Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-369-14.09.2018-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 30.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

 «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մերժման հիմքերից բացի նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաեւ, եթե՝

1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա ՝

ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր.

բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40տոկոս եւ ավելի է.

գ. որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր եւ նախատեսվող ջրառի եւ ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը:

Սույն մասով նախատեսված գետերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝

ա. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում,

բ. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում,

գ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում,

դ. գետերի հոսքի ձեւավորման տարածքներում,

ե. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ,

զ. անտառային տարածքներում, որոնք հատվելու են շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելիս, բացառությամբ պետական անտառային հողերում աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքերի:

Սույն մասով նախատեսված սողանքային տարածքները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»

Հոդված 2. Օրենսգրքի 33-րդ հոդվածի`

1) 3-րդ  մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել, բացառությամբ հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ստանալու նպատակով տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների:»։

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ստանալու նպատակով ջրօգտագործման թույլտվության համար դիմած անձին (անկախ տվյալ տարածքում ջրավազանային կառավարման պլանի առկայության հանգամանքից) ջրօգտագործման թույլտվությունը տրվում է 1 տարի ժամկետով, որը լիցենզիայի ստացման դեպքում համարվում է երկարաձգված` լիցենզիայի ժամկետին հավասար, բայց ոչ ավելի, քան 20 տարին, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ ժամկետ սահմանված չէ, որի դեպքում ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված ջրավազանային կառավարման պլանով նախատեսված ժամկետով: Ջրավազանային կառավարման պլանների հաստատումից կամ դրանցում փոփոխություններ կատարելուց հետո նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները ենթակա են վերանայման:»։

Հոդված 3. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասը «դեպքում» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված դեպքերի)» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Վերջին տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք  ոլորտը դարձրել են բարձր ռիսկայնության եւ հրատապ լուծում են պահանջում:

Փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը էական վնաս է հասցնում բնությանը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական եւ կենդանական տեսակները, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով եւ հայտնվում  ճգնաժամային վիճակում:

Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը եւ հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիները եւ գետերի ցանկը, որոնք կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները:

Սույն օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի նիստի N 29.6/[396370]-17(10) արձանագրության 1-ին կետի 3-րդ ենթակետի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը եւ արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 338-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 7-րդ կետի հանձնարարականների:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասով, որով ամրագրվել են ՓՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիները եւ, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը: Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի եւ այդ  լիցենզիան ստանալու նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվության ժամկետների կարգավորման նպատակով խմբագրվել են ՀՀ ջրային օրենսգիքի 34-րդ, 33-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերը:

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծի ընդունումից հետո անհրաժեշտություն կառաջանա  մշակել «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գետերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը եւ հավասարակշռության ապահովմանը:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման


«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ   ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

     «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում


«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում են նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվություններ հայտերի մերժման դեպքերը, մասնավորապես` երբ դրանք կառուցվելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիների եւ գետերի վրա:

Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են Էլեկտրաէներգիայի շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում էական ազդեցությունը բացակայում է:

Հիմք ընդունելով ազդեցության գնահատման նախնական փուլի արդյունքները` արձանագրվում է Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)  տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում են նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման դեպքերը, մասնավորապես` երբ դրանք կառուցվելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիների եւ գետերի վրա:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել մի շարք սահմանափակումներ փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն, որ փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար ?Պետական տուրքի մասին? ՀՀ օրենքով սահմանված է պետական տուրք` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել բացասական:

Նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ՀՀ պետական ու ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի վրա կլինի չեզոք:

ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին: 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ  կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության  գնահատման մասին


1. «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Oրենք) ընդունումը  շրջակա միջավայրի` մասնավորապես ջրային էկոհամակարգերի վրա կունենա դրական ազդեցություն, քանի որ ուղղված է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց ստեղծված բնապահպանական խնդիրների լուծմանը, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությանը եւ հավասարակշռության ապահովմանը:

2. Oրենքի չընդունման դեպքում կշարունակվի փոքր հիդրոէլեկտրակայանների  բացասական ազդեցությունը էկոհամակարգերի՝ մասնավորապես ջրային էկոհամակարգերի վրա, կվտանգվեն Կարմիր գրքում գրանցված բուսական եւ կենդանական տեսակները, գետերը կծանրաբեռնվեն դերիվացիոն խողովակներով եւ կհայտնվեն  ճգնաժամային վիճակում:

3. Oրենքը բնապահպանության ոլորտին առնչվում է եւ ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքներին եւ պահանջներին չի հակասում: Օրենքի նախագծի ընդունմամբ բնապահպանության ոլորտի քաղաքականությունն առավել նպատակաուղղված կլինի շրջակա միջավայրի իրական բարելավմանը, բնական ռեսուրսների բոլոր բաղադրիչների համալիր պահպանության եւ կայուն oգտագործման ապահովմանը:

Oրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունն առկա  չէ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ