Հոդված 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
5) Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին հոդվածով՝
«Հոդված 7.1. Ամենայն Հայոց Կաթողիկոսի պետական պահպանությունը
Ամենայն Հայոց Կաթողիկոսին պետական պահպանություն տրամանադրվում է նրա կաթողիկոսական ձեռնադրման պահից՝ մինչեւ գահակալության ավարտը:»
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ դրա ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գահակալող Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները ներկայումս. ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:
Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները կարգավորված են 2007թ.-ի փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով:
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն հոգեւոր պետը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: Դեռեւս խորհրդային տարիներից Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը եղել է պետական հոգածության առարկա: Հայաստանի Հանրապետության տարածքում եւ տարածքից դուրս գտնվելու ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը բխում է ՀՀ Սահմանադրության եւ պետություն-ազգային եկեղեցի առանձնահատուկ հարաբերությունների տառից եւ ոգուց:
Ներկայումս «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի երաշխավորում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը՝ օրենքի Կաթողիկոսի անվտանգության մասով կիրառումը թողնելով վարչապետի հայեցողությանը: Մինչդեռ թե Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ թե արտասահմանում ժամանակակից վտանգները հստակ մարտահրավեր են Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովման համար, ինչի վառ օրինակն է վերջին շրջանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ոտնձգությունները:
Կարգավորման նպատակը. Կարգավորման նպատակն է իրավական երաշխիքներ սահմանել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն հոգեւոր պետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովման համար:
Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման դեպքում օրենքով սահմանված կարգով կերաշխավորվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը ճիշտ այնպես, ինչպես երաշխավորված է Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվի օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ: Օրենքով սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կանխարգելիչ դերակատարություն կունենա Հայաստանի Հանրապետության տարածքում եւ տարածքից դուրս Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության սպառնալիքների չեզոքացման եւ կանխարգելման համար:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ Ա. ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
25 սեպտեմբեր, 2018
Երեւան, Հայաստան
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ Ձեզ եմ ներկայացնում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի Աշխատակարգի 25-րդ հոդվածի համաձայն՝ գրությանը կից ներկայացնում եմ
1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը,
2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,
3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ Մ. ՀԱԿՈԲՅԱՆ(022)