«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՐԿԱՅԻՆ   ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ   ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-339-14.06.2018-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ ավելացված արժեքի հարկից ազատվում է ոչ միայն շրջանառելի` բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանք արտադրողի, այլ նաև իրացնողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշները բավարարող շրջանառելի` բազմակի օգտագործման տարայի օտարումը: Օրենքի նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ առաջարկը հիմնավորվում է նրանով, որ օրենքի նախագծի ընդունմամբ կբացառվի տնտեսվարող սուբյեկտների կողմից ԱԱՀ-ի կրկնակի վճարումը, և արդյունքում կապահովվի շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանքների գների կայունություն:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով գործող օրենքի քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով հետևյալ հանգամանքները՝

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ընդունմամբ և դրանից հետո կատարված օրենսդրական փոփոխություններով տարայի՝ ԱԱՀ-ով հարկման կարգավորումները (այդ թվում՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնները, ԱԱՀ-ից ազատման շրջանակը) արդեն իսկ երկու անգամ վերանայվել են, և ներկայացված առաջարկության ընդունումը կնշանակի կես տարվա ընթացքում երրորդ փոփոխությունը կատարել խնդրո առարկա հարցին վերաբերող կարգավորումներում: Այս առումով, գտնում ենք, որ անհրաժեշտ է խուսափել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում հաճախակի կատարվող և տեղային նշանակություն ունեցող փոփոխություններից, քանի որ դրանք ոչ միայն չեն բխում կայուն և կանխատեսելի հարկային օրենսդրություն, հետևաբար, նաև՝ հարկային միջավայր ձևավորելու քաղաքականությունից, այլև ուղղակիորեն հակադրվում են այդ քաղաքականությանը:

Հատկապես, որևէ կերպ երաշխավորված չէ, որ տարայի՝ ԱԱՀ-ով հարկման համակարգում առաջարկվող փոփոխությունը միանշանակորեն բարելավում է ենթադրում, և, որ այս առաջարկությունն ընդունելի կլինի տարայավորված ապրանքների արտադրությամբ ու իրացմամբ, ինչպես նաև տարայի արտադրությամբ, ներմուծմամբ կամ իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների ամբողջ շրջանակի համար:

Այդուհանդերձ, ընդունելով, որ տարայի՝ ԱԱՀ-ով հարկման գործող կարգավորումը գուցե անթերի չէ, կարծում ենք, որ հարցը, այնուամենայնիվ, արժե քննարկման առարկա դարձնել՝ քննարկման գործընթացում ներգրավելով գործարար լայն շրջանակների և ոլորտի մասնագիտական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հաշվի առնելով տարայի արտադրության կամ ներմուծման և հետագա օտարումների ամբողջ շղթայում ԱԱՀ-ի հաշվառման ու հաշվանցումների համակարգի սահուն կիրառությունը՝ կարծում ենք, որ խնդրի կարգավորման ավելի կիրառելի մոտեցում կարող է համարվել շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի արտադրության կամ ներմուծման և հետագա օտարումների ամբողջ շղթայում ԱԱՀ-ից ազատման արտոնության վերացումը: Արդյունքում կունենանք ԱԱՀ-ի հաշվառման ու հաշվանցումների կատարման ընդհանուր մոտեցում, որն առավել կիրառելի է և շղթայի տարբեր օղակներում գործող տնտեսվարող սուբյեկտների համար խնդիրներ չի առաջացնի:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը նախատեսում է նախարարության ենթակայությամբ գործող՝ Եկամուտների քաղաքականության ընդլայնված խորհրդում տարբեր ձեռնարկատիրական միավորումների և ոլորտի մասնագիտական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բազմակողմանի քննարկման առարկա դարձնել շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի արտադրության կամ ներմուծման և հետագա օտարումների ամբողջ շղթայում ԱԱՀ-ից ազատման արտոնության վերացման հարցը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկա փուլում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է ընդհանուր հարկային համակարգի վերլուծություն՝ գնահատելու համար հարկային քաղաքականության և վարչարարության համարժեքությունն առկա տնտեսական իրավիճակին: Այս առումով, գտնում ենք, որ հարկային համակարգում հնարավոր փոփոխությունները պետք է կատարվեն համապարփակ ձևով: Հետևաբար, առանձին ուղղություններով տեղային փոփոխություններ կատարելը նպատակահարմար չէ:

Ամփոփելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկում է ներկա փուլում ձեռնպահ մնալ առաջարկվող օրենսդրական նախաձեռնության քննարկումից և խնդրո առարկա հարցի քննարկմանն անդրադառնալ այն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից առաջարկվող ձևաչափով քննարկումից և արդյունքների ամփոփումից հետո, երբ վստահ կլինենք, որ կատարվելիք օրենսդրական փոփոխությունն ընդունելի կլինի շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի արտադրության կամ ներմուծման և հետագա օտարումների ամբողջ շղթայում գործող տնտեսվարող սուբյեկտների համար:

Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստակամ է համագործակցելու օրենքի նախագծի հեղինակների հետ՝ գտնելու համար կրկնակի հարկման բացառման մեխանիզմներ, եթե, ինչպես նշված է օրենքի նախագծի հիմնավորման մեջ, «բազմակի օգտագործման նույն տարան ԱԱՀ-ով կրկնակի հարկվում է իր օգտագործման բոլոր փուլերում» պնդումը տեղին է:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով տարան որպես շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարա որակելու չափանիշները սահմանելու մասին» N 644-Ն որոշման մեջ: