Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3827-02.10.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-185 օրենքի օրենքի.

1. 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետից, 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետից հանել «եւ վիճակախաղերի» բառերը.

2. 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «զ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի ապրիլի 1-ից:   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Վիճակախաղերի մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների եւ կից նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Ինչպես ցույց են տալիս մասնագիտական ուսումնասիրություններն ու վիճակագրությունը, վիճակախաղի կամ շահումով խաղերի հանդեպ առավել մեծ հակվածություն եւ հետաքրքրություն առկա է այն երկրներում, որտեղ տնտեսական զարգացման ցուցանիշներն ու մարդկանց կենսամակարդակը գտնվում է առավել ցածր աստիճանի վրա: Սա մասնագիտորեն բացատրվում է այն հանգամանքով, որ ցածր, ոչ բավարար եկամուտներ ունեցող, կամ լրացուցիչ ֆինանսների կարիք ունեցող շատ մարդիկ, որպես ֆինանսական դրության բարելավման հեշտ միջոց դիտում են վիճակախաղը կամ շահումով խաղը: Հանգամանքը, որ վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպման ու դրա աստիճանական սահմանափակումների պատմությունը էականորեն տարբեր են ամերիկյան, եվրոպական, աֆրիկյան ու ասիական մայրցամաքներում, այդ մայրցամաքների երկրներում, առավել քան խոսուն է: Ելնելով մեր երկրի տնտեսական ցուցանիշներից, ազգային հարստության բաշխման կառուցվածքից, աղքատության վիճակագրությունից եւ այլ հանգամանքներից, կարելի է փաստել, որ Հայաստանն այդ առումով գտնվում է ռիսկային երկրների ցանկում, որտեղ գնալով շատուշատ մարդիկ իրենց ունեցած ֆինանսական կամ եկամուտների ավելացման եղանակ են համարում վիճակախաղը կամ շահումով խաղը: Այլ բան, որ, կրկին, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, որքան շատ մարդ է ներգրավվում այդ ոլորտում, այնքան ավելի է խորանում սոցիալական բեւեռացվածությունը, այնքան ավելի շատ մարդիկ են աղքատանում՝ այդ եկամուտները կենտրոնացնելով նման գործունեություն ծավալող կազմակերպությունների ու նրանց սեփականատերերի ձեռքում:

Վիճակախաղերը կամ շահումով խաղերը լայն մասսայականություն են ստանում իրենց պարզության եւ ինտելեկտուալ տարբեր օժտվածություն ունեցող մարդկանց համար հեշտ հասանելիության շնորհիվ: Դրանով է նաեւ պայմանավորված հատկապես բուքմեյքերական գրասենյակների լայն տարածումը աշխարհում: Յուրաքանչյուր սպորտասեր անձնավորություն, իսկ մեր երկրում ավանդաբար մեծ հետաքրքրություն կա տեղական ու միջազգային սպորտային իրադարձությունների հանդեպ, կարծում է, որ կարող է ճիշտ գուշակել սպորտային իրադարձությունների ելքը՝ զուգահեռ գումար վաստակելով: Իսկ եթե դրան հավելում ենք նաեւ բուքմեյքերական գրասենյակների լայն տարածումը երկրով մեկ եւ ինտերնետ հասանելիության աննախադեպ աճը, ստացվում է, որ նման հնարավորությունն, այսօր, յուրաքանչյուրի հեռախոսում է կամ բակում: Պաշտոնական վիճակագրությանը դիմելու անհրաժեշտություն անգամ չկա, երբ անզեն աչքով էլ ակնհայտ է, որ այսօր դժվար է գտնել մեծուփոքր որեւէ բնակավայր, որտեղ տեղակայված չլինեն բուքմեյքերական գրասենյակներ: Այսօր ինտերնետ հասանելիության տեխնիկական հնարավորություն ունեցող հեռախոսներ ունեն գրեթե բոլոր մարդիկ, ինչը հնարավորություն է տալիս գրանցվել նման ընկերություններում որպես հաճախորդ եւ կատարել խաղադրույքներ: Այսինքն, կարելի է աներկբայորեն փաստել, որ բուքբմեյքերական գրասենյակներում խաղադրույք կատարելու հասանելիությունը մեր երկրում այսօր 100 տոկոս է:

Մյուս կողմից, զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես հեռարձակվող, այնպես էլ էլեկտրոնային, կարելի է փաստել, որ գովազդի առյուծի մասն այսօր բաժին է հասնում հենց վիճակախաղերին ու շահումով խաղերին: Բուքմեյքերական գրասենյակների գովազդի նման տոտալ քարոզչությունը իսկական թակարդ է ինչպես ազգաբնակչության չափահաս, այնպես էլ՝ անչափահաս բնակչության համար: Եթե այս ամենին հավելենք նաեւ այդ գովազդներում անչափահաս քաղաքացիների անիմացիոն կերպարների օգտագործումը մանկական խաղերի հետ մտազուգորդում առաջացնող թաքնված ակնարկները, ապա, կարելի է փաստել, որ զանգվածային լրատվության միջոցներով եւս հասարակության անչափահաս հատվածին տոտալ ուղերձ է հղվում սեփական բարեկեցությունը փնտրել ոչ թե լավ կրթության եւ արդար ճանապարհով եկամուտներ ունենալու, այլ՝ խաղադրույքներ կատարելու կասկածելի միջոցով: Այսպիսով, հանրապետության բոլոր բնակավայրերում, գրեթե բոլոր բակերում գործունեություն ծավալող բուքմեյքերական գրասենյակների առկայության, այդ ընկերությունների աննախադեպ գովազդման արդյունքում հանրապետությունում խեղվել է հասարակության բարոյահոգեբանական դիմանկարը, ինչը սպառնալիք է մեր ինքնությանը, հոգեկերտվածքին, դրա կառուցվածքին, արժեքներին եւ այլն:

Պաշտոնական վիճակագրությունը եւ ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունները եւս փաստում են, որ խաղային բիզնեսը, հատկապես բուքմեյքերական գրասենյակների անվերահսկելի գործունեությունը, հանգեցրել են մեր երկրի տնտեսության մի այնպիսի մտահոգիչ կառուցվածքի, որտեղ այդ ոլորտը, գյուղատնտեսությունից ու հանքարդյունաբերությունից հետո դարձել է մեր համախառն ներքին արդյունքն ապահովող երրորդ ճյուղը: Նման վիճակագրությունն ինքնին խոսուն է եւ վատ ազդակ մեր տնտեսության ապագա հեռանկարների առումով: Կայուն զարգացման բանաձեւ գտնելու անհրաժեշտության առջեւ կանգնած մեր երկրում տնտեսական զագացման նման մոդելը աղետաբեր է եւ չի կարող հանգեցնել ներառական տնտեսական զարգացման ու դրական արդյունքի: Այստեղ անհրաժեշտ է նաեւ արձանագրել, որ քաղաքացիների այն հսկայական միջոցները, որոնք խաղադրույքների տեսքով ուղղվում են բուքմեյքերական ընկերություններ, դրանց չգոյության պայմաններում, ուղղվելու են սպառողական ապրանքների ձեռքբերմանը, սպառման մեծացմանը, դրանից բխող տնտեսական ակնկալիքներով: Այս ոլորտում շրջանառվող միջոցներն, ըստ էության, չեն նպաստում տնտեսության իրական հատվածի զարգացմանն ու աճին:

Վիճակախաղերի ու շահումով խաղերի օրենսդրորեն արգելման մյուս առանցքային փաստարկը խաղամոլության հետեւանքով մեր երկրում տեղ գտած հանցագործությունների թվաքանակի աճն է: Զանգվածային լրատվության միջոցների հպանցիկ մշտադիտարկումն անգամ խոսում է այն մասին, որ գնալով մեծ թիվ են կազմում գումար պարտվելու արդյունքում կամ դրա հետեւանքով տեղ գտած հանցագործության դեպքերը՝ ինքնասպանություններ, ավազակային հարձակումներ, կողոպուտ եւ այլն: Մեծ թվով ընտանիքների քայքայումը եւս որոշ դեպքերում արդյունք են խաղամոլության:

Նախագծերի փաթեթի ընդունումն իր հերթին առաջ է բերում տրամաբանական հարցադրումներ, որոնք պարզաբանման կարիք ունեն՝ ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար: Դրանցից առաջինն առնչվում է ժամանակակից պայմաններում, հատկապես ինտերնետ տիրույթում՝ համացանցում, վիճակախաղեր կամ շահումով խաղեր կազմակերպելու արգելափակման տեխնիկական ողջամիտ հնարավորությանը եւ նման ընդհատակյա գործունեություն կազմակերպելու վտանգին: Նախ անհրաժեշտ է արձանագրել, որ ներկայացված փաթեթով քրեական պատասխանատվություն է նախատեսվում երկրում ընդհատակյա վիճակախաղ կազմակերպելու կամ դրան մասնակցելու համար: Քրեական պատասխանատվություն է սահմանվում նաեւ ինտերնետ տիրույթում նման ապօրինի գործունեություն կազմակերպեու կամ դրան մասնակցելու համար, ինչն էական կանխարգելիչ նշանակություն կունենա այս հարցում: Բացի այդ, փաթեթով նախատեսվում է, որ օրենքները ուժի մեջ կմտնեն 2019 թ. ապրիլի 1-ից, ինչը ողջամիտ ժամկետ է կառավարության եւ ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունների համար՝ առանձնացնելու համացանցում նման գործունեություն իրականացնող ընկերությունների կայքէջերը, ըստ անհրաժեշտության ձեռք բերելու տեխնիկական համապատասխան սարքավորումներ՝ Deep Packet Inspection կամ այլ, ինչպես նաեւ տարբեր ծրագրեր՝ NetNanny, Cyber Patrol եւ այլն: Պնդել, որ օրենքի ընդունման պարագայում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հատուկ գիտելիքներով օժտված որեւէ անձ չի կարող, այդուհանդերձ, շրջանցել ինտերնետ օպերատորների կողմից դրված սահմանափակումները եւ գրանցվել նման գործունեություն կազմակերպող օտարերկրյա կայքէջերերում, անհնար է: Բայց կարելի է ողջամտորեն պնդել, որ նման կայքջերի օրենսդրորեն արգելափակման եւ ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից նման հատուկ սարքավորումների տեղադրման ՀՀ-ում օրենսդրորել արգելված նման գործունեություն իրականացնող կայքէջերի բազայի ամենօրյա թարմացման եղանակով, այդ ոլորտում ներգրավված անձանց գերճնշող մեծամասնությունը ձեռնպահ կմնա նման հեռանկարից: Տեխնիկական սահմանփակումներից զատ դրան նպաստելու է նաեւ այն, որ շուկայում ներգրավված ոչ բոլոր մասնակիցներն օբյեկտիվորեն ունեն նման խորության գիտելիքներ՝ մասնագիտորեն շրջանցելու առաջադրվող արգելափակումները: Իսկ հանգամանքը, որ մասնակցությունը նման ապօրինի գործունեությանը քրեականացվում է եւ առաջանում է քրեական պատասխանատվություն կրելու վտանգ, լրացուցիչ էական կանխարգելիչ նշանակություն կունենա: Ավելորդ է ասել, որ մեր երկրում ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորներին տեխնիկական նման սարքավորումներով զինումը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն նման կայքէջերի արգելափակման տեսանկյունից, այլ նաեւ բոլոր այն հնարավոր կայքջերի, որոնք մեր երկրում կարող են գրանցվել կամ ինտերնետ տիրույթում իրականացնել հակապետական գործունեություն կամ քարոզչություն:

Ակնհայտ է, որ վիճակախաղերի եւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզավորման եւ գործունեության հարկման արդյունքում ՀՀ պետական բյուջե եւ տեղական բյուջեներ մուտք է գործում գումարներ, կատարվում են սոցիալական վճարումներ, տարբեր գրասենյակների սեփականատերեր վարձակալությունից ստանում են եկամուտներ, իսկ նման գործունեության օրենսդրորեն արգելման արդյունքում պետական ու տեղական բյուջեները կզրկվեն եկամուտի այդ աղբյուրից: Ողջամտորեն ենթադրելի է, որ, նախ, այդ ոլորտներում այսօր գործունեություն իրականացնող ընկերությունները մինչեւ 2019 թ. ապրիլի 1-ը, հնարավորություն կունենան նախագծելու ներդրումային նոր գաղափարներ եւ իրենց կապիտալն ուղղելու այդ գաղափարների կենսագործմանը, ինչը նոր ակտիվություն կհաղորդի տնտեսությանը եւ կստեղծվեն նոր աշխատատեղեր: Ապա, փաթեթի ընդունումը քաղաքական ուղերձ կլինի նաեւ այն մասին, որ Հայստանը չի պատրաստվում վիճակախաղերը դիտարկել որպես տնտեսության կառուցվածքի առանցքային ճյուղ: Վերջապես, ինչպիսին էլ լինի պետական բյուջեի մուտքերի հնարավոր նվազումը, հարյուրհազարավոր մեր համաքաղաքացիների դժբախտությունը, խեղված ճակատագրերը, քայքայված ընտանիքներն ու մեր հավաքական բարոյականությունն ու արժեքային համակարգը զարգացման շատ ավելի կարեւոր կապիտալ են երկարաժամկետ հեռանկարում: Պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ այն հսկայական միջոցները, որոնք այսօր ուղղվում են այդ շուկա, դրա օրենսդրորեն արգելման պարագայում, կուղղվեն սպառման շուկա՝ նոր խթան հանդիսանալով տնտեսական ակտիվությանը:

Մյուս տրամաբանական հարցադրումը վերաբերում է այսօր առկա աշխատատեղերի կրճատմանը, ինչն, իսկապես, էական խնդիր է: Այս առնչությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առկա աշխատատեղերը հիմնականում բաժանվում են երկու մեծ խմբերի՝ IT ոլորտի մասնագետների, որոնք ներգրավված են նման գործունեություն իրականացնող ընկերություններում եւ բուքմեյքերական գրասենյակների օպերատորների: Ինչպես իր հարցազրույցներից մեկում նշել է ՀՀ վարչապետ Փաշինյանը, այսօր միայն IT ոլորտում առկա է 4000 թափուր աշխատատեղ եւ այն միայն աճի միտում ունի, ինչը նշանակում է, որ նախագծերով առաջարկվող ողջամիտ ժամկետում այդ ոլորտի մասնագետները խնդիր չեն ունենա (նաեւ վերապատրաստման ու վերաորակավորման եղանակով) համալրելու այդ թափուր աշխատատեղերը: Բացի այդ, ՀՀ-ում նման գործունեություն իրականացնող որոշ ընկերություններ իրենց ծրագրային արտադրանքը այսօր էլ արտահանում են այլ երկրներ, ինչը միանշանակ ողջունելի եւ խրախուսելի է, ինչը շարունակելու են անել եւ նախատեսվող փաթեթը որեւէ կերպ չի խոչընդոտելու դրան: Իսկ ինչ վերաբերում է գրասենյակային օպերատորներին, ապա նախատեսվող ողջամիտ ժամկետում հնարավոր կլինի գտնել համարժեք նոր աշխատանք, այդ թվում նույն ընկերությունների կողմից նախագծվող ներդրումային նոր գաղափարների իրականացման միջոցով: Ի վերջո, այս հարցում առաջնային պետք է լինի հանրային շահը, հանրության բացարձակ մեծամասնության շահը:

Տեղին է նաեւ արձանագրել, որ նախատեսվող փաթեթի ընդունմամբ կբացառվեն նաեւ հայրենի սպորտում տեղ գտած այնպիսի արատավոր երեւույթներ, ինչպիսիք են պայմանավորված հանդիպումները, մրցավարական կանխակալ վարքագիծը եւ այլն:

Ինչ վերաբերում է խնդրի կարգավորման միջազգային փորձին, ապա անհրաժեշտ է ընդգծել, որ, որպես այդպիսին, գոյություն չունի ընդօրինակելի միջազգային փորձ, եւ երկրներից յուրաքանչյուրը խնդիրը կարգավորում է սեփական առանձնահատկություններից ելնելով: Խոշոր հաշվով, համաշխարհային պրակտիկայի տեսանկյունից անգամ դժվար է միանշանակ պատասխան տալ հարցին, թե արդյոք բուքմեյքերական գործունեությունը կամ ինտերնետ շահումով խաղերը օրինական են, թե ոչ, առավել եւս երբ դա վերաբերում է օն-լայն գործունեությանը: Այն, ինչ տեղի է ունենում այսօր, կարելի է բնորոշել որպես բուքմեյքերական գործունեության օրենսդրական կարգավորումների մեծ վերանայման շրջան ողջ աշխարհում, ինչը պայմանավորված է համացանցի լայն տարածման եւ դրա արդյունքում առաջացած նոր խնդիրների հետ: Եվրոպական երկրների մեծ մասում այսօր տեղի է ունենում բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության վերանայման գործընթաց՝ այն տանելով դեպի էական եւ խիստ սահմանափակումներ:

Միացյալ նահանգներում օրենքով արգելված է բուքմեյքերական ընկերությունների լիցենզավորումն ու գործունեությունը, ինչի արդյունքում համաշխարհային տնտեսության առաջատար այդ երկրում չկան գրանցված բուքմեյքերական ընկություններ: Օրենքով արգելված է նաեւ խաղադրույքներ կատարելը: Բացառություն են կազմում ընդամենը չորս նահանգ, ներառյալ Նեւադան: Ինտերնետի լայն տարածմանը զուգահեռ, իրավական որոշակիացման անհրաժեշտությունից ելնելով, ամերիկյան օրենսդրությունը երբեմն մեկնաբանվում է այնպես, որ օն-լայն խաղադրույքներ կատարելը օրենքով թույլատրված չէ, բայց նաեւ արգելված չէ: Միացյալ նահանգներում գործում է նաեւ օրենսդրական պահանջ, որի արդյունքում բանկային միջոցով հնարավոր չէ գումար փոխանցել նման գործունեություն ծավալող ընկերություններից կամ միջոցներ ստանալ նրանցից, ինչն անիմաստ է դարձնում քաղաքացու համար նման գործունեությանը այլ՝ զարտուղի եղանակով մասնակից դառնալը:

Կանադայի տարբեր նահանգներում գործում են տարբեր կարգավորումներ: Օրենքից դուրս են հայտարարված բոլոր այն ընկերությունները եւ իրենց կայքէջերը, որոնք գրանցված եւ լիցենզավորված չեն Կանադայում: Որպես սահմանափակող գործում է դրույթ, որով արգելվում է բուքմեյքերական ընկերություններին խաղադրույքներ ընդունել մեկ առանձին վերցրած սպորտային իրադարձության ելքի մասով, այլ խաղադրույքը պետք է կատարվի միանգամից մի քանի իրադարձությունների վրա, ինչը էականորեն նվազեցնում է շահելու հնարավորությունը՝ մարդկանց զերծ պահելով խաղամոլության առաջացման վտանգից:

Եվրոպական երկրներում չկա խնդրի միասնական կարգավորում: Տարբեր երկրներում այն ազատ է որեւէ սահմանափակումից, ինչպես Մեծ Բրիտանիան, բայցեւ կան երկրներ, որտեղ գործում են այս կամ այն սահմանափակումը՝ ելնելով տեղական անհրաժեշտությունից, իսկ որոշ դեպքերում այդ սահամանփակումները շատ կոշտ են եւ մոտ նման գործունեությունը կամ դրան մասնակցությունը օրենքից դուրս դիտարկելու սանդղակին, ինչպես Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան եւ այլն:

Արաբական, ասիական, լատինաամերիկյան մեծ թվով երկրներում, օրինակ Ճապոնիայում, Սինգապուրում, Կիպրոսում, Բրունեյում, ԱՄԷ-ում, Լիբանանում, Քաթարում, Կամբոջայում եւ այլուր նման գործունեությունը օրենքով խստիվ արգելված է, շատ երկրներում սահմանափակումներն այնքան խիստ են, որ էապես նվազեցնում է խնդրի հանրային վտանգավորությունը, ինչպես օրինակ Հոնկոնգում, իսկ որոշ երկրներում այն բացառապես պետության մենաշնորհն է, ինչպես օրինակ Լեհաստանում. երբ խոսքը վերաբերում է վիճակախաղերի կազմակերպմանը: Աֆրիկյան մայրցամաքն ամենալիբերալ օրենսդրությունն ունի այս առումով, ինչն ինքնին խոսուն փաստ է:

Այդուհանդերձ, միջազգային փորձի ուսումնասիրությունը բերում է առանցքային հետեւության, որ յուրաքանչյուր պետություն խնդիրը կարգավորում է սեփական առանձնահատկությունից եւ սեփական հասարակության ու տվյալ ժամանակահատվածի կարիքներից ելնելով: Ուստի, չկա եւ չի կարող լինել ունիվերսալ միջազգային բանաձեւ այս խնդրի վերաբերյալ: Ընդհանուր միտումն այսօր այն է, որ երկրների մեծ մասը, որոնք ունեն լիբերալ օրենդրություն, գնում են նախկինում գործած օրենսդրությունների վերանայման եւ էական կոշտացման ու սահմանափակումների ճանապարհով:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Պարոն Ա. Բաբլոյանին

Հարգելի՛ պարոն Բաբլոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Վիճակախաղերի մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը եւ կից նախագծերի փաթեթը (այսուհետ՝ նախագծերի փաթեթ):

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման հավելվածի 25-րդ կետի համաձայն՝ նախագծերի փաթեթին կից ներկայացնում եմ.

1) նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը.

2) տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով՝ ջնջված կամ լրացված ներկայացվում են համապատասխան օրենքների հոդվածներում առաջարկվող բոլոր փոփոխությունները եւ լրացումները:

Խնդրում եմ սահմանված կարգով այն դնել շրջանառության մեջ:

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյան (006)

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ