ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

  

Հարգելի պարոն Սաղաթելյան

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-290-30.03.2018,07.09.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

Նախագծով հետապնդվող նպատակին հասնելու համար առաջարկվող իրավակարգավորումներն ունեն վերանայման կարիք:

Այսպես, նախագծի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված որոշ իրավախախտումներ կատարելու դեպքում տուգանքը կիսով չափ վճարելու «արտոնյալ» պայմանը չի գործում: Այս առումով, հարկ է նշել, որ նախագծով արվող բացառությունների ուսումնասիրությունից պարզ չէ, թե ինչ սկզբունքով և ինչու են դրանք առանձնացվել այլ արարքներից: Մասնավորապես, նախագծով տարանջատվում են այնպիսի զանցանքներ, ինչպիսիք են` մանր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի (44.1-ին հոդված), ապօրինաբար բժշկությամբ զբաղվելը (47-րդ հոդված), ընդերքի պետական սեփականության իրավունքի խախտումը (49-րդ հոդված), ապօրինաբար ձկնորսությամբ կամ ջրային որսորդության այլ տեսակներով զբաղվելը (89-րդ հոդված), թվով երեք իրավախախտումների կրկնակիության դեպքերը և այլն: Քննարկվող դրույթի կապակցությամբ հարց է առաջանում` արդյոք առկա չեն հանրային վտանգավորության առավել բարձր աստիճան ունեցող իրավախախտումներ: Գտնում ենք, որ նախագծով առանձին իրավախախտումների համար բացառությունները պետք է սահմանվեն` հաշվի առնելով այդ արարքի հանրային վտանգավորության աստիճանը, կոնկրետ իրավախախտումների ոլորտում իրականացվող վարչարարության վերաբերյալ անհրաժեշտ վիճակագրական տվյալները, վարչական տույժի նպատակներին հասնելու համար համաչափ և բավարար տուգանքի չափ նախատեսելու անհրաժեշտությունը: Ուստի, գտնում ենք, որ նախագծով առաջարկվող բացառություններն ունեն վերանայման կարիք:           

Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ վարչական տուգանքը դրամական տուժանք է, որը` որպես վարչական իրավախախտման համար  նշանակվող պատասխանատվության միջոց, կիրառվում է անձի մոտ իրավահպատակ վարքագիծ ձևավորելու և նոր վարչական իրավախախտումների կատարումը կանխելու նպատակներով: Ընդ որում, պատասխանատվության միջոց սահմանելիս օրենսդրի հայեցողական լիազորությունները սահմանափակված են Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի՝ օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաև նշանակված պատժատեսակն ու պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին: Այդ սկզբունքի պահանջներով` վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափերը պատահական չեն ու կոչված են ծառայելու վարչական տույժի նպատակների իրականացմանը: Այլ կերպ ասած, կոնկրետ արարքի համար վարչական տուգանքի չափը սահմանելիս հաշվի են առնվում այդ արարքի հանրային վտանգավորության աստիճանը, իրավախախտողին դաստիարակելու և այլ անձանց կողմից ևս հետագայում իրավախախտումների կատարումը կանխելու անհրաժեշտությունը: Ընդ որում, քիչ չեն դեպքերը, երբ իրավական նորմի գործնական իրացման արդյունքում ի հայտ եկած խնդիրներից ելնելով (վարչական տուգանքը չի ծառայում իր նպատակին) տուգանքի չափերը օրենսդրի կողմից վերանայվում և փոփոխվում են:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշման մեջ, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է, որ. «... համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն՝ սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև»:

Այսպիսով, տուգանքի չափ նախատեսելիս Օրենսդրի հայեցողական լիազորությունները բացարձակ չեն, ինչից ենթադրվում է, որ օրենքով նախատեսված տուգանքի չափը ուղիղ համեմատական է արարքի հանրային վտանգավորության աստիճանին:

Նախագծի համաձայն` առաջարկվող կարգավորումը կիրառելի չէ  վարչական տույժ նշանակելու մասին որոշումը գանգատարկելու (բողոքարկելու) դեպքերում: Նման սահմանափակումն իրավաչափ չէ, քանի որ ստացվում է, որ օրենքն անբարենպաստ իրավիճակ է ստեղծում այն անձանց համար, ովքեր իրացրել են բողոքարկման իրենց իրավունքը, ինչն անուղղակի կերպով սահմանափակում է բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը, քանի որ հակառակ դեպքում անձը հայտնվում է անհավասար պայմաններում` բողոքարկման իրավունքը չիրացրած անձանց համեմատ:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ մասնավորապես, ճանապարհային ոստիկանության կողմից նշանակված տուգանքների 75-80 տոկոսը վճարվում են սահմանված ժամկետում և նախագծի ընդւնման դեպքում վճարվող տուգանքների գումարի չափը կնվազի մոտ 30 տոկոսով: Արդյունքում կնվազեն նաև վարչական իրավախախտումների համար նշանակվող տուգանքների մասով Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի մուտքերը, որն իր հերթին կհանգեցնի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ծախսերի կրճատման:

Այսպես՝ 2017 թվականին արտաբյուջետային մուտքերի ցուցանիշներից ելնելով նշանակված տուգանքներից փաստացի վճարված 10.5 մլրդ դրամ գումարի մոտ 60 տոկոսը վճարվել են օրենքով սահմանված ժամկետում: Նկատի ունենալով օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված բացառությունները՝ այս գումարից կանխատեսվող նվազումը կարող է կազմել 3 մլրդ դրամ:

Օրենքով սահմանված ժամկետի խախտումով ԴԱՀԿ-ի բռնագանձումների արդյունքում 2017 թվականի ընթացքում մուտքագրված գումարները կազմել են 4.2 մլրդ դրամ: Եթե անգամ այդ անձանց 25 տոկոսը օգտվի տուգանքի գումարի կեսը վճարելու հնարավորությունից, ապա Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցներ մուտքերը կնվազեն ընդհանուր 3.6 մլրդ դրամի չափով (34.3 տոկոսով):

ՀՀ կառավարության կողմից ներկայումս մշակվում է ճանապարհային ոստիկանության ոլորտում թույլ տրվող խախտումների համար նշանակվող տուգանքների չափերը նվազեցնելուն ուղղված օրինագծերի փաթեթ, որի ընդունման պարագայում Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցների մուտքերը տուգանքների գծով արդեն իսկ նվազելու են 4.5 մլրդ դրամով: Նշված օրինագծի ընդունումը նախատեսված է ՀՀ կառավարության գործունեության 2018 թվականի ծրագրով: Ճանապարհային ոստիկանության տարեկան պահպանման ծախսերը կազմում են 14 մլրդ դրամ: Ակնհայտ է, որ ներկայացված նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեից համարժեք լրացուցիչ հատկացումներ չկատարելու պարագայում, կխաթարվի ոստիկանության բնականոն գործունեությունը: Ներկայացված տեսքով նախագծի ընդունումը ուղղակի սպառնալիք է երթևեկության անվտանգության համար:

Ամփոփելով վերը շարադրյալը՝ գտնում ենք, որ նախագծով ներկայացված առաջարկությունը հայեցակարգային բնույթ ունի, պետության կողմից մոտեցման ընտրությունը պետք է կրի համակարգային բնույթ և այդ առումով կարիք ունի խորը և բազմակողմանի քննարկման: Այդ կապակցությամբ առաջարկում ենք նախագծից հանել 2-րդ հոդվածը:

 

 Հարգանքով՝   Էդուարդ Աղաջանյան