Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-505-15.02.2005-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 ապրիլի 1993թ. ՀՕ-52) 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 2. Օրենքի 5 հոդվածի 1-ին պարբերությունում « իշխանության եւ կառավարման տեղական մարմինները » բառերը փոխարինել «պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող 10-րդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 2 հոդվածի 3-րդ պարբերության եւ 5 հոդվածի 1-ին մասի ներկայացված փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 1995 թվականին հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության դրույթների համաձայն, մասնավորապես` 4-րդ եւ 5-րդ գլուխներ,իշխանության եւ կառավարման տեղական մարմինները վերանվանվել են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը չի կարող իրականացնել Օրենքի 2 հոդվածի 3-րդ պարբերությամբ ամրագրված լիազորություն:

Ուստի, մեր կողմից ներկայացված փոփոխությունների նպատակն է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրական դրույթներին: