«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-319-16.05.2018-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ուղղված է տրամադրված լիցենզիաների, ինչպես նաև դրանց կասեցման (դադարեցման) հետ կապված համակարգային իրավակարգավորումների փոփոխմանը, առաջարկում է ներկայացված նախագծերով քննարկվող գործող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ներկայացված օրենքների նախագծերի և դրանց ընդունման հիմնավորման վերաբերյալ ստորև ներկայացված հանգամանքները՝

1. Համաձայն նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման՝ նախագծերի փաթեթով առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց և տրանսպորտի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մյուս սուբյեկտներին ազատել պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտականությունից։ Սակայն, նախագծերով առաջարկվող կարգավորումների արդյունքում, ըստ էության ստացվում է, որ վերջիններս վերաբերում են ոչ միայն նշված, այլ ընդհանրապես արտոնագրման, թույլտվության, լիցենզավորման, որակավորման կամ ծանուցման ենթակա գործունեության բնագավառներում գործունեություն ծավալող անձանց վրա։

Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ թե «Լիցենզավորման մասին», թե «Պետական տուրքի մասին» օրենքների փոփոխվող դրույթները հիմնականում վերաբերում են առհասարակ լիցենզավորման և պետական տուրքի վճարման հետ կապված հարաբերություններին` անկախ լիցենզիայի տեսակից կամ լիցենզավորված անձից` ներառելով իրավահարաբերությունների շատ ավելի լայն տիրույթ, քան նկարագրվում է նախագծերին կից ներկայացված հիմնավորմամբ: 

Ըստ այդմ, առկա է հակասություն նախագծերի փաթեթի և վերջինիս հիմնավորման միջև։ Մասնավոր դեպքերի նկարագրությամբ իրավիճակային այսպիսի լուծումների առաջադրումն ընդունելի չէ և օրենսդրական կարգավորումների պրակտիկ կիրառման ընթացքում կհանգեցնի լուրջ խնդիրների:

2. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի`

1) 1-ին հոդվածի 1-ին կետով առաջարկվում է «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում «կարող է կասեցվել» բառերը փոխարինել «կասեցվում է» բառերով` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում լիցենզիայի գործողության կասեցումը դարձնելով իմպերատիվ: Մինչդեռ, առաջարկվող փոփոխությունը, համակարգային կապի մեջ դիտարկելով նույն հոդվածի այլ կարգավորումների հետ, կարող ենք փաստել, որ առաջանում է հակասություն: Այսպես, «Լիցենզավորման մասին»  օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասը նույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքի դեպքում սահմանում է լիազոր մարմնի` դիմումը մերժելու  հայեցողությունը, եթե դա նախատեսված է օրենքով կամ լիցենզավորման կարգերով կամ, եթե լիցենզիայի գործողության կասեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին: Հարկ է նշել նաև, որ քննարկվող փոփոխության վերաբերյալ նախագծի հիմնավորման մեջ ևս ներկայացված չեն անհրաժեշտ տեղեկություններ, ինչը ևս հնարավորություն չի տալիս գնահատելու առաջարկվող կարգավորման հիմնավորվածությունը:

Նույնը վերաբերում է նաև նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետին.

2) 2-րդ հոդվածի՝

 ա. 2-րդ կետը, որպես լիցենզիայի դադարեցման հիմք, նախատեսում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին տրված լիցենզիայի գործողությունը ամսական, եռամսյակային կամ տարեկան պետական տուրքը չվճարելու հիմքով («Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետ) կասեցնելու դեպքում 6 ամսվա ընթացքում կասեցման հիմք հանդիսացող խախտումը չվերացնելը: Միաժամանակ, նախատեսվում է, որ լիցենզավորված անձը վերոնշյալ հիմքով լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց առնվազն մեկ ամիս առաջ  տեղեկացվում է լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին: Մինչդեռ, նախագծային դրույթների ուսումնասիրությունից պարզ չէ, թե որն է տեղեկացնելու նպատակը, ինչպես նաև դրա իրավական հետևանքները: Արդյոք սա ենթադրում է, որ վարչական մարմինն ստուգում է, որ լիցենզավորված անձի մոտ «բացակայում է վերջինիս կողմից լիցենզիան պահպանելու որևէ շահագրգռվածություն»-ը (ըստ նախագծի հիմնավորման): Այս դեպքում կստացվի, որ օրենքը բացառապես վարչական մարմնին է վերապահում լիցենզավորված անձի փոխարեն իրեն տրված լիցենզիայի ճակատագրին հետևելու պարտականությունը` դրանով իսկ լիցենզավորված անձանց ազատելով պետության կողմից տրամադրված որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի նկատմամբ պատասխանատու մոտեցում դրսևորելու «պարտականությունից»: Ասվածն անհրաժեշտ է դիտարկել հասարակական կյանքի հատկապես այնպիսի ոլորտներում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների տեսանկյունից, որոնք առնչվում են մարդու առողջությանը,

բ. 4-րդ կետով առաջարկվող լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ վարչական ակտն ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով,

3) Գործունեության կասեցման ժամանակահատվածում չվճարած պետական տուրքի գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարը չի կարող էական ֆինանսական բեռ հանդիսանալ ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց համար, ինչպես նշված է հիմնավորման մեջ, քանի որ, օրինակ, ամսական պետական տուրք վճարող մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպող տնտեսվարող սուբյեկտների համար 6 ամսվա համար հաշվարկված տույժերի գումարը կազմում է վճարվելիք տուրքի գումարի 13.5%-ը կամ 1620 դրամ:

3. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի՝

1) 1-ին հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Պետական տուրքի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությունը, ըստ որի` պետական տուրք վճարողները պարտավոր են սույն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները: Ընդ որում, «Պետական տուրքի մասին» օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 35-րդ հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիշյալ օրենքով սահմանվում են տույժեր տարեկան պետական տուրքի գումարների վճարումն ուշացնելու համար: Հարց է առաջանում` արդյոք նախագծերի ներկայացված փաթեթով առաջարկվող կարգավորումները կիրառելի են լիցենզավորված ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր օգտվում են պետական տուրքի ամսական կամ եռամսյակային վճարման դրույքաչափերից.

2) 4-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Պետական տուրքի մասին» օրենքի 35-րդ հոդվածը, որով սահմանվում են օրենքը խախտելու համար պատասխանատվություն նախատեսող դրույթները: Ընդ որում, հիշյալ հոդվածով նախատեսված խախտումների սուբյեկտներ են նաև պաշտոնատար անձինք, ինչպես նաև տարեկան պետական տուրք վճարողները, ովքեր պարտավորվում են վճարել չվճարած պետական տուրքի գումարը, ինչպես նաև դրա համար հաշվարկած տույժը.

3) 6-րդ հոդվածի 2-րդ կետի՝

ա. համաձայն՝ պետական տուրքի սահմանված ժամկետում չգանձման կամ չվճարման համար տույժի վճարման պարտավորություն ունեցող անձինք ազատվում են մինչև նախագծով սահմանվող դրույթներն ուժի մեջ մտնելը հաշվարկված տույժերը վճարելու պարտականությունից, իսկ արդեն վճարված տույժի գումարներն անձի դիմումի հիման վրա ենթակա են հաշվանցման մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման նպատակով լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման պարտավորության դիմաց։ Կարծում ենք, որ անհրաժեշտ է վերանայել առաջարկվող մոտեցումը, քանի որ ներկայացված ձևաչափով վերջինս անհավասար պայմաններ է առաջացնում, օրինակ, նախկինում արդեն իսկ կուտակված բոլոր տույժերը վճարած և այլևս գործունեություն չծավալող անձանց և ներկայումս գործունեություն ծավալող անձանց միջև, որոնք, ըստ էության ազատվում են բոլոր տույժերը վճարելու պարտավորությունից։ Նույնը վերաբերում է նաև միայն մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման ոլորտում գործունեություն ծավալող անձանց արդեն իսկ վճարված տույժերը պետական տուրքի վճարման պարտավորության դիմաց հաշվանցելու հնարավորություն ընձեռելուն, ինչը նույնպես անհավասար պայմաններ է ստեղծում նրանց և, օրինակ, լիցենզավորման ենթակա այլ գործունեություն ծավալող անձանց միջև,

բ. առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է այն առումով, որ այն վերաբերում է պետական տուրքի վճարման պարտականություն ունեցող բոլոր անձանց` անկախ նրանից, թե ինչ ծառայություններից կամ գործողություններից է օգտվում պետական տուրք վճարելու պարտականություն ունեցող անձը: Այսինքն, առաջարկվող մոտեցմամբ բոլոր ծառայությունների կամ գործողությունների մասով կվերանան պատասխանատվության միջոցները պետական տուրք չվճարելու կամ չգանձելու համար, ինչը խիստ խոցելի կդարձնի տուրքի վճարման գործընթացը: Այդ իսկ տեսանկյունից նման մոտեցումներն անընդունելի են:

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքումփոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող վարչական պատասխանատվության սահմանված չափի փոփոխությունն ընդունելի չէ:

Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ ներկայացված խմբագրությամբ նախագծերը ոչ միայն չեն լուծում հիմնավորման մեջ ներկայացված խնդիրը, այլև վտանգում են փոփոխվող օրենքների կարգավորման առարկա հանդիսացող իրավահարաբերությունների բնականոն ընթացքը:

Այդուհանդերձ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել օրենսդրական նախաձեռնության հեղինակների հետ՝ հիմնավորման մեջ նշված խնդիրների բավարար կարգավորման ուղղությամբ: