Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք).
1. վերնագրում «ինտերնետ շահումով խաղերի» բառերը փոխարինել «գովազդային վիճակախաղի» բառերով.
2. «ինտերնետ շահումով խաղեր» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «գովազդային վիճակախաղ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի.
1. 1-ին պարբերությունից հանել «, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի» եւ «եւ (կամ) ինտերնետ» բառերը.
2. 17-րդ եւ 18-րդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած.
3. լրացնել նոր պարբերություններով.
«վիճակախաղ` հրապարակային միջոցառում, որի ընթացքում կազմակերպիչը մասնակիցների միջեւ անցկացնում է վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկություն, ընդ որում, շահումները կախված չեն նրա գործողություններից եւ կամքից, այլ բացառապես արդյունք են պատահականության.
գովազդային վիճակախաղ` կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձեւավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձեւավորվում գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձեւավորված զուտ շահույթի հաշվին եւ գերազանցում է տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն.»:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածը.
1. լրացնել նոր՝ 3.1-րդ մասով.
«3.1. Գովազդային վիճակախաղերի կազմակերպիչները կարող են իրենց անվանումների, վիճակախաղերի տոմսերի, ցուցանակների եւ գովազդների մեջ օգտագործել «վիճակախաղ» բառը, դրա ածանցյալները կամ թարգմանությունները, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ այդ բառի օգտագործման իմաստից ակներեւ է, որ խոսքը չի վերաբերում վիճակախաղերի կազմակերպման գործունեությանը:»:
2. 4-րդ եւ 5-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում արգելվում է վիճակախաղերի /բացառությամբ՝ գովազդային վիճակախաղի/ կամ ինտերնետ շահումով խաղերի գործունեության իրականացումը, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ՝ այլ պետություններում գրանցված առեւտրային կազմակերպությունների կողմից: »:
Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածում «համապատասխանաբար» բառից հետո լրացնել «գովազդային վիճակախաղի կամ» բառերը:
Հոդված 7. Օրենքը լրացնել նոր՝ 5.1-րդ հոդվածով.
«Հոդված 5.1. Գովազդային վիճակախաղի կազմակերպմանը ներկայացվող պահանջները
1. Գովազդային վիճակախաղի կազմակերպիչը.
1) նախքան վիճակախաղի գովազդի հրապարակումը դրա բովանդակությունը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ, ընդ որում, վերջինս չի տալիս իր համաձայնությունը, եթե գովազդը հակասում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, լիազոր մարմնի հետ համաձայնեցված գովազդային վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի դրույթներին, պարունակում է թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ.
2) իրային շահումների խաղարկման դեպքում գովազդային վիճակախաղի շահող մասնակցին տեղեկացնում է այդ իրային շահմանը համարժեք դրամական չափի մասին եւ շահողի ցանկությամբ տրամադրում դրամական շահումը.
3) շահման փաստը եւ արժեքը հրապարակում է միայն շահողի համաձայնությամբ, բացառությամբ՝ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.
4) շահողի առաջին իսկ պահանջով տրամադրում է շահումը.
5) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում տարեկան պետական տուրքի գումարը.
6) գովազդային վիճակախաղը կազմակերպում է իր սահմանած եւ լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան.
7) օգտագործում է իր ֆիրմային անվանումը (լոգոն).
8) գովազդային վիճակախաղի մասնակցի առաջին իսկ պահանջով տրամադրում է տվյալ վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի լուսապատճենը` այդ վիճակախաղի պայմաններին ծանոթանալու համար.
2. Գովազդային վիճակախաղի տոմսում արտացոլված վավերապայմանները համարվում են լիազոր մարմնի հետ համաձայնեցված` համապատասխան վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի անբաժանելի մասը:
3. Գովազդային վիճակախաղերի տոմսերի խաղարկության սկիզբ է համարվում տոմսի վրա նշված ժամը:
4. Լիազոր մարմինը գովազդի վերաբերյալ իր համաձայնությունը պարտավոր է տալ կամ այն մերժել գովազդը իրեն ներկայացնելու օրվանը հաջորդող տասն օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում համաձայնություն տալը չի մերժվում, ապա այն համարվում է տրված:
5. Գովազդային վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք:
6. Գովազդային վիճակախաղի կազմակերպիչը յուրաքանչյուր խաղարկության անցկացումից հետո` հնգօրյա ժամկետում, http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է տվյալ վիճակախաղի խաղարկության արդյունքները` նշելով վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը եւ տվյալ վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները` ըստ շահման փուլերի, տոմսերի համարների (սերիաների) եւ շահումի չափի:»:
Հոդված 8. Օրենքի 6-րդ հոդվածից.
1. հանել «ինտերնետ շահումով խաղեր» բառերը, եւ դրանց հոլովաձեւերը.
2. 2.1-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 7-րդ հոդվածից.
1. հանել «ինտերնետ շահումով խաղեր» բառերը, եւ դրանց հոլովաձեւերը.
2. 1.1-րդեւ 1.2-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած.
3. 3-րդ մասի 2-րդ պարբերությունից հանել «եւ 30-օրյա՝ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման դեպքում» բառերը:
Հոդված 10. Օրենքը լրացնել նոր՝ 7.1-րդ հոդվածով.
«Հոդված 7.1. Գովազդային վիճակախաղերի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը
1. Գովազդային վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգում պետք է արտացոլվեն.
1) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու եւ գործունեության իրականացման վայրերը.
2) վիճակախաղի ֆիրմային անվանումը (լոգոն), վիճակախաղի անվանումը.
3) վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման նկարագիրը.
4) վիճակախաղի խաղարկության անցկացման հրապարակման կարգը.
5) վիճակախաղի խաղարկությունների անցկացման հաճախականությունը.
6) վիճակախաղի խաղարկությունների անցկացման վայրը.
7) վիճակախաղի տոմսի նկարագիրը.
8) շահումները տալու վայրը, ժամկետը.
9) վիճակախաղի կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները.
10) վիճակախաղի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:
2. Գովազդային վիճակախաղի տոմսը պետք է պարունակի.
1) վիճակախաղի կազմակերպչի ֆիրմային անվանումը.
2) վիճակախաղի ֆիրմային անվանումը (լոգոն), վիճակախաղի անվանումը.
3) վիճակախաղի տոմսի գինը.
4) վիճակախաղի տոմսի համարը (սերիան).
5) շահումը որոշելու կարգը, որը պետք է համապատասխանի լիազոր մարմնի հետ համաձայնեցված` տվյալ վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգով սահմանված կարգին.
6) շահումների վճարման վայրը, կարգը եւ ժամկետները.
7) թողարկման կամ խաղարկության հերթական համարը.
8) վիճակախաղի տոմսերի խաղարկության վայրը կամ հեռուստաալիքը, անցկացման տարեթիվը, ամիսը, օրը եւ ժամը:
3. Վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը եւ վիճակախաղի տոմսի աշխատանքային նմուշը լիազոր մարմնի համաձայնեցմանն են ներկայացվում լիցենզիա ստանալու հայտի հետ միասին:
4. Կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգում կատարվող փոփոխությունները կամ լրացումները կամ վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման նոր կանոնակարգերը, նախքան դրանց կիրառումը, համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` փոփոխությունները կամ լրացումները կամ վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման նոր կանոնակարգերը ներկայացնելով լիազոր մարմին` երկու օրինակից:
Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին կամ լրացումներին կամ վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման նոր կանոնակարգերին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է կազմակերպչին:
Եթե լիազոր մարմինն ընդունել է կանոնակարգի փոփոխություններին կամ լրացումներին կամ վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման նոր կանոնակարգերին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպիչը պարտավոր է այդ որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հայտատուին տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված` վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգում կատարված փոփոխության կամ լրացման կամ վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման նոր կանոնակարգի մեկ օրինակը: Եթե կազմակերպիչը վերը նշված որոշումն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա լիազոր մարմնի որոշումը` կանոնակարգի փոփոխություններին կամ լրացումներին կամ վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման նոր կանոնակարգերին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փոփոխություններին կամ լրացումներին կամ վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման նոր կանոնակարգերին լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե դրանք`
ա) հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ այլ իրավական ակտերին.
բ) հակասում են սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասի պահանջներին:
Հոդված 11. Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 11-րդ հոդվածի.
1. 2-րդ մասից «եւ 2.1-ին մասի «զ1» կետերի» բառերը փոխարինել «կետի» բառով.
2. 3-րդ մասից «եւ 2.1-ին մասի «ա1» եւ «բ4» կետերի» բառերը փոխարինել «կետի» բառով:
Հոդված 13. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետից հանել «կամ 2.1-ին մասի «բ2», «գ», «ե2»» բառերը:
Հոդված 14. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը.
1. լրացնել նոր՝ «ա1» եւ «ա2» կետերով.
«ա1) խախտել է սույն օրենքի 5.1-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետով սահմանված պահանջը` յուրաքանչյուր խախտման համար հարյուր հազար դրամի չափով.
ա2) խախտել է սույն օրենքի 5.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջը` հարյուր հազար դրամի չափով.».
2. «ա» կետից հանել «(ինտերնետ շահումով խաղերի դեպքում՝ յուրաքանչյուր խաղի)» բառերը.
3. «բ» կետից հանել «կամ 2.1-ին մասի «ա» կետով» բառերը.
4. «բ1» կետում «կամ 2.1-ին մասի «ժ» կետերի» բառերը փոխարինել «կետի» բառով.
5. «դ» կետում «կամ 2.1-ին մասի «զ» կամ «զ2» կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով.
6. «զ» կետի «կամ 5-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով սահմանված» բառերով.
7. «է» կետում «կամ 2.1-ին մասի «ե» կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով.
8. «ը» կետը «7-րդ հոդվածով » բառերը փոխարինել «7-րդ եւ 7.1-րդ հոդվածներով» բառերով:
Հոդված 15. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետից հանել «կամ 2.1-ին մասի «բ» կամ «բ3» կամ «է» կամ «ժա»» բառերը:
Հոդված 16. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետից հանել «կամ 2.1-ին մասի «ա» կետով» բառերը:
Հոդված 17.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի ապրիլի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Վիճակախաղերի մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների եւ կից նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Ինչպես ցույց են տալիս մասնագիտական ուսումնասիրություններն ու վիճակագրությունը, վիճակախաղի կամ շահումով խաղերի հանդեպ առավել մեծ հակվածություն եւ հետաքրքրություն առկա է այն երկրներում, որտեղ տնտեսական զարգացման ցուցանիշներն ու մարդկանց կենսամակարդակը գտնվում է առավել ցածր աստիճանի վրա: Սա մասնագիտորեն բացատրվում է այն հանգամանքով, որ ցածր, ոչ բավարար եկամուտներ ունեցող, կամ լրացուցիչ ֆինանսների կարիք ունեցող շատ մարդիկ, որպես ֆինանսական դրության բարելավման հեշտ միջոց դիտում են վիճակախաղը կամ շահումով խաղը: Հանգամանքը, որ վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպման ու դրա աստիճանական սահմանափակումների պատմությունը էականորեն տարբեր են ամերիկյան, եվրոպական, աֆրիկյան ու ասիական մայրցամաքներում, այդ մայրցամաքների երկրներում, առավել քան խոսուն է: Ելնելով մեր երկրի տնտեսական ցուցանիշներից, ազգային հարստության բաշխման կառուցվածքից, աղքատության վիճակագրությունից եւ այլ հանգամանքներից, կարելի է փաստել, որ Հայաստանն այդ առումով գտնվում է ռիսկային երկրների ցանկում, որտեղ գնալով շատուշատ մարդիկ իրենց ունեցած ֆինանսական կամ եկամուտների ավելացման եղանակ են համարում վիճակախաղը կամ շահումով խաղը: Այլ բան, որ, կրկին, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, որքան շատ մարդ է ներգրավվում այդ ոլորտում, այնքան ավելի է խորանում սոցիալական բեւեռացվածությունը, այնքան ավելի շատ մարդիկ են աղքատանում՝ այդ եկամուտները կենտրոնացնելով նման գործունեություն ծավալող կազմակերպությունների ու նրանց սեփականատերերի ձեռքում:
Վիճակախաղերը կամ շահումով խաղերը լայն մասսայականություն են ստանում իրենց պարզության եւ ինտելեկտուալ տարբեր օժտվածություն ունեցող մարդկանց համար հեշտ հասանելիության շնորհիվ: Դրանով է նաեւ պայմանավորված հատկապես բուքմեյքերական գրասենյակների լայն տարածումը աշխարհում: Յուրաքանչյուր սպորտասեր անձնավորություն, իսկ մեր երկրում ավանդաբար մեծ հետաքրքրություն կա տեղական ու միջազգային սպորտային իրադարձությունների հանդեպ, կարծում է, որ կարող է ճիշտ գուշակել սպորտային իրադարձությունների ելքը՝ զուգահեռ գումար վաստակելով: Իսկ եթե դրան հավելում ենք նաեւ բուքմեյքերական գրասենյակների լայն տարածումը երկրով մեկ եւ ինտերնետ հասանելիության աննախադեպ աճը, ստացվում է, որ նման հնարավորությունն, այսօր, յուրաքանչյուրի հեռախոսում է կամ բակում: Պաշտոնական վիճակագրությանը դիմելու անհրաժեշտություն անգամ չկա, երբ անզեն աչքով էլ ակնհայտ է, որ այսօր դժվար է գտնել մեծուփոքր որեւէ բնակավայր, որտեղ տեղակայված չլինեն բուքմեյքերական գրասենյակներ: Այսօր ինտերնետ հասանելիության տեխնիկական հնարավորություն ունեցող հեռախոսներ ունեն գրեթե բոլոր մարդիկ, ինչը հնարավորություն է տալիս գրանցվել նման ընկերություններում որպես հաճախորդ եւ կատարել խաղադրույքներ: Այսինքն, կարելի է աներկբայորեն փաստել, որ բուքբմեյքերական գրասենյակներում խաղադրույք կատարելու հասանելիությունը մեր երկրում այսօր 100 տոկոս է:
Մյուս կողմից, զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես հեռարձակվող, այնպես էլ էլեկտրոնային, կարելի է փաստել, որ գովազդի առյուծի մասն այսօր բաժին է հասնում հենց վիճակախաղերին ու շահումով խաղերին: Բուքմեյքերական գրասենյակների գովազդի նման տոտալ քարոզչությունը իսկական թակարդ է ինչպես ազգաբնակչության չափահաս, այնպես էլ՝ անչափահաս բնակչության համար: Եթե այս ամենին հավելենք նաեւ այդ գովազդներում անչափահաս քաղաքացիների անիմացիոն կերպարների օգտագործումը մանկական խաղերի հետ մտազուգորդում առաջացնող թաքնված ակնարկները, ապա, կարելի է փաստել, որ զանգվածային լրատվության միջոցներով եւս հասարակության անչափահաս հատվածին տոտալ ուղերձ է հղվում սեփական բարեկեցությունը փնտրել ոչ թե լավ կրթության եւ արդար ճանապարհով եկամուտներ ունենալու, այլ՝ խաղադրույքներ կատարելու կասկածելի միջոցով: Այսպիսով, հանրապետության բոլոր բնակավայրերում, գրեթե բոլոր բակերում գործունեություն ծավալող բուքմեյքերական գրասենյակների առկայության, այդ ընկերությունների աննախադեպ գովազդման արդյունքում հանրապետությունում խեղվել է հասարակության բարոյահոգեբանական դիմանկարը, ինչը սպառնալիք է մեր ինքնությանը, հոգեկերտվածքին, դրա կառուցվածքին, արժեքներին եւ այլն:
Պաշտոնական վիճակագրությունը եւ ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունները եւս փաստում են, որ խաղային բիզնեսը, հատկապես բուքմեյքերական գրասենյակների անվերահսկելի գործունեությունը, հանգեցրել են մեր երկրի տնտեսության մի այնպիսի մտահոգիչ կառուցվածքի, որտեղ այդ ոլորտը, գյուղատնտեսությունից ու հանքարդյունաբերությունից հետո դարձել է մեր համախառն ներքին արդյունքն ապահովող երրորդ ճյուղը: Նման վիճակագրությունն ինքնին խոսուն է եւ վատ ազդակ մեր տնտեսության ապագա հեռանկարների առումով: Կայուն զարգացման բանաձեւ գտնելու անհրաժեշտության առջեւ կանգնած մեր երկրում տնտեսական զագացման նման մոդելը աղետաբեր է եւ չի կարող հանգեցնել ներառական տնտեսական զարգացման ու դրական արդյունքի: Այստեղ անհրաժեշտ է նաեւ արձանագրել, որ քաղաքացիների այն հսկայական միջոցները, որոնք խաղադրույքների տեսքով ուղղվում են բուքմեյքերական ընկերություններ, դրանց չգոյության պայմաններում, ուղղվելու են սպառողական ապրանքների ձեռքբերմանը, սպառման մեծացմանը, դրանից բխող տնտեսական ակնկալիքներով: Այս ոլորտում շրջանառվող միջոցներն, ըստ էության, չեն նպաստում տնտեսության իրական հատվածի զարգացմանն ու աճին:
Վիճակախաղերի ու շահումով խաղերի օրենսդրորեն արգելման մյուս առանցքային փաստարկը խաղամոլության հետեւանքով մեր երկրում տեղ գտած հանցագործությունների թվաքանակի աճն է: Զանգվածային լրատվության միջոցների հպանցիկ մշտադիտարկումն անգամ խոսում է այն մասին, որ գնալով մեծ թիվ են կազմում գումար պարտվելու արդյունքում կամ դրա հետեւանքով տեղ գտած հանցագործության դեպքերը՝ ինքնասպանություններ, ավազակային հարձակումներ, կողոպուտ եւ այլն: Մեծ թվով ընտանիքների քայքայումը եւս որոշ դեպքերում արդյունք են խաղամոլության:
Նախագծերի փաթեթի ընդունումն իր հերթին առաջ է բերում տրամաբանական հարցադրումներ, որոնք պարզաբանման կարիք ունեն՝ ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար: Դրանցից առաջինն առնչվում է ժամանակակից պայմաններում, հատկապես ինտերնետ տիրույթում՝ համացանցում, վիճակախաղեր կամ շահումով խաղեր կազմակերպելու արգելափակման տեխնիկական ողջամիտ հնարավորությանը եւ նման ընդհատակյա գործունեություն կազմակերպելու վտանգին: Նախ անհրաժեշտ է արձանագրել, որ ներկայացված փաթեթով քրեական պատասխանատվություն է նախատեսվում երկրում ընդհատակյա վիճակախաղ կազմակերպելու կամ դրան մասնակցելու համար: Քրեական պատասխանատվություն է սահմանվում նաեւ ինտերնետ տիրույթում նման ապօրինի գործունեություն կազմակերպեու կամ դրան մասնակցելու համար, ինչն էական կանխարգելիչ նշանակություն կունենա այս հարցում: Բացի այդ, փաթեթով նախատեսվում է, որ օրենքները ուժի մեջ կմտնեն 2019 թ. ապրիլի 1-ից, ինչը ողջամիտ ժամկետ է կառավարության եւ ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունների համար՝ առանձնացնելու համացանցում նման գործունեություն իրականացնող ընկերությունների կայքէջերը, ըստ անհրաժեշտության ձեռք բերելու տեխնիկական համապատասխան սարքավորումներ՝ Deep Packet Inspection կամ այլ, ինչպես նաեւ տարբեր ծրագրեր՝ NetNanny, Cyber Patrol եւ այլն: Պնդել, որ օրենքի ընդունման պարագայում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հատուկ գիտելիքներով օժտված որեւէ անձ չի կարող, այդուհանդերձ, շրջանցել ինտերնետ օպերատորների կողմից դրված սահմանափակումները եւ գրանցվել նման գործունեություն կազմակերպող օտարերկրյա կայքէջերերում, անհնար է: Բայց կարելի է ողջամտորեն պնդել, որ նման կայքջերի օրենսդրորեն արգելափակման եւ ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից նման հատուկ սարքավորումների տեղադրման ՀՀ-ում օրենսդրորել արգելված նման գործունեություն իրականացնող կայքէջերի բազայի ամենօրյա թարմացման եղանակով, այդ ոլորտում ներգրավված անձանց գերճնշող մեծամասնությունը ձեռնպահ կմնա նման հեռանկարից: Տեխնիկական սահմանփակումներից զատ դրան նպաստելու է նաեւ այն, որ շուկայում ներգրավված ոչ բոլոր մասնակիցներն օբյեկտիվորեն ունեն նման խորության գիտելիքներ՝ մասնագիտորեն շրջանցելու առաջադրվող արգելափակումները: Իսկ հանգամանքը, որ մասնակցությունը նման ապօրինի գործունեությանը քրեականացվում է եւ առաջանում է քրեական պատասխանատվություն կրելու վտանգ, լրացուցիչ էական կանխարգելիչ նշանակություն կունենա: Ավելորդ է ասել, որ մեր երկրում ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորներին տեխնիկական նման սարքավորումներով զինումը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն նման կայքէջերի արգելափակման տեսանկյունից, այլ նաեւ բոլոր այն հնարավոր կայքջերի, որոնք մեր երկրում կարող են գրանցվել կամ ինտերնետ տիրույթում իրականացնել հակապետական գործունեություն կամ քարոզչություն:
Ակնհայտ է, որ վիճակախաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզավորման եւ գործունեության հարկման արդյունքում ՀՀ պետական բյուջե եւ տեղական բյուջեներ մուտք է գործում գումարներ, կատարվում են սոցիալական վճարումներ, տարբեր գրասենյակների սեփականատերեր վարձակալությունից ստանում են եկամուտներ, իսկ նման գործունեության օրենսդրորեն արգելման արդյունքում պետական ու տեղական բյուջեները կզրկվեն եկամուտի այդ աղբյուրից: Ողջամտորեն ենթադրելի է, որ, նախ, այդ ոլորտներում այսօր գործունեություն իրականացնող ընկերությունները մինչեւ 2019 թ. ապրիլի 1-ը, հնարավորություն կունենան նախագծելու ներդրումային նոր գաղափարներ եւ իրենց կապիտալն ուղղելու այդ գաղափարների կենսագործմանը, ինչը նոր ակտիվություն կհաղորդի տնտեսությանը եւ կստեղծվեն նոր աշխատատեղեր: Ապա, փաթեթի ընդունումը քաղաքական ուղերձ կլինի նաեւ այն մասին, որ Հայստանը չի պատրաստվում վիճակախաղերը դիտարկել որպես տնտեսության կառուցվածքի առանցքային ճյուղ: Վերջապես, ինչպիսին էլ լինի պետական բյուջեի մուտքերի հնարավոր նվազումը, հարյուրհազարավոր մեր համաքաղաքացիների դժբախտությունը, խեղված ճակատագրերը, քայքայված ընտանիքներն ու մեր հավաքական բարոյականությունն ու արժեքային համակարգը զարգացման շատ ավելի կարեւոր կապիտալ են երկարաժամկետ հեռանկարում: Պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ այն հսկայական միջոցները, որոնք այսօր ուղղվում են այդ շուկա, դրա օրենսդրորեն արգելման պարագայում, կուղղվեն սպառման շուկա՝ նոր խթան հանդիսանալով տնտեսական ակտիվությանը:
Մյուս տրամաբանական հարցադրումը վերաբերում է այսօր առկա աշխատատեղերի կրճատմանը, ինչն, իսկապես, էական խնդիր է: Այս առնչությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առկա աշխատատեղերը հիմնականում բաժանվում են երկու մեծ խմբերի՝ IT ոլորտի մասնագետների, որոնք ներգրավված են նման գործունեություն իրականացնող ընկերություններում եւ բուքմեյքերական գրասենյակների օպերատորների: Ինչպես իր հարցազրույցներից մեկում նշել է ՀՀ վարչապետ Փաշինյանը, այսօր միայն IT ոլորտում առկա է 4000 թափուր աշխատատեղ եւ այն միայն աճի միտում ունի, ինչը նշանակում է, որ նախագծերով առաջարկվող ողջամիտ ժամկետում այդ ոլորտի մասնագետները խնդիր չեն ունենա (նաեւ վերապատրաստման ու վերաորակավորման եղանակով) համալրելու այդ թափուր աշխատատեղերը: Բացի այդ, ՀՀ-ում նման գործունեություն իրականացնող որոշ ընկերություններ իրենց ծրագրային արտադրանքը այսօր էլ արտահանում են այլ երկրներ, ինչը միանշանակ ողջունելի եւ խրախուսելի է, ինչը շարունակելու են անել եւ նախատեսվող փաթեթը որեւէ կերպ չի խոչընդոտելու դրան: Իսկ ինչ վերաբերում է գրասենյակային օպերատորներին, ապա նախատեսվող ողջամիտ ժամկետում հնարավոր կլինի գտնել համարժեք նոր աշխատանք, այդ թվում նույն ընկերությունների կողմից նախագծվող ներդրումային նոր գաղափարների իրականացման միջոցով: Ի վերջո, այս հարցում առաջնային պետք է լինի հանրային շահը, հանրության բացարձակ մեծամասնության շահը:
Տեղին է նաեւ արձանագրել, որ նախատեսվող փաթեթի ընդունմամբ կբացառվեն նաեւ հայրենի սպորտում տեղ գտած այնպիսի արատավոր երեւույթներ, ինչպիսիք են պայմանավորված հանդիպումները, մրցավարական կանխակալ վարքագիծը եւ այլն:
Ինչ վերաբերում է խնդրի կարգավորման միջազգային փորձին, ապա անհրաժեշտ է ընդգծել, որ, որպես այդպիսին, գոյություն չունի ընդօրինակելի միջազգային փորձ, եւ երկրներից յուրաքանչյուրը խնդիրը կարգավորում է սեփական առանձնահատկություններից ելնելով: Խոշոր հաշվով, համաշխարհային պրակտիկայի տեսանկյունից անգամ դժվար է միանշանակ պատասխան տալ հարցին, թե արդյոք բուքմեյքերական գործունեությունը կամ ինտերնետ շահումով խաղերը օրինական են, թե ոչ, առավել եւս երբ դա վերաբերում է օն-լայն գործունեությանը: Այն, ինչ տեղի է ունենում այսօր, կարելի է բնորոշել որպես բուքմեյքերական գործունեության օրենսդրական կարգավորումների մեծ վերանայման շրջան ողջ աշխարհում, ինչը պայմանավորված է համացանցի լայն տարածման եւ դրա արդյունքում առաջացած նոր խնդիրների հետ: Եվրոպական երկրների մեծ մասում այսօր տեղի է ունենում բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության վերանայման գործընթաց՝ այն տանելով դեպի էական եւ խիստ սահմանափակումներ:
Միացյալ նահանգներում օրենքով արգելված է բուքմեյքերական ընկերությունների լիցենզավորումն ու գործունեությունը, ինչի արդյունքում համաշխարհային տնտեսության առաջատար այդ երկրում չկան գրանցված բուքմեյքերական ընկություններ: Օրենքով արգելված է նաեւ խաղադրույքներ կատարելը: Բացառություն են կազմում ընդամենը չորս նահանգ, ներառյալ Նեւադան: Ինտերնետի լայն տարածմանը զուգահեռ, իրավական որոշակիացման անհրաժեշտությունից ելնելով, ամերիկյան օրենսդրությունը երբեմն մեկնաբանվում է այնպես, որ օն-լայն խաղադրույքներ կատարելը օրենքով թույլատրված չէ, բայց նաեւ արգելված չէ: Միացյալ նահանգներում գործում է նաեւ օրենսդրական պահանջ, որի արդյունքում բանկային միջոցով հնարավոր չէ գումար փոխանցել նման գործունեություն ծավալող ընկերություններից կամ միջոցներ ստանալ նրանցից, ինչն անիմաստ է դարձնում քաղաքացու համար նման գործունեությանը այլ՝ զարտուղի եղանակով մասնակից դառնալը:
Կանադայի տարբեր նահանգներում գործում են տարբեր կարգավորումներ: Օրենքից դուրս են հայտարարված բոլոր այն ընկերությունները եւ իրենց կայքէջերը, որոնք գրանցված եւ լիցենզավորված չեն Կանադայում: Որպես սահմանափակող գործում է դրույթ, որով արգելվում է բուքմեյքերական ընկերություններին խաղադրույքներ ընդունել մեկ առանձին վերցրած սպորտային իրադարձության ելքի մասով, այլ խաղադրույքը պետք է կատարվի միանգամից մի քանի իրադարձությունների վրա, ինչը էականորեն նվազեցնում է շահելու հնարավորությունը՝ մարդկանց զերծ պահելով խաղամոլության առաջացման վտանգից:
Եվրոպական երկրներում չկա խնդրի միասնական կարգավորում: Տարբեր երկրներում այն ազատ է որեւէ սահմանափակումից, ինչպես Մեծ Բրիտանիան, բայցեւ կան երկրներ, որտեղ գործում են այս կամ այն սահմանափակումը՝ ելնելով տեղական անհրաժեշտությունից, իսկ որոշ դեպքերում այդ սահամանփակումները շատ կոշտ են եւ մոտ նման գործունեությունը կամ դրան մասնակցությունը օրենքից դուրս դիտարկելու սանդղակին, ինչպես Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան եւ այլն:
Արաբական, ասիական, լատինաամերիկյան մեծ թվով երկրներում, օրինակ Ճապոնիայում, Սինգապուրում, Կիպրոսում, Բրունեյում, ԱՄԷ-ում, Լիբանանում, Քաթարում, Կամբոջայում եւ այլուր նման գործունեությունը օրենքով խստիվ արգելված է, շատ երկրներում սահմանափակումներն այնքան խիստ են, որ էապես նվազեցնում է խնդրի հանրային վտանգավորությունը, ինչպես օրինակ Հոնկոնգում, իսկ որոշ երկրներում այն բացառապես պետության մենաշնորհն է, ինչպես օրինակ Լեհաստանում. երբ խոսքը վերաբերում է վիճակախաղերի կազմակերպմանը: Աֆրիկյան մայրցամաքն ամենալիբերալ օրենսդրությունն ունի այս առումով, ինչն ինքնին խոսուն փաստ է:
Այդուհանդերձ, միջազգային փորձի ուսումնասիրությունը բերում է առանցքային հետեւության, որ յուրաքանչյուր պետություն խնդիրը կարգավորում է սեփական առանձնահատկությունից եւ սեփական հասարակության ու տվյալ ժամանակահատվածի կարիքներից ելնելով: Ուստի, չկա եւ չի կարող լինել ունիվերսալ միջազգային բանաձեւ այս խնդրի վերաբերյալ: Ընդհանուր միտումն այսօր այն է, որ երկրների մեծ մասը, որոնք ունեն լիբերալ օրենդրություն, գնում են նախկինում գործած օրենսդրությունների վերանայման եւ էական կոշտացման ու սահմանափակումների ճանապարհով:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Պարոն Ա. Բաբլոյանին
Հարգելի՛ պարոն Բաբլոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Վիճակախաղերի մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը եւ կից նախագծերի փաթեթը (այսուհետ՝ նախագծերի փաթեթ):
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման հավելվածի 25-րդ կետի համաձայն՝ նախագծերի փաթեթին կից ներկայացնում եմ.
1) նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը.
2) տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով՝ ջնջված կամ լրացված ներկայացվում են համապատասխան օրենքների հոդվածներում առաջարկվող բոլոր փոփոխությունները եւ լրացումները:
Խնդրում եմ սահմանված կարգով այն դնել շրջանառության մեջ:
ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյան (006)