Հոդված 1. «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-176-Ն) (այսուհետեւ՝ օրենք) 7-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի «հաստատում է» բառից հետո լրացնել «վերջին 50 տարում » բառերով։
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասը՝ լրացնել հետեւյալ բովանդակությամբ կետերով.
«41 ) կազմում է վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա.
42 ) մշակում է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը, որոնց արտահանումը եւ ժամանակավոր արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից արգելվում է.
43 ) կազմում է պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների պահպանական ցուցակը.»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորոդ օրվանից։
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
Ներկայացվող օրենդրական նախաձեռնության նպատակն է հստակեցնել « Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին դրույթներ։
Մասնավորապես, համաձայն օրենքի 2-րդ, 5-րդ, 9-րդ եւ 20-րդ հոդվածների տրամաբանության, պետք է սահմանվի Հայաստանի Հանրապետության այն մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկը, որոնց արտահանումը եւ ժամանակավոր արտահանումը արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքից, սակայն չի նշվել այն մարմինը, որն իրավասու է կազմել նշված ցանկը։ Անորոշ է նաեւ պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների պահպանական ցուցակը կազմելու լիազորություն ունեցող մարմինը։ Համաձայն առաջարկվող օրինագծի այդ լիազորությունները վերապահվել են մշակութային արժեքների արտահանումն ու ներմուծումը կարգավորող՝ կառավարության լիազորած պետական մարմնին։
Օրինագիծը օրենքի մյուս հոդվածներն համահունչ հստակեցնում է նաեւ «մահացած հեղինակներ» ընդհանրական ձեւակերպումը՝ այն վերագրելով «վերջին 50 տարում մահացած» հեղինակներին։