Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-501-08.02.2005-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է մարդու առողջության պահպանման հետ կապված հասարակական հարաբերությունները եւ սահմանում է բնակչության առողջության պահպանման պետական քաղաքականության սկզբունքները, առողջապահության բնագավառում մարդու իրավունքները, բժշկական օգնության եւ սպասարկման կարգը, առողջապահության համակարգի կազմակերպական, տնտեսական, իրավական ու ֆինանսական հիմքերը:

Հոդված 2. Առողջապահության մասին օրենսդրությունը

1. Առողջապահության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենսդրական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Առողջապահության մասին օրենքի խնդիրները

Առողջապահության մասին օրենքի խնդիրներն են՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու առողջության պահպանման իրավունքի ապահովումը եւ պաշտպանությունը.

2)  առողջապահության բնագավառում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ իրավասությունների բաշխումը եւ տարանջատումը.

3) առողջապահության համակարգի գործունեության համար իրավական երաշխիքների եւ մեխանիզմների ապահովումը.

4) առողջապահության բնագավառում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքների ու պարտականությունների սահմանումը,  եւ փոխհարաբերությունների իրավական կարգավորումը:

Հոդված 4. Սույն օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները`

առողջապահություն` տնտեսական, իրավական, սոցիալական, գիտական, բժշկական, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային բնույթի միջոցառումների համախումբ, որն ուղղված է մարդու ֆիզիկական եւ հոգեկան առողջության ամրապնդմանն ու պահպանմանը, առողջությամբ պայմանավորված կյանքի որակի բարելավմանը, առողջության կորստի դեպքում` նրան բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրմանը.

առողջապահության համակարգ` բնակչության առողջության պահպանմանն ու վերականգնմանը  ուղղված գործունեություն իրականացնող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների, առողջապահական կազմակերպությունների` անկախ կազմակերպական իրավական եւ սեփականության ձեւից, եւ ֆիզիկական անձանց համախումբ.

առողջապահական կազմակերպություն` առողջապահության բնագավառում գործունեության տեսակ իրականացնող կազմակերպություն.

բժշկական օգնություն եւ սպասարկում` բնակչությանը կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական օգնության ցուցաբերում, hարբժշկական եւ ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցում.

բժշկական հաստատություն`  իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ հիմնարկ հանդիսացող առողջապահական կազմակերպություն, որոնք ստացել են  բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելու լիցենզիա:

բուժաշխատող` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող ու դրա համար համապատասխան մասնագիտական կրթություն եւ որակավորում ունեցող ֆիզիկական անձ.

պացիենտ` բժշկական օգնության եւ սպասարկման օբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձ.

մասնագիտական որակավորման չափորոշիչներ` բուժաշխատողների կրթությանը, գիտելիքներին եւ հմտություններին ներկայացվող պարտադիր պահանջներ.

բնակչության առողջության ցուցանիշներ` բնակչության առողջական վիճակի գնահատման համակարգված եւ տիպային ցուցանիշներ.

բժշկական օգնության եւ սպասարկման որակի չափորոշիչներ` առավել բարենպաստ արդյունքներ ապահովող բժշկական օգնությանն ու սպասարկմանը ներկայացվող պարտադիր պահանջներ.

բժշկական փաստաթղթեր` բուժաշխատողի եւ բժշկական հաստատության կողմից վարվող մարդու առողջական վիճակի եւ նրան տրամադրված բժշկական օգնության ու սպասարկման մասին տեղեկություններ պարունակող որեւէ նյութական կրիչի վրա ամրագրված փաստաթուղթ.

առողջապահական պետական ծրագրեր` պետական բյուջեի միջոցների հաշվին ֆիանանսավորվող բնակչության առողջության պահպանմանն ուղղված ծրագրեր:

Հոդված 5. Առողջապահության բնագավառում պետական քաղաքականության նպատակները

Առողջապահության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակներն են`

1) բնակչության առողջության պահպանումը եւ ամրապնդումը.

2) անկախ ազգությունից, քաղաքացիությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարի՟քից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույ՟քային կամ այլ վիճակից մարդու առողջության պահպանման իրավունքի իրականացումը եւ պաշտպանությունը.

3) առողջապահության բնագավառում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ու համագործակցության ապահովումը.

4) առողջության կորստի դեպքում սոցիալական պաշտպանվածությունը.

5) բժշկական օգնության եւ սպասարկման անվտանգության եւ որակի ապահովումը.

6) հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման ու բուժման առաջադեմ եւ արդյունավետ մեթոդների մշակման ու կիրառման համար պետական աջակցության ցուցաբերումը:

Հոդված 6. Առողջապահության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները

Առողջապահության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

1) բնակչության առողջությունը որպես հասարակության զարգացման եւ ազգային անվտանգության գործոն  ճանաչելը.

2) ընտանեկան բժշկության միջոցով առողջության առաջնային պահպանման ծառայությունների իրականացումը.

3) հիվանդությունների կանխարգելման, մոր եւ մանկան առողջության, բնակչության հիգիենիկ եւ հակահամաճարակային անվտանգության ապահովման, բնակչության սոցիալապես անապահով խմբերի առողջական խնդիրների գերապատվությունը.

4) առողջապահության բնագավառում սոցիալական արդարությունը.

5) բժշկական օգնության եւ սպասարկման մատչելիությունը եւ հասանելիությունը.

6) բնակչության առողջության կորստի հետ կապված ֆինանսական ռիսկերի նվազեցումը եւ բժշկական ապահովագրության զարգացումը.

7) առողջապահության բնագավառի քաղաքականության իրականացմանը բնակչության եւ կազմակերպությունների մասնակցությունը.

ԳԼՈՒԽ 2.

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 7. Առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

Առողջապահության բնագավառում կառավարության իրավասությունն է`

1) բնակչության առողջության պահպանման միասնական պետական քաղաքականության իրականացման ապահովումը եւ առողջապահության համակարգի զարգացման գերակայությունների որոշումը.

2) բնակչության առողջության, սանիտարահամաճարակային անվտանգության եւ  շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առողջապահության համակարգին հատկացվող միջոցների ձեւավորումը եւ դրա համաձայն` առողջապահության ֆինանսավորումը.

4) օրենքով սահմանված կարգով պետական առողջապահական կազմակերպությունների ստեղծումը, վերակազմակերպումը եւ լուծարումը.

5) միջազգային համագործակցությունը.

6) սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ իրավասություններ:

Հոդված 8. Առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը եւ դրա իրավասությունը

1. Առողջապահության բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնում է կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետեւ` լիազոր մարմին):

2. Լիազոր մարմնի իրավասությունն է`

1) բնակչության առողջության պահպանման պետական միասնական քաղաքականության եւ առողջապահության համակարգի զարգացման ծրագրերի մշակումը եւ իրականացումը.

2) արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության կազմակերպումը, կենսաահաբեկչության կանխարգելումը ու դրա դեմ պայքարի մեթոդների մշակումը եւ ներդրումը.

3) առողջապահական պետական ծրագրերի մշակումը եւ իրականացումը, առողջապահությանն ուղղված պետական բյուջեի ծախսերի նախահաշվի կազմումն ու ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն.

4) բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման ու որակի նկատմամբ գնահատումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում` անկախ առողջապահական կազմակերպությունների կազմակերպական իրավական եւ սեփականության ձեւից կամ ենթակայությունից.

5) առողջապահության բնագավառում գործունեության տեսակների լիցենզավորումը՝ անկախ առողջապահական կազմակերպությունների կազմակերպական իրավական եւ սեփականության ձեւից կամ ենթակայությունից.

6) պետական սանիտարական եւ հակահամաճարակային հսկողությունը, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական մեթոդական ապահովումը.

7) առողջապահության բնագավառում հաշվառման, հաշվետվությունների, բժշկական փաստաթղթերի ձեւերի եւ դրանց վարումը կառավարության կողմից սահմանված կարգով, առողջապահության պետական տեղեկատվական համակարգի վարումը.

8) առողջապահական կազմակերպությունների գիտամեթոդական, կազմակերպա-մեթոդական ու խորհրդատվական օգնությունը, առողջապահության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների եւ գիտական նվաճումների ներդրման խթանումը.

9) տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների կողմից առողջապահության բնագավառում իրականացվող ծրագրերի համակարգումը.

10) բնակչության առողջական վիճակի ուսումնասիրումը, հիվանդացության եւ մահացության նվազեցման ծրագրերի իրականացումը.

11) բնակչության բժշկահիգիենիկ կրթության  եւ առողջ ապրելակերպի քարոզչության կազմակերպումը, օրենքով սահմանված դեպքերում` գովազդի նկատմամբ հսկողությունը.

12) առողջապահության բնագավառում միջազգային եւ միջգերատեսչական համագործակցությունը.

13) սույն օրենքով, այլ օրենսդրական ակտերով սահմանված այլ իրավասություններ:

Հոդված 9. Առողջապահական պետական տեղեկատվական համակարգը

1. Լիազոր մարմինը վարում է առողջապահական պետական տեղեկատվական համակարգը եւ տեղեկատվության սպառողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա ստեղծում տեղեկատվական բազաներ:

2. Առողջապահական պետական տեղեկատվական համակարգի վարման հիմնական խնդիրներն են`

1) առողջապահության պետական քաղաքականության վերլուծությունը եւ մշակումը.

2) բնակչության առողջության վիճակի գնահատումը եւ կանխատեսումը.

3) առողջապահության համակարգի գործունեության արդյունավետ կառավարման ապահովումը, համակարգումը,  բարելավումը եւ գնահատումը.

4) առողջապահությանն ուղղված պետական բյուջեի ֆինանսավորման կանխատեսումը եւ ամենամյա առողջապահական պետական ծրագրերի մշակումը.

5) բժշկական օգնության եւ սպասարկման որակի գնահատումը.

6) առողջապահության բնագավառում պետական բյուջեի միջոցների օգտագործման արդյունավետության գնահատումը.

7) առողջապահական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը.

8) առողջապահության բնագավառում մարդկային եւ այլ ռեսուրսների գնահատումն ու պլանավորումը:

3. Առողջապահական պետական տեղեկատվական համակարգի տվյալների աղբյուրներն են`

1) առողջապահական կազմակերպություններից ստացված տեղեկատվությունը.

2) լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների, ուսումնասիրությունների, հարցումների, փորձաքննությունների արդյունքները.

3) պետական ու տարածքային կառավարման մարմինների, դրանց համակարգերում գործող պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը.

4) հասարակական հարցումների եւ ուսումնասիրությունների արդյունքները.

5) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դիմումներն ու բողոքները.

6) միջին, բարձրագույն եւ հետբուհական բժշկական ուսումնական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, բարձրագույն որակավորման հանձնաժողովի տրամադրած տեղեկատվությունը.

7) առողջապահության բնագավառին վերաբերվող դատական վճիռները.

8) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

4.  Լիազոր մարմինը պարտավոր է ապահովել առողջապահական պետական տեղեկատվական համակարգում պարունակվող տեղեկատվության որակը, մատչելիությունը եւ հրապարակայնությունը, բացառությամբ պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք, անհատական տվյալներ եւ օրենքով սահմանված այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության: Առողջապահության պետական համակարգում մշակվող անհատական տվյալների իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով:

5. Առողջապահական պետական տեղեկատվական համակարգից տվյալների տրամադրման կարգը սահմանվում է օրենքով:

6. Լիազոր մարմինը վարում է վիճակագրական վարչական ռեգիստրը` համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

ԳԼՈՒԽ 3.

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ  ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 10. Առողջապահության բնագավառում գործունեության տեսակների լիցենզավորումը

1. Առողջապահության բնագավառում լիցենզավորումը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն օրենքի եւ այլ օրենքների համաձայն լիցենզիաների տրման, վերաձեւակերպման, գործողության կաuեցման ու դադարեցման հետ կապված գործընթաց է:

2. Առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 11. Առողջապահության բնագավառում գործունեության տեսակների լիցենզավորման առանձնահատկությունները

1. Օրենքով սահմանված դեպքերում լիցենզիա ստանալու համար պահանջվում է մասնագիտական որակավորում: Մասնագիտական որակավորում ունենալու փաստը հաստատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով տրված համապատասխան վկայականներով, դիպլոմներով, որակավորման դասերով, գիտական կոչումներով կամ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերով: Լիցենզիայի հայտի ներկայացմանը նախորդող երեք տարվա անընդմեջ մասնագիտական գործունեությամբ զբաղվելը համարվում է մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթուղթ միայն այն դեպքում, երբ անձը նշված ժամանակահատվածում մասնակցել է լիազոր մարմնի կողմից սահմանված շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերին: Մասնագիտական որակավորման պահանջները սահմանվում են սույն օրենքով եւ այլ օրենսդրական ակտերով:

 2. Առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության համար լիցենզավորման կարգերով մասնագիտական, գործառույթային կամ այլ առանձնահատկություններ սահմանվելու դեպքում լիցենզավորման կարգերով կարող է նախատեսվել լիցենզավորման ենթակա գործունեության առանձնահատկությունները սահմանող լիցենզիայի ներդիրի տրամադրում:

3. Լիցենզավորման կարգերով սահմանված դեպքերում լիցենզիան տրվում է որոշակի անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքելու պայմանով:

4. Լիցենզիայի տրման համար լիցենզավորման կարգերով կարող են պահանջվել բնապահպանական, հիգիենիկ եւ սանիտարահամաճարակային, հակահրդեհային նորմերի եւ կանոնների պահպանումը հաստատող փաստաթղթեր:

Հոդված 12. Առողջապահության բնագավառում տրված լիցենզիաների կասեցումն ու դադարեցումը

1. Առողջապահության բնագավառում տրված լիցենզիաների գործողությունը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով, կարող են ամբողջությամբ կամ գործունեության մասնագիտական եւ առանձին գործառույթային մասով կասեցվել մինչեւ խախտման պատճառի վերացումը լիցենզավորվան ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաեւ լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության խախտման դեպքում.

2. Առողջապահության բնագավառում տրված լիցենզիաների գործողությունը,  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով, կարող են ամբողջությամբ կամ գործունեության մասնագիտական եւ գործառույթային որոշակի մասով մասնակիորեն դադարեցվել մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ  լիցենզավորվան ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաեւ լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության խախտման դեպքում.

3. ֆիզիկական անձանց կողմից ստացված բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման լիցենզիան կարող է կասեցվել, եթե անձը չի հավաքել որակավորման համապատասխան բալերը լիցենզավորման կարգերով նշված ժամկետով կամ դադարեցվել բժշկական էթիկայի հանձնաժողովի միջնորդությամբ՝ բժշկական էթիկայի կանոնների պարբերաբար խախտման դեպքում:

ԳԼՈՒԽ 4.

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 13. Առողջապահության ֆինանսավորման աղբյուրները

Առողջապահության ֆինանսավորման աղբյուրներն են`

1) պետական եւ համայնքային  բյուջեների միջոցները.

2) բժշկական ապահովագրության միջոցները.

3) անձի կողմից մատուցվող աշխատանքների եւ ծառայությունների, ներառյալ բժշկական օգնության ու սպասարկման համար վճարները, եւ իր գույքի վարձակալության դիմաց ստացած փոխհատուցումները.

4) բարեգործական նպատակներով հատկացվող միջոցները.

5) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները.

6) վարկերը եւ այլ փոխառու միջոցները.

7) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

Հոդված 14. Առողջապահության ֆինանսավորումը պետական բյուջեի միջոցների հաշվին

1. Պետական բյուջեի միջոցների հաշվին առողջապահության ֆինանսավորումն իրականացվում է առողջապահական պետական ծրագրերի շրջանակներում տրամադրվող բյուջետային հատկացումների, պետության սեփականություն հանդիսացող առողջապահական կազմակերպությունների կապիտալ ծախսերի, դրամաշնորհների ու սուբսիդիաների, եւ գիտական ու գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման միջոցով:

2. Պետական բյուջեից դրամաշնորհները եւ սուբսիդիաները տրվում են կրթական, գիտական, հանրային առողջության բարելավման եւ առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված ծրագրեր իրականացնող համայնքներին, առողջապահական կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհեստակցական միավորումներին:

Հոդված 15. Պետական բյուջեի միջոցների հաշվին առողջապահության ֆինանսավորման չափը

1. Պետական բյուջեից առողջապահությանն ուղղված դրամաշնորհների եւ սուբսիդիաների չափը սահմանվում է «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Պետական բյուջեից առողջապահության բնագավառում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային եւ պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման ծավալներ չափը եւ դրանց միջեւ համամասնությունները սահմանվում են «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Պետական բյուջեից առողջապահության բնագավառում գիտության ֆինանսավորման ընդհանուր ծավալում բազային ֆինանսավորման մասնաբաժինը հաստատում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիազոր մարմնի ներկայացմամբ:

Հոդված 16. Առողջապահական պետական ծրագրերը

1. Առողջապահական պետական ծրագրերը սահմանում են պետական բյուջեի միջոցների հաշվին բնակչությանը տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման տեսակներն ու ծավալները, կանխարգելիչ եւ հիգիենիկ հակահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ու բժշկական նշանակության ապրանքներ ստանալու իրավունք ունեցող բնակչության խմբերը:

2. Առողջապահական պետական ծրագրերի շրջանակներում տրամադրվող բժշկական օգնություն ու սպասարկում եւ դեղեր ստանալիս կարող է կիրառվել համավճար: Համավճարի չափը եւ կիրառման պայմանները սահմանվում են առողջապահական պետական ամենամյա ծրագրով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է առողջապահական պետական ծրագրերը եւ «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հնարապետության օրենքի կազմում ներկայացնում է Ազգային Ժողով:

4. Առողջապահական պետական ամենամյա ծրագիրը հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցներով:

Հոդված 17. Պետական բյուջեի հաշվին առողջապահության ֆինանսավորման կարգը

1. Պետական բյուջեի հաշվին բյուջետային հիմնարկների ֆինանսավորման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնություն եւ սպասարկում կարող են իրականացնել առողջապահական պետական ծրագրերով նախատեսված բժշկական օգնության ու սպասարկման տեսակներ իրականացնող, լիազոր մարմնի կողմից սահմանված բժշկական օգնության եւ սպասարկման որակի չափորոշիչներին համապատասխանող առողջապահական կազմակերպությունները` անկախ սեփականության ձեւից ու կազմակերպաիրավական տեսակից:

3. Առողջապահական պետական ծրագրերի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է համապատասխան լիազոր մարմնի եւ առողջապահական կազմակերպության միջեւ կնքված պայմանագրին համապատասխան:

4. Առողջապահական պետական ծրագրերի շրջանակներում մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ծախսերի փոխհատուցման մասին օրինակելի պայմանագրի ձեւը սահմանում է լիազոր մարմինը:

5. Առողջապահական պետական ծրագրերի շրջանակներում մատուցվող բժշկական օգնության ու սպասարկման ծախսերի փոխհատուցման մասին պայմանագրի կնքման պայմանները եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Պետական բյուջեի միջոցների հաշվին դրամաշնորhների եւ սուբսիդիաների  տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 18. Առողջապահության ֆինանսավորումը բժշկական ապահովագրության միջոցների հաշվին

1. Բժշկական ապահովագրությունը բնակչության սոցիալական պաշտպանության ձեւ է, որն ուղղված է առողջության պահպանման կամ առողջության կորստի հետ կապված ֆինանսական ծախսեր կրելու ռիսկի նվազեցմանը:

2. Բժշկական ապահովագրությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5.

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 19. Առողջապահության բնագավառում գործունեության տեսակները

1. Առողջապահության բնագավառում գործունեությունն ուղղված է բնակչության առողջության պահպանմանը եւ ամրապնդմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը, բուժմանն ու բժշկական վերականգնմանը, բուժաշխատողների պատրաստմանը եւ վերապատրաստմանը, առողջության պահպանման նոր մեթոդների ու տեխնոլոգիաների ներդրմանը:

2. Առողջապահության բնագավառում գործունեության տեսակներն են`

1)   բժշկական օգնություն եւ սպասարկում.

2)   սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում.

3)   դեղագործական գործունեություն.

4)   բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին, բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում.

5)   գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն.

6) բժշկական փորձաքննություն:

Հոդված 20. Բժշկական օգնություն եւ սպասարկում

Հայաստանի Հանրապետությունում մատուցվող բժշկական օգնությունը եւ սպասարկումը պետք է համապատասխանի լիազոր մարմնի կողմից սահմանված բժշկական օգնության եւ սպասարկման որակի չափորոշիչներին:

Հոդված 21. Բժշկական օգնության եւ սպասարկման տեսակները

1. Բժշկական օգնության եւ սպասարկման տեսակներն են`

1) առաջնային բժշկական օգնություն.

2) մասնագիտացված բժշկական օգնություն:

2. Առաջնային բժշկական օգնությունն առավել մատչելի մեթոդների եւ տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ է:

3. Առաջնային բժշկական օգնության հիմնական սկզբունքներն են`

1) բնակչության առողջության ընթացիկ հսկողությունը անկախ առողջության վիճակից, սեռից եւ տարիքից, բժշկական օգնության եւ սպասարկման կանխարգելիչ ուղղվածությունը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը, ախտորոշումը եւ բուժումը.

2) տարածքային հասանելիությունը.

3) քաղաքացիներին մատուցվող առաջնային բժշկական օգնության պետական ֆինանսավորումը:

4. Առաջնային բժշկական օգնությունը ներառում է`

1) առավել տարածված եւ ստացիոնար բուժում չպահանջող վիճակների բուժում.

2) հիվանդությունների կանխարգելում, առողջ ապրելակերպի քարոզչություն եւ առողջության ամրապնդում.

3) ընտանիքի առողջության պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացում.

4) բժշկական հաստատություններում, անհրաժեշտության դեպքում ըստ բնակության վայրի, բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրում:

5. Մասնագիտացված բժշկական օգնությունը ախտորոշման եւ բուժման հատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ է:

6. Մասնագիտացված բժշկական օգնության հիմնական սկզբունքներն են`

1) բժշկական օգնությունն ու սպասարկումն ըստ առողջական խնդրի, պացիենտի սեռի կամ տարիքի.

2) նեղ մասնագիտացված բժշկական օգնության եւ սպասարկման իրականացումը բժշկական հաստատություններում:

Հոդված 22. Բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման ձեւերը

1. Բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման ձեւերն են`

1) հիվանդանոցային.

2) արտահիվանդանոցային.

3. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում  է բժշկական միջոցառումների համալիր կիրառում` ախտորոշում, բուժում, անմիջական բժշկական հսկողություն եւ հատուկ խնամք պահանջող հիվանդությունների դեպքում:

4. Արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում չպահանջող իրավիճակներում:

ԳԼՈՒԽ 6.

ԲԺՇԿԱԿԱՆ, ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 23. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական կրթությունը

1. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական կրթությունն իրականացվում է բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական միջին, բարձրագույն եւ հետբուհական կրթական ծրագրերով:

2. Բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական միջին, բարձրագույն եւ հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորումն ու պետական հավատարմագրումն իրականացնում է լիազոր մարմինը՝ կրթության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ:

3. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին, բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչները մշակում եւ հաստատում է լիազոր մարմինը՝ կրթության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ:

4. Լիազոր մարմինը բուժաշխատողների պահանջարկի դիտարկումների եւ կանխատեսումների հիման վրա իրականացնում է կադրային պլանավորում:

Հոդված 24. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին մասնագիտական կրթական ծրագրեր

1. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման նպատակն առողջապահության բնագավառում միջին մասնագիտական որակավորման մասնագետներ պատրաստելն է:

2. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է բժշկական ու դեղագործական միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնելու լիցենզիա ունեցող քոլեջներում եւ ուսումնարաններում:

3. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին մասնագիտական կրթական ծրագրերն իրականացվում են միայն առկա (ստացիոնար) ձեւով:

4. Բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական միջին մասնագիտական կրթությունն իրականացնելու լիցենզիա ունեցող քոլեջների եւ ուսումնարանների ավարտական ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական միջին մասնագիտական որակավորում:

5. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին մասնագիտական կրթական ծրագրերի տեւողությունն առնվազն 2 տարի է:

6. Դեղագործական միջին մասնագիտական որակավորում ունեցող անձը չի կարող ինքնուրույն զբաղվել մասնագիտական գործունեությամբ:

Հոդված 25. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական բարձրագույն կրթական ծրագրեր

1. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման նպատակը բժիշկներ, բուժքույրեր, ատամնաբույժներ ու դեղագետներ պատրաստելն է:

2. Բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական բարձրագույն կրթությունն իրականացվում է բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնելու լիցենզիա ունեցող ուսումնական հաստատություններում:

3. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական բարձրագույն կրթական ծրագրերն իրականացվում են միայն առկա (ստացիոնար) ձեւով:

4. Բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական բարձրագույն կրթությունն իրականացնելու լիցենզիա ունեցող ուսումնական հաստատությունների ավարտական ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է համապատասխանաբար  դիպլոմավորված բժշկի, բուժքույր բակալավրի, ատամնաբուժի եւ դեղագետի որակավորում:

5. Բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի տեւողությունն առնվազն 6 տարի է, ատամնաբուժական եւ դեղագործական բարձրագույն կրթական ծրագրերինը՝ առնվազն 5 տարի, բուժքույրական բարձրագույն կրթական ծրագրերինը՝ առնվազն 4 տարի:

Հոդված 26. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական հետբուհական մասնագիտական կրթություն

1. Բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է կլինիկական օրդինատուրայում (ռեզիդենտուրայում), ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, վերամասնագիտացման եւ շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերով:

2. Կլինիկական օրդինատուրայում բժշկական, ատամնաբուժական եւ դեղագիտական հետբուհական մասնագիտական կրթություն անցած շրջանավարտներին շնորհվում է համապատասխանաբար բժիշկ մասնագետի, ատամնաբույժ մասնագետի կամ դեղագետ մասնագետի որակավորում եւ լիցենզիա:

3. Ասպիրանտուրայում եւ դոկտորանտուրայում բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական բարձրագույն կրթության հիման վրա` բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնելու լիցենզիա ունեցող ուսումնական հաստատություններում կամ գիտական կազմակերպություններում` հետազոտողի ծրագրով:

4. Վերամասնագիտացման եւ շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերով բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է կլինիկական օրդինատուրայի հիման վրա:

5. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին մասնագիտական կրթական ծրագրերի հիման վրա վերամասնագիտացման եւ շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերով կրթությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից թույլտվություն ստացած միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտական կազմակերպություններում եւ բժշկական հաստատություններում:

6. Օրդինատուրայում բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար) ձեւով, իսկ ասպիրանտուրան, դոկտորանտուրան, վերամասնագիտացման եւ շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերը` առկա եւ հեռակա ձեւով:

ԳԼՈՒԽ 7.

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ

Հոդված 27. Բժշկական հաստատություններ

1. Բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների եւ կազմակերապական ձեւերի հիման վրա գործունեություն իրականացնող բժշկական հաստատությունների տեսակների ցանկը, դրանց ներկառուցվածքային պարտադիր ստորաբաժանումները եւ ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը:

2. Բժշկական հաստատության տեսակը պետք է արտացոլվի դրա անվանման մեջ: Լիցենզիա չունեցող, այդ թվում` նոր ստեղծվող կամ լիցենզիայի գործողությունը դադարեցված անձինք բժշկական հաստատության տեսակն իրենց անվանման մեջ չեն կարող օգտագործել վեց ամիս ավել ժամկետից:

Հոդված 28. Բժշկական հաստատությունների աշխատանքային կանոնակարգը

1. Բժշկական հաստատությունները պետք է ընդունեն աշխատանքային կանոնակարգ:

2. Բժշկական հաստատությունների աշխատանքային կանոնակարգը պետք է ներառի հետեւյալ տեղեկությունները`

1) բժշկական հաստատության, դրա բաժանմունքների եւ բժիշկների աշխատանքային ժամերը.

2) բժշկական հաստատության բժշկական օգնության եւ սպասարկման համար դիմելու կարգը.

3) բժշկական հաստատության կողմից առողջապահական պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող ծառայությունների ցանկը, դրանց տրամադրման կարգը եւ համավճարների չափը.

4)  բժշկական հաստատություն ընդունելության, դուրս գրման եւ ուղեգրման կարգը.

5) բժշկական փաստաթղթերից քաղվածք կամ պատճեն տրամադրելու կարգը.

6) բժշկական հաստատության կողմից մատուցվող ծառայությունների ցանկը եւ վճարովի ծառայությունների սակագները.

7) բողոքների եւ առաջարկությունների ներկայացման ու քննարկման կարգը:

Բժշկական հաստատությունների աշխատանքային կանոնակարգում կարող են սահմանվել բժշկական հաստատությունում վարքի կանոնները, հարակից ծառայություններից օգտվելու պայմանները եւ բժշկական հաստատության գործունեության եւ ծառայություններից օգտվելու մասին այլ տեղեկություններ:

3. Լիազոր մարմինը հաստատում է առանձին տեսակների պետական բժշկական հաստատությունների օրինակելի աշխատանքային կանոնակարգեր:

4. Բժշկական հաստատության աշխատանքային կանոնակարգը պետք է փակցված լինի բժշկական հաստատության տեսանելի վայրում (վայրերում):

Հոդված 29. Բժշկական հաստատությունների իրավունքները

Բժշկական հաստատություններն  իրավունք ունեն`

1) իրենց տրամադրված լիցենզիային համապատասխան իրականացնել կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական օգնություն.

2) սահմանել իրենց կողմից մատուցվող բժշկական եւ հարբժշկական ծառայությունների սակագները.

3) լիազոր մարմնի հետ կնքել պայմանագրեր` պետական առողջապահական ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության եւ  սպասարկման մասին.

4) ապահովագրել իրենց գործունեության հետ կապված քաղաքացիական պատասխանատվության ռիսկը.

5) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներ:

Հոդված 30. Բժշկական հաստատությունների պարտականությունները

Բժշկական հաստատությունները պարտավոր են`

1) բժշկական օգնություն եւ սպասարկում ցուցաբերել սահմանված որակի չափորոշիչներին համապատասխան.

2) յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի եւ այլ հանգամանքների առկայությունից.

3) պացիենտի պահանջով կամ համաձայնությամբ բժշկական օգնության եւ սպասարկման համար վճարողին տրամադրել անհրաժեշտ տվյալներ պացիենտին ցուցաբերված բժշկական օգնության եւ սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների եւ տրամադրված ծառայությունների սակագների մասին.

4) ներդնել բժշկական օգնության եւ սպասարկման որակի ներքին կառավարման կազմակերպական ու կառուցվածքային մեխանիզմներ.

5) ապահովել մարդու բժշկական օգնության դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման ու բուժման ընթացքում պարզված տվյալների եւ բժշկական փաստաթղթերի պաշտպանությունը եւ գաղտնիությունը.

6) կառավարության կողմից սահմանված կարգով վարել բժշկական փաստաթղթեր, օրենքով սահմանված դեպքերում լիազոր մարմին եւ այլ պետական կառավարման մարմիններին ներկայացնել վիճակագրական եւ այլ տեղեկություններ.

7) լիազոր մարմնին տեղեկացնել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, զանգվածային թունավորումների, շրջակա միջավայրի, ջրի, սննդամթերքի վարակվածության դեպքերի մասին:

Հոդված 31. Բուժաշխատողները

1. Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիա ստացած եւ մասնագիտական որակավորում ունեցող բուժաշխատողները: Մասնագիտական որակավորման ենթակա են`

1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բժշկական եւ ատամնաբուժական միջին կրթական ծրագրեր իրականացնելու լիցենզիա ունեցող կրթական հաստատություններում բժշկական կամ ատամնաբուժական միջին մասնագիտական որակավորում ստացած անձինք.

2) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բժշկական եւ ատամանաբուժական բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնելու լիցենզիա ունեցող կրթական հաստատություններում դիպլոմավորված բժշկի կամ ատամնաբույժի որակավորում ստացած եւ կլինիկական օրդինատուրա ավարտած բժիշկ եւ ատամնաբույժ մասնագետները.

3) այլ պետություններում միջին, բարձրագույն եւ հետբուհական բժշկական եւ ատամանաբուժական կրթություն ստացած անձինք, երբ օտարերկրյա միջին, բարձրագույն եւ հետբուհական բժշկական եւ ատամնաբուժական կրթական ծրագրերը առնվազն համարժեք են Հայաստանի Հանրապետության համապատասխան կրթական ծրագրերին, ինչի մասին եզրակացություն է տալիս լիազոր մարմինը:

2. Հայաստանի Հանրապետությունում բարեգործական եւ մարդասիրական ծրագրերի շրջանակներում օտարերկրյա բուժաշխատողներն իրավունք ունեն բժշկական գործունեությամբ զբաղվել առանց որակավորման ստուգման` լիազոր մարմնի կողմից թույլտվության պայմաններին եւ պահանջներին համապատասխան:

3. Բժշկական մասնագիտությունների ցանկը հաստատում է կառավարությունը:

Հոդված 32. Բժշկական էթիկա

1. Բժշկական էթիկայի կանոնները մարդասիրության եւ բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված բժիշկների գործունեությունը, վարվելակերպի, վարքագծի, միմյանց եւ պացիենտների հետ փոխհարաբերությունները կարգավորող նորմեր են:

2. Բժշկական էթիկայի կանոնները մշակվում եւ հաստատվում են լիազոր մարմնի կողմից:

3. Լիցենզավորման կարգերով նախատեսված դեպքերում բժշկական հաստատություններում պարտադիր պետք է ստեղծվի բժշկական էթիկայի հանձնաժողով:

4. Բժշկական էթիկայի հանձնաժողովները իրավունք ունեն բժշկական էթիկայի կանոններին առնչվող հարցերի քննարկման արդյունքում հանդես գալ լիազոր մարմնի առջեւ բուժաշխատողին բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիան կասեցնելու եւ դադարեցնելու միջնորդությամբ:

Հոդված 33. Բուժաշխատողի երդումը

1. Բժշկական, ատամանաբուժական, դեղագործական  միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները ավարտական փաստաթուղթ ստանալիս տալիս են երդում:

2. Երդման տեքստը հաստատում է լիազոր մարմինը:

Հոդված 34. Բժշկական գաղտնիք

1. Անձի բժշկական օգնության դիմելու փաստի, նրա հիվանդության ախտորոշման, առողջության վիճակի մասին, բժշկական հետազոտման ու բուժման ժամանակ ստացված այլ տեղեկությունները հանդիսանում են բժշկական գաղտնիք:

2. Բժշկական օգնության դիմելու փաստի, հիվանդության ախտորոշման, առողջության վիճակի, բժշկական հետազոտման ու բուժման մասին անանունացված տվյալները բժշկական գաղտնիք չեն հանդիսանում:

3. Բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կարող են փոխանցվել երրորդ անձանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:

4. Բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններն առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, կարող է փոխանցվել միայն`

1) պացիենտի հետազոտման եւ բուժման համար, երբ պացիենտն ի վիճակի չէ նկարագրել իր վիճակը.

2) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների եւ զանգվածային թունավորումների սպառնալիքի դեպքում.

3) հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի հարցման դեպքում, եթե առկա է հարուցված քրեական գործ.

4)  դատարանի որոշմամբ:

5.Սույն օրենքի դրույթների խախտմամբ բժշկական գաղտնիք բացահայտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 35. Բուժաշխատողների իրավունքները

1. Բուժաշխատողներն  իրավունք ունեն`

1) իրենց որակավորման համապատասխան իրականացնել կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական օգնություն.

2) ապահովագրել իրենց գործունեության հետ կապված քաղաքացիական պատասխանատվության ռիսկը.

3) անարգել  օգտագործել կազմակերպությունների կամ մարդկանց կապի միջոցները, ինչպես նաեւ առկա տրանսպորտային միջոցները` պացիենտին մոտակա բժշկական հաստատություն հասցնելու համար, երբ նրա կյանքին վտանգ է սպառնում.

4) պաշտպանել մասնագիտական պատիվը եւ արժանապատվությունը.

5) մասնագիտական գործունեության հետեւանքով իրենց առողջությանը հասցված վնասի դեպքում ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում.

6) կատարելագործել իրենց մասնագիտական գիտելիքները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան անցնել շարունակական մասնագիտական կրթական ծրագրեր:

2. Բուժաշխատողների կողմից կազմակերպությունների կամ  ֆիզիկական անձանց կապի, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների օգտագործմամբ պատճառված վնասի փոխհատուցումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 36. Բուժաշխատողների պարտականությունները

Բուժաշխատողները պարտավոր են`

1) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելիս առաջնորդվել պացիենտի շահերով եւ կամքով.

2) յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի եւ այլ հանգամանքների առկայությունից.

3) հոգատար եւ հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտների նկատմամբ.

4)  պացիենտին տեղյակ պահել իր հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման եւ բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետեւանքների ու բուժման արդյունքների մասին.

5) բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելիս կիրառել լիազոր մարմնի կողմից թույլատրված կանխարգելման, ախտորոշման, բուժման եւ վերականգնողական մեթոդներ, դեղեր, բժշկական սարքեր, բժշկական նշանակության առարկաներ.

6) լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով վարել բժշկական փաստաթղթերը.

7) ոստիկանությանը տեղեկացնել մարդու կյանքին իրական վտանգ ներկայացնող հանցագործության նշանների առկայության մասին.

8) կատարելագործել իրենց մասնագիտական գիտելիքները եւ հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան անցնել շարունակական մասնագիտական զարգացման կրթական ծրագրեր:

ԳԼՈՒԽ 8.

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ  ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 37. Մարդու առողջության պահպանման իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, լեզվից, սեռից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Հայաստանի Հանրապետությունում ունի առողջության պահպանման իրավունք:

2. Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պաշտպանությունը, հիգիենիկ, սանիտարական եւ հակահամաճարակային անվտանգությունը, աշխատանքի ու հանգստի բարենպաստ պայմանները, բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիությունը:

3. Այլ պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության պահպանման իրավունքն իրականացվում է տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

4. Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք եւ փախստականներն ունեն առողջության պահպանման իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

Հոդված 38. Առողջության վրա ազդող գործոնների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի զանգվածային լրատվության միջոցներով կամ համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի, պետական կառավարչական հիմնարկի կողմից ստանալ առողջության վրա ազդող գործոնների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ` հարցումների հիման վրա:

2. Մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող դեպքերի եւ գործոնների մասին տեղեկություններ թաքցնող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 39. Առողջությանը հասցված վնասի դիմաց հատուցում ստանալու մարդու իրավունքը

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր առողջությանը պատճառված վնասի դիմաց ստանալ հատուցում՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 40. Մարդու բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքը

1. Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում՝ պետության կողմից երաշխավորված առողջապահական ծրագրերի շրջանակներում:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այդ ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալ բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, սույն օրենքով նախատեսված այլ աղբյուրների հաշվին:

Հոդված 41. Մարդու եւ քաղաքացու իրավունքները բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս

Բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի՝

1) ընտրել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներին.

2) ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում՝ բուժական եւ սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող պայմաններում.

3) պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման, բուժման եւ վերականգնման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

4) իրազեկ լինել իր հիվանդության մասին եւ համաձայնություն տալ բժշկական միջամտության համար.

5) հրաժարվել բժշկական միջամտությունից, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից.

6) արժանանալ հարգալից վերաբերմունքի` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից.

7) բժշկական հաստատություններում իրականացնել կրոնական ծեսեր, եթե այն չի խախտում բժշկական հաստատության աշխատանքային կանոնակարգը եւ խանգարում պացիենտների հանգիստը:

Հոդված 42. Առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու մարդու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լիարժեք եւ հավաստի տեղեկություն ստանալ իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման, բուժման եւ վերականգնման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկ, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետեւանքների եւ բուժման արդյունքների մասին:

2. Մարդու առողջական վիճակի մասին տեղեկությունը նրա կամքին հակառակ չի կարող հաղորդվել նրան կամ այլ անձանց, բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի (1), (3), (4) եւ (5) կետերով սահմանված դեպքերի:

Հոդված 43. Համաձայնությունը բժշկական միջամտության համար

1. Բժշկական միջամտության համար մարդու համաձայնությունն անհրաժեշտ պայման է, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Բուժողի կամ պացիենտի պահանջով համաձայնությունը պետք է լինի նաեւ գրավոր:

3. Բժշկական միջամտության համաձայնությունը կարող է ետ կանչվել ցանկացած պահին, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկական միջամտության ընդհատումը կհանգեցնի պացիենտի մահվան կամ առողջության առավել վատթարացման:

4. Յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվել բժշկական մի՟ջամտությունից: Բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը՝ հնարավոր հետեւանքների նշումով, գրանցվում է բժշկական փաստաթղթերում եւ հավաստվում պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից:

Հոդված 44. Բժշկական միջամտությունն առանց մարդու համաձայնության

1. Այն դեպքերում, երբ անհետաձգելի բժշկական միջամտության կարիք ունեցող անձն ի վիճակի չէ արտահայտել իր կամքը եւ հնարավոր չէ ձեռք բերել բժշկական միջամտության մասին նրա օրինական ներկայացուցչի համաձայնությունը կամ հրաժարումը, բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը` ելնելով պացիենտի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից:

2. Այն դեպքերում, երբ անհետաձգելի բժշկական միջամտության կարիք ունեցող երեխայի ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները երեխայի շահերին հակառակ հրաժարվում են բժշկական միջամտությունից, բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը` ելնելով երեխայի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից:

3. Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 45. Արտակարգ իրավիճակներում տուժած անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքը

1. Արտակարգ իրավիճակներում տուժած անձինք բժշկական օգնություն եւ սպասարկում ստանում են պետական բյուջեի եւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Արտակարգ իրավիճակներում մարդկանց կյանքի եւ առողջության պաշտպանության կազմակերպումը կարգավորվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 46. Երեխայի առողջության պահպանման իրավունքը

1. Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման եւ ամրապնդման, պետական առողջապահական ծրագրերի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու իրավունք:

2. Երեխաները ենթակա են պարբերական բժշկական զննության եւ մշտական բժշկական հսկողության` լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով: Ծնողներն ու խնամակալները պարտավոր են ապահովել երեխայի պարբերական բժշկական զննության եւ մշտական դիսպանսեր հսկողության իրականացումը:

3. Անձինք, ովքեր խուսափում են երեխայի առողջության պահպանման եւ ամրապնդման իրենց պարտականություններից, պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 47. Հղի կանանց եւ մայրերի առողջության պահպանման իրավունքը

1. Հայաստանի Հանրապետությունում մայրությունը պաշտպանվում եւ խրախուսվում է պետության կողմից: Մայրության պաշտպանությունը ներառում է հղիության ընթացքում, ծննդաբերությունից առաջ եւ հետո պետական առողջապահական ծրագրերի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում, հղի կանանց համար աշխատանքի արտոնյալ պայմաններ, երեխայի ծննդի հետ կապված արձակուրդներ եւ նպաստներ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ արտոնություններՀա:

Հոդված 48. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող անձանց իրավունքները եւ պարտականությունները

1. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձինք իրավունք ունեն ստանալ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն եւ սպասարկում, բուժվել դրա համար նախատեսված մասնագիտացված բժշկական հաստատություններում:

2. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձինք պարտավոր են ենթարկվել բուժման եւ հաշվառման ու պարբերաբար ենթարկվել բժշկական հետազոտման՝ Հայաստանի Հանրա՟պետու՟թյան կառավարության կողմից սահմանված դեպքերում եւ կարգով:

3. Շրջապատին վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձինք պարտավոր են անցնել բժշկական զննություն, ենթարկվել ամբուլատոր կամ ստացիոնար  բուժման, կատարել բժշկի ցուցումները` հիվանդություններն այլ անձանց փոխանցումը կանխարգելելու նպատակով:

4. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձինք կարող են բուժման ենթարկվել հարկադրաբար` օրենքով սահմանված կարգով:

5. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը սահմանում է կառավարությունը:

Հոդված 49. Գործունեության առանձին տեսակներով զբաղվող անձանց պարտադիր բժշկական հետազոտումը

1. Առանձին մասնագիտությունների, ինչպես նաեւ առանձին կազմակերպությունների աշխատողները մասնագիտական հիվանդությունների կանխարգելման եւ բնակչության առողջության պահպանման նպատակով, նախքան նրանց աշխատանքի ընդունվելն ու աշխատելու ընթացքում պարտավոր են պարբերաբար ենթարկվել բժշկական հետազոտման՝ կառավարության կողմից սահմանված դեպքերում եւ կարգով:

2. Առանձին մասնագիտությունների, ինչպես նաեւ առանձին կազմակերպությունների աշխատողների մասնագիտական հիվանդությունների կանխարգելման եւ բնակչության առողջության պահպանման նպատակով պարտադիր բժշկական հետազոտման անցկացման ծախսերը հատուցվում են գործատուի կողմից:

Հոդված 50. Բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելիս նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառումը եւ կենսաբժշկական հետազոտությունների անցկացումը

1. Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրելիս թույլատրվում է մարդկանց բուժման նպատակով նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառումը եւ կենսաբժշկական հետազոտությունների անցկացումն այն դեպքերում, երբ նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառումը եւ կենսաբժշկական հետազոտությունների գիտական, լաբորատոր ու կենսաբանական փորձաքննությունները հիմք են տալիս եզրակացություն անել դրանց արդյունավետության եւ մարդու կյանքի ու առողջության նկատմամբ անվտանգության մասին եւ երբ առկա է հետազոտությունների անցկացման վերաբերյալ բժշկական էթիկայի հանձնաժողովի որոշումը:

2. Նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառումը, ցանկացած կենսաբժշկական հետազոտության անցկացումը կարող է իրականացվել բացառապես մարդու գրավոր համա՟ձայնության դեպքում: Նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառման եւ կենսաբժշկական հետազոտության իրականացման համաձայնություն ձեռք բերելիս, մարդը պետք է գրավոր տեղեկացվի հնարավոր կողմնակի երեւույթների, ռիսկի, հետազոտությունների տեւողության ու հնարավոր հետեւանքների մասին:

3. Մարդն իրավունք ունի հրաժարվել հետազոտությանը մասնակցելուց` դրա ցանկացած փուլում:

4. Արգելվում է նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառմանը եւ կենսաբժշկական հետազոտություններում մասնակցող անձանց նյութական խրախուսումը:

5. Արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառման եւ կենսաբժշկական հետազոտություններում մասնակցելու վերաբերյալ քարոզչությունը:

Հոդված 51. Էվթանազիայի արգելումը

1. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է էվթանազիան` պացիենտի խնդրանքով նրա մահվան արագացումը որեւէ գործողությամբ կամ միջոցներով:

2. Այն անձինք, ովքեր պացիենտին գիտակցաբար դրդում են էվթանազիայի կամ իրականացնում են այն, պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 52. Մարդու պարտականություններն առողջապահության բնագավառում

1. Յուրաքանչյուր ոք բժշկական օգնության եւ սպասարկման դիմելիս պարտավոր է բժշկին տրամադրել ճիշտ տեղեկություններ իր առողջական վիճակի ու ապրելակերպի վերաբերյալ:  Պացիենտի կողմից իր առողջական վիճակի ու ապրելակերպի վերաբերյալ միտումնավոր կեղծ տեղեկություններ տրամադրելու դեպքում բժիշկը ազատվում է կեղծ տեղեկությունների հետեւանքով պացիենտի առողջությանը իր կողմից  պատճառված վնասի համար պատասխանատվությունից:

2. Յուրաքանչյուր ոք բժշկական օգնություն ու սպասարկում ստանալիս պարտավոր է ենթարկվել բժշկական հաստատության աշխատանքային կանոնակարգին:

3. Մարդու կյանքին վտանգ սպառնալու դեպքում, անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերող բժշկի պահանջով յուրաքանչյուր ոք պարտավոր է  վերջինիս տրամադրել տրանսպորտային, կապի եւ այլ միջոցներ:

4. Հղի կանայք պարտավոր են պարբերաբար անցնել բժշկական զննություն ու կատարել բժշկական ցուցումները եւ նշանակումները:

ԳԼՈՒԽ 9.

ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 53. Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը

1. Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը հիվանդության, վնասվածքի, հղիության, ծննդաբերության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, պրոթեզավորման, առողջարանային բուժման հետ կապված անաշխատունակության եւ անաշխատունակության ժամկետների, ժամանակավորապես կամ մշտապես այլ աշխատանքի տեղափոխման կամ բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման անհրաժեշտության որոշումն է:

2. Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունն իրականացվում է բուժող բժշկի կողմից, որը քաղաքացիներին տալիս է անաշխատունակության թերթիկ` մինչեւ 15 օրացույցային օր ժամկետով: Ավելի երկար ժամկետով անաշխատունակության թերթիկներ տրվում են բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից` բուժող բժշկի ներկայացմամբ:

3. Անաշխատունակության թերթիկում նշվում է գործող հիվանդությունների միջազգային դասակարգման համակարգի ծածկագիրը: Հիվանդության ախտորոշումն անաշխատունակության թերթիկում նշվում է միայն պացիենտի պահանջով:

4. Անաշխատունակության թերթիկի  ձեւը եւ տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Հոդված 54. Բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման համար բժշկական փորձաքննություն

1. Բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման համար բժշկական փորձաքննությունը որոշում է հիվանդության, վնասվածքի, խեղման եւ արատների հետեւանքով օրգան համակարգերի ֆունկցիաների խանգարման աստիճանը, որոնք բերել են օրգանիզմի ֆունկցիաների կայուն կամ տեւական խանգարման, եւ գործունեության սահմանափակումների առկայությունը:

2. Բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման համար բժշկական փորձաքննությունը իրականացվում է բժշկական հաստատությունների կողմից:

3. Բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը հիմք է հանդիսանում անձի բժշկասոցիալական փորձաքննության անցկացման համար:

4. Բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման համար բժշկական փորձաքննությունն իրականացնելու իրավունք ունեցող բժշկական հաստատություններին ներկայացվող պահանջները եւ իրականացման կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 55. Ռազմաբժշկական փորձաքննությունը

1. Ռազմաբժշկական փորձաքննությունը որոշում է զինվորական ծառայության անցնելու ենթակա քաղաքացիների, զինծառայողների, պահեստազորի զինծառայողների առողջական վիճակով պայմանավորված պիտանիությունը, հաստատում է զինծառայողի ու զինծառայությունից արձակվածների հիվանդությունների, վնասվածքների պատճառական կապը զինծառայության հետ, սահմանում է բժշկական, սոցիալական, մասնագիտական վերականգնման իրականացման տեսակները, ծավալը եւ ժամկետները:

2. Ռազմաբժշկական փորձաքննությունը կազմակերպվում եւ իրականացվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կառավարության կողմից սահմանված կարգով:

3. Ռազմաբժշկական փորձաքննության եզրակացությունները կարող են օրենսդրությանբ սահմանված կարգով բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

Հոդված 56. Դատաբժշկական, դատահոգեբուժական եւ դատանարկոլոգիական փորձաքննությունը

1. Դատաբժշկական, դատահոգեբուժական եւ դատանարկոլոգիական փորձաքննությունը նշանակվում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ, իրականացվում է դատաբժշկական փորձաքննության գործակալության, լիազոր մարմնին առընթեր միջգերատեսչական դատահոգեբուժական եւ դատանարկոլոգիական փորձաքննությունների հանձնաժողովների կամ դատարանի որոշմամբ նշանակված հանձնաժողովի կողմից:

2. Ժամանակավոր անաշխատունակության, բժշկասոցիալական եւ ռազմաբժշկական փորձաքննության եզրակացությունների դատական բողոքարկման դեպքում, դատաբժշկական ու դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն փորձագետը, որը մասնակցել է վիճարկվող փորձաքննությանը կամ գտնվում է ծառայողական կամ այլ կախվածության մեջ այն մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից եւ քաղաքացիներից, որոնք շահագրգռվածություն ունեն տվյալ փորձաքննության արդյունքների մեջ:

Հոդված 57. Ախտաբանաանատոմիական հերձումներ

1. Ախտաբանաանատոմիական հերձումներն անցկացվում են մահվան պատճառի  որոշման եւ ախտորոշիչ նպատակներով:

2. Ախտաբանաանատոմիկական հերձումների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 10.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 58. Պատասխանատվությունն օրենքը խախտելու համար

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 11.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 59. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Ուժը կորցրած ճանաչել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքը:

3. Սույն օրենքը ֆիզիկական անձանց կողմից բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման լիցենզավորման մասով ուժի մեջ է մտնում համապատասխան լիցենզավորման եւ որակավորման կարգերն ընդունելուց երկու տարի հետո: