Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳ ԱԱ 2203 ծածկագրի տողի 4-րդ սյունակից հանել «30 տոկոս, բայց ոչ պակաս, քան» բառերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Սույն նախագիծը նպատակ է հետապնդում հավասար մրցակցային դաշտ ստեղծել գարեջուր ներկրողների եւ տեղական արտադրողների միջեւ:
Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության վիճակագրական տվյալների համաձայն վերջին տարիներին նկատվում է գարեջրի ներմուծման ծավալների զգալի աճ: Եթե 2014թ-ին Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 2837.5հազ. լիտր գարեջուր, ապա 2017թ-ին՝ 4481.8 լիտր, աճը կազմում է 58 տոկոս: Գարեջրի ներմուծման ծավալի 75 տոկոսից ավելին բաժին է հասնում Ռուսաստանի Դաշնությանը: 2014-2017թթ-ին Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված 1 լիտր գարեջրի մաքսային միջին արժեքները կազմել են համապատասխանաբար 369.94, 335.76, 276.70 եւ 317.51 դրամ:
Քանի որ զգալիորեն նվազել են ներմուծված գարեջրի մաքսային արժեքները եւ ակցիզային հարկի արժեքային դրույքաչափը չի գործել, ուստի ներմուծված գարեջրի ակցիզային հարկը սկսած 2015թ-ից վճարվել է նվազագույն՝ 1 լիտրի համար 105 դրամ դրույքաչափով: Իսկ 2015-2017թթ-ի տեղական արտադրության համադրելի գարեջրի 1 լիտրի միջին գինը առանց ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի կազմել է 375-380 եւ ավելի դրամ, որի դիմաց վճարված ակցիզային հարկի միջին դրույքաչափը կազմել է 112-115 դրամ:
Փաստորեն ստացվում է, որ օրենսգրքով սահմանված ակցիզային հարկի արժեքային եւ կայուն դրույքաչափերի կիրառման նորմը գործում է իվնաս տեղական արտադրողի, քանի որ վերջինս ստիպված է եղել 2015-2017 թթ-ին իրացված յուրաքանչյուր լիտր գարեջրի համար 7-10 դրամ ավել ակցիզային հարկ վճարել, քան ներկրողը:
Նախագծի ընդունմամբ գարեջրի ակցիզային հարկի նկատմամբ կսահմանվի միայն կայուն դրույքաչափ, որի արդյունքում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ, թե ներկրողի եւ թե տեղական արտադրողի համար եւ անուղղակիորեն կպաշտպանվի տեղական արտադրողը: Միաժամանակ կպարզեցվի եւ կհստակեցվի նաեւ հարկի գանձման մեխանիզմը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Գրությանը կից ներկայացվում են՝
ա) նախագիծը (հիմնականզեկուցող՝ Հակոբ Հակոբյան),
բ) օրենքի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:
Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Պատգամավոր՝ Հակոբ Հակոբյան