճառքի իրավունքի:»:

Առաջարկը հիմնավորվում է հետևյալով. «Դեղերի մասին» օրենքը հստակ կարգավորելով Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության հետ կապված հարաբերությունները` տարանջատել է դեղերի մեծածախ և մանրածախ իրացման ինստիտուտները` սահմանելով վերջիններիս առանձնահատկությունները: Դեղերի մեծածախ իրացմամբ զբաղվող տնտեսվարողների համար օրենքը սահմանել է միասնական մոտեցումներ ու կարգ` հնարավորություն ընձեռելով բոլորին հավասար պայմաններում իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

Առանց ներմուծման նպատակը հստակ նշելու, բժշկական օգնության և սպասարկման գործունեության լիցենզիա ունեցող անձանց, առանց մեծածախ իրացման լիցենզիայի առկայության դեղեր ներմուծելու իրավունք վերապահելու դեպքում կարող են ստեղծվել անհավասար պայմաներ:

Նախագծով նախատեսված լրացումը խմբագրվել է՝ նկատի ունենալով, որ դրա անհրաժեշտությունը ծագել է հիմնականում ցածր պահանջարկ ունեցող, սակայն կենսականորեն անհրաժեշտ դեղերի ներմուծման համար, որոնք Հայաստանի Հանրապետությունում առկա չեն և ցածր պահանջարկի ու ցածր շահութաբերության պատճառով չեն ներմուծվում Հայաստանի Հանրապետություն:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) 7-րդ մասի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած քանակներով» բառերը փոխարինել «մինչև 10 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով» բառերով:»:

Առաջարկը հիմնավորվում է հետևյալով. «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի նորմի ուսումնասիրությունից հետևում է, որ անձնական օգտագործման դեղերի համար ներմուծման կամ արտահանման հավաստագրի պահանջ չի նախատեսվում:

Նախագծով նախատեսված կետը խմբագրվել է՝ նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի քննարկումների ժամանակ պատգամավորներն առաջարկեցին օրենքով սահմանել օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման դեղերի թույլատրելի քանակը:

Հարգանքով՝

                                                                               ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ