«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-366-11.09.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը

 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել փոփոխություն, համաձայն որի՝ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Նախատեսվում է նաև նախագծին տալ հետադարձ ուժ:

Նշված իրավակարգավորման առնչությամբ նախևառաջ հարկ ենք համարում անդրադառնալ առաջադեմ երկրների միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներին: Մասնավորապես, ուսումնասիրված երկրներում առկա իրավակարգավորումները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին և ճնշող մեծամասնություն են կազմում այն երկրները, որտեղ նշված հարցի կապակցությամբ տրված իրավակարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորմանը: Այսինքն, նշված երկրներում մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետի 1 օրը հավասար է ազատազրկման ձևով նշանակված պատժի 1 օրվան: Նշված երկրների շարքին կարելի է դասել Բուլղարիան (քրեական օրեսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մաս), Մակեդոնիան (քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մաս), Մոլդովան (քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մաս), Սերբիան (քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մաս), Ռումինիան (քրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մաս), Էստոնիան (քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մաս), Շվեյցարիան (քրեական օրենսգրքի 51-րդ հոդված), Հունգարիան (քրեական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր), Վրաստանը (քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մաս), Ղազախստանը (քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մաս):

Հաջորդ՝ սակավաթիվ խումբ երկրներն են Գերմանիան (քրեական օրենսգրքի 51-րդ հոդված), Նիդերլանդները (քրեական օրենսգրքի 27,27-ա հոդվածներ) և Ռուսաստանի Դաշնությունը: Ընդ որում, այս երկրները մեջբերված են նաև նախագծին կից հիմնավորման մեջ՝ իբրև առաջարկվող կարգավորման հիմնավորում: Գերմանիայում և Նիդերլանդներում առկա է այն առանձնահատկությունը, որ չնայած կալանքի մեկ օրը համապատասխանում է ազատազրկման մեկ օրվան, այնուամենայնիվ, ի տարբերություն առաջին խումբ երկրների և Հայաստանի Հանրապետության, նշված երկրներում կախված գործի հանգամանքներից կալանքի մեկ օրը  կարող է հաշվակցվել ազա-
տազրկման մեկից ավելի օրվա հետ, ընդ որում՝ առանց սահմանելու վերին շեմ: Բացի դրանից, հաշվակցման մանրամասները թողնված են դատարանի հայեցողությանը:

Վերադառնալով նախագծով առաջարկվող իրավակարգավորումներին և, դրանք դիտարկելով նշված երկրներում առկա իրավակարգավորումների համատեքստում, անհրաժեշտ է առանձնացնել հետևյալ դիտարկումները՝

  1. Ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցը չպետք է ընկալվի որպես պատիժ: Վարույթի ընթացքում այն կիրառվում է որոշակի ռիսկեր գնահատելու արդյունքում և միտված է արդարադատության պատշաճ իրականացումն ապահովելուն: Եթե կալանավորման 1 օրը հաշվակցում ենք ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օր, ապա դրանով կալանավորմանը տրվում է պատժի բովանդակություն: Այն դեպքերում, երբ կլինեն իրավունքների խախտումներ կապված խափանման միջոցի ոչ բարվոք պայմանների կամ դրանից ողջամտորեն բխող սահմանափակումներից առավել խիստ սահմանափակումներ, ապա իրավական կառուցակարգերը տալիս են հնարավորություն վերականգնել խախտված իրավունքները և վնասի հատուցում ստանալ: Բացի դրանից, հարց է առաջանում՝ արդյոք նախնական կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները կարող են հիմնավորել նախագծով առաջարկվող իրավակարգավորումը, այն պարագայում, երբ դատապարտված անձի հետ համեմատ այդ սահմանափակումները, ըստ էության, առավել խստությամբ աչքի չեն ընկնում: Ավելին, վերաբերելի օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների ծավալը հիմնականում համընկնում է, իսկ որոշ դեպքերում կալանավորված անձինք գտնվում են առավել շահեկան վիճակում տեղեկանքը կցվում է:

Էական տարբերություններից է երկարատև տեսակցությունների հնարավորությունը, որից զրկված են կալանավորված անձինք, սակայն այս առումով հարկ է հիշատակել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակում է նախագիծ, որով երկարատև տեսակցությունների հնարավորություն կունենան նաև կալանավորված անձինք: Հետևաբար, նշված վերլուծությունների արդյունքում կարելի է եզրահանգել, որ կալանավորման 1 օրը ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օրվա հաշվակցումը չպետք է դիտարկվի որպես փոխհատուցում:  

  1. Եթե կալանավորման 1 օրը հաշվակցում ենք ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օրվա դիմաց, ապա գործնականում անխուսափելի կլինեն գրավի կամ այլընտրանքային խափանման միջոցների կիրառության առավել սահմանափակումները կամ դրանց կիրառման միջնորդությունները: Ասվածը պայմանավորված է նրանով, որ մեղադրյալները կգերադասեն, որ իրենց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումն այն պատճառով, որ մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու պատժատեսակների հետ հաշվակցելու դեպքում, նրանք ավելի քիչ կգտնվեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի կարգավիճակում: Սա իր հերթին կարող է նախագծի հիմնավորմամբ առաջ քաշված նպատակին հակասող ազդեցություն ունենալ, այն առումով, որ խափանման միջոցի ընտրության հարցում, ինչպես նշվեց, կալանավորումը գրավիչ երանգներ է ստանում և, հետևաբար, հղի է քրեակատարողական հիմնարկները կրկին ծանրաբեռնելու վտանգով:
  2. Նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե դրա ընդունման արդյունքում ինչպես վարվել այն դատապարտյալների հետ, որոնց պատժի վերահաշվարկի արդյունքում կստացվի, որ դատարանի կողմից սահմանված պատժից ավելի ժամկետով «գտնվել են» քրեակատարողական հիմնարկում:

Ամփոփելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

 ՏԵՂԵԿԱՆՔ

 (Կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների տարբերության վերաբերյալ)

 

 

N

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍԱԿԸ

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁ

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ

 

1.

 

Կարճատև տեսակցություն

 

1. Մերձավոր ազգականների և այլ անձանց հետ առնվազն երկու տեսակցություն` մինչև երեք ժամ տևողությամբ, եթե չկա վարույթն իրականացնող մարմնի տեսակցության արգելքի մասին որոշում:

2. Պաշտպանի հետ՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից։

 

1. Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատև տեսակցություն տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև չորս ժամ տևողությամբ:

2.Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն վեց անգամ:

 

2.

 

Երկարատև տեսակցություն

 

Չի տրամադրվում

 

1. Երկարատև տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ:

2. Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն երկու երկարատև տեսակցություն: 

3. Դատապարտյալի խնդրանքով երկարատև տեսակցությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ:

 

3.

 

Հանձնուք, ծանրոց և դրամական փոխանցումներ ստանալու և ուղարկելու իրավունք

 

Կարող է ստանալ ամսվա ընթացքում մինչև յոթանասուն կիլոգրամ:

Կալանավորված անձիք իրենց միջոցներից կարող են դրամական փոխանցումներ կատարել ազգականների և այլ անձանց դրամական հաշվին:

 

Ստանալ և իր հաշվին ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ կամ փաթեթներ, առանց սահմանափակման կատարել և ստանալ դրամական փոխանցումներ:

 

4.

 

Ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս աշխատանքում ներգրավվելը

 

Չի կարող ներգրավվել

 

1. Ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս աշխատանքներում կարող է ներգրավվել միայն առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը: 

 

5.

 

Չվարձատրվող աշխատանքներում ներգրավվելը

 

Արգելվում է կալանավորված անձանց ներգրավել չվարձատրվող աշխատանքների, բացառությամբ սանիտարահիգիենիկ աշխատանքների:

 

Դատապարտյալը չվարձատրվող աշխատանքներում ներգրավվում է ոչ հանգստյան ժամերին` օրական երկու ժամից ոչ ավելի ժամանակով:

 

6.

 

 

Ինքնագործ միավորումների կազմավորում և գործունեություն

 

Չի կարող կազմավորել:

 

Ուղղիչ հիմնարկում դատապարտյալների մշակութային, լուսավորչական, կրոնական և մարզական միավորումներն ստեղծվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված` դատապարտյալների ինքնագործ միավորումների հիմնական խնդիրների իրականացման նպատակով:

 

7.

 

Ամուսնության գրանցումից հետո տրվող տեսակցություններ

 

Կարճատև տեսակցություն:

 

Երկատարև տեսակցություն:

 

8.

 

Խրախուսանքի միջոցներ

 

 

1) շնորհակալության հայտնում.

2) զբոսանքի տևողության ավելացում մինչև երեք ժամ` մինչև քսան օր ժամկետով.

3) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում.

4) կիրառվող տույժի վաղաժամկետ դադարեցում:

5) լրացուցիչ կարճատև տեսակցության տրամադրում, եթե այն չի արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից,

6) լրացուցիչ հեռախոսազրույցի կամ հեռախոսազրույցների տրամադրում, եթե այն չի արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից,

7) լրացուցիչ ծանրոց, հանձնուք կամ փաթեթ ստանալու թույլտվություն:

 

 

1) լրացուցիչ կարճատև կամ երկարատև տեսակցության տրամադրում, բայց տարվա ընթացքում երկու կարճատև կամ երկու երկարատև տեսակցությունից ոչ ավելի.

2) փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պահվող դատապարտյալի զբոսանքի տևողության ավելացում մինչև երկու ժամ՝ մեկ ամիս ժամկետով.

3) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում:

Դատապարտյալը, որպես խրախուսանքի միջոց, կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ՝ պատժի կրումը շարունակելու նպատակով:

 

9.

 

Տույժի միջոցներ

 

1) նկատողության հայտարարում.

2) պատժախուց տեղափոխելը մինչև տասն օր, իսկ անչափահասներին` մինչև հինգ օր ժամկետով:

 

 

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) պատժախուց տեղափոխելը մինչև տասնհինգ օր, իսկ անչափահաս դատապարտյալին՝ մինչև տասն օր ժամկետով:

 

10.

 

Տույժերը կիրառելու ժամկետները

 

Խախտումը հայտնաբերելուց հետո, անհապաղ, բայց ոչ ուշ քան 10 օր:

 

Խախտումը հայտնաբերելուց հետո, անհապաղ, բայց ոչ ուշ քան 15օր:

 

 

11.

 

Հանդերձանքի տրամադրումը

 

Կալանավորված անձինք կրում են իրենց հագուստը: Անհրաժեշտության դեպքում նրանք ապահովվում են կլիմայական պայմաններին, սեռին համապատասխան միասնական նմուշի հագուստով:

 

Դատապարտյալն ապահովվում է իր սեռին, տարվա եղանակին, կլիմայական պայմաններին համապատասխանող միասնական նմուշի հանդերձանքով:

 

12.

 

Լրացուցիչ վճարովի ծառայություններ

 

1) կենցաղային իրերի վարձույթ կամ տրամադրում,

2) լվացքատան, քիմմաքրման ծառայություններ,

3) լրացուցիչ լոգանք ընդունելու հնարավորություն,

4) կոշկակարի, դերձակի ծառայությունների տրամադրում:

 

Նշված լրացուցիչ ծառայություններից դատապարտյալը չի օգտվում:

 

 

 

13.

 

Կարճաժամկետ մեկնում տրամադրելը

 

Կալանավորված անձանց, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց, մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից կարող են տրամադրվել կարճաժամկետ մեկնումներ մինչև 7 օր տևողությամբ:

 

Դատապարտյալին, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքի, ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում անձնական բացառիկ հանգամանքների (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին) դեպքում, ինչպես նաև սոցիալական վերականգնման նպատակով: Հաշմանդամ կամ ուղղիչ հիմնարկին կից մանկատանը երեխա ունեցող դատապարտյալին կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում՝ երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով:

Կարճաժամկետ մեկնում տրամադրվում է մինչև յոթ օր տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը: Սոցիալական վերականգնման նպատակով բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել մինչև մեկ ամիս տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը: 

 

14.

 

Զբոսանքը

 

Օրական առնվազն մեկ ժամ:

 

Օրական առնվազն մեկ ժամ, անչափահաս դատապարտյալ` օրական առնվազն երկու ժամ: