Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի մայիսի 8-ի ՀՕ-297 օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի 5-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների, եռամսյակների կամ ամիսների:» :
Հոդված 2. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի մայիսի 8-ի ՀՕ-297 օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետից հանել 6-րդ պարբերությունը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ոլորտում ներկայումս գոյություն ունեցող հիմնախնդիրներից իր սոցիալական նշանակությամբ հատկապես առանձնանում է ուսման վարձի վճարման հետ կապված խնդիրը, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցող, սակայն սոցիալական ոչ բարենպաստ պայմաններում գտնվող անձանց համար: Ընդ որում, խնդիրը կապված է ոչ միայն ուսման վարձի մեծ չափերի, այլ նաեւ դրա վճարման մեխանիզմի հետ: Մասնավորապես, համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի 5-րդ պարբերության «Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների»: Միաժամանակ, նույն կետի 6-րդ պարբերության համաձայն՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունները ըստ անհրաժեշտության սահմանում են նաեւ ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ»: Նման ձեւակերպումը որոշակիորեն խոցելի է, քանի որ ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմների սահմանումը թողնվում է բուհերի հայեցողությանը` հաշվի չառնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերում սովորողների շահերը:
Առաջարկվող կարգավորումը
Առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի եռամսյակային եւ ամսական վճարման հնարավորությունը:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
27 սեպտեմբերի 2018թ.
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝
ա/ նախագիծը (հիմնական զեկուցող` Տիգրան Ուրիխանյան)
բ) նախագծի ընդունման հիմնավորումը
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում եմ սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ