Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-363-31.08.2018,19.10.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածը լրացնել նոր 4.1-րդ մասով.

«4.1. Սույն օրենքի 46-րդ եւ 47-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում պարտապանի բանկային հաշիվներում եւ ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դրվում է հետեւյալ հերթականությամբ.

1) ՀՀ դրամով դրամական միջոցներ,

2) արտարժույթով դրամական միջոցներ,

3) ավանդներում առկա դրամական միջոցներ:»:

Հոդված 2. Օրենքի 44.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) պարտապանի կողմից իր պարտավորությունը մասնակի կատարելու դեպքում՝ պարտապանի կողմից կատարված պարտավորության չափով.  պարտապանի կողմից իր պարտավորությունը մասնակի կատարելու դեպքում հարկադիր կատարողն այդ մասին պարտապանի հաշիվներն սպասարկող բանկին կամ այլ վարկային կազմակերպությանն ուղարկում է էլեկտրոնային հաղորդագրություն, որի հիման պարտապանի հաշիվներն սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտապանի կողմից կատարված պարտավորության չափով հանում է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը:»:

Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել նոր 2.2-րդ, 2.3-րդ եւ 2.4-րդ մասերով.

 «2.2. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին տեղեկացնում է պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքի չափի մասին:

2.3. Հարկադիր կատարողը սույն հոդվածի 2.2-րդ մասով սահմանված տեղեկությունը պարտապանի հաշիվները սպասարկող բանկի կամ այլ վարկային կազմակերպության կողմից ստանալուց հետո, մեկօրյա ժամկետում էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հանում է այլ բանկերում կամ վարկային կազմակերպություներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը, որն այլեւս անհրաժեշտ չէ պարտապանի պարտավորության ապահովման համար:

2.4. Պարտապանի կողմից համապատասխան դիմում ստալու դեպքում հարկադիր կատարողը մեկօրյա ժամկետում էլեկտրոնային հաղորդագրության միջոցով արգելանք է կիրառում դիմումում նշված՝ պարտապանին պատկանող եւ պարտավորության ապահովման համար բավարար դրամական միջոցներ պարունակող հաշվեհամարի կամ հաշվեհամարների վրա՝ հանելով այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը, որն այլեւս անհրաժեշտ չէ պարտապանի պարտավորության ապահովման համար։

Հոդված 4. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել նոր 2.2-րդ մասով.

«2.2. Սույն օրենքի 46-րդ հոդվածի 2.2-րդ, 2.3-րդ եւ 2.4-րդ մասերով սահմանված կանոնները տարածվում են նաեւ պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների վրա բռնագանձում կիրառելու դեպքերի վրա:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի ապրիլի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում եւ ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով: Ընդ որում, հարկադիր կատարողի կողմից էլեկտրոնային հաղորդագրությունն ուղարկվում է բոլոր բանկերին ու համապատասխանաբար, պարտապանի մոտ մեկից ավելի բանկերում դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի դրամական միջոցներն արգելադրվում են բոլոր այդ բանկերում: Արդյունքում՝պարտապանի դրամական միջոցներն արգելադրվում են հարկադիր կատարողի որոշման մեջ նշված գումարից ավել չափով, քանի որ եթե պարտապանի հաշիվները մեկից ավելի բանկեր են սպասարկում, ապա պարտապանի դրամական միջոցները հարկադիր կատարողի որոշման մեջ նշված չափով արգելադրվում են մեկից ավելի բանկերում:

Թեեւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը սահմանում է, որ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվներն սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ, սակայն բաց է մնացել այն դեպքը, երբ պարտապանի առկա դրամական միջոցների վրա հարկադիր կատարողի որոշման մեջ նշված չափով արգելանք է դնում մեկից ավելի բանկ (հարկադիր կատարողի որոշման մեջ նշված չափով՝ յուրաքանչյուր բանկը):

Միաժամանակ, կարգավորված չէ նաեւ այն դեպքը, երբ պարտապանը կատարողական վարույթի ընթացքում մասամբ կատարում է իր պարտավորությունը: Գործող կարգավորմամբ՝ հարկադիր կատարողը չի տեղեկացնում բանկերին մասնակի կատարված պարտավորության մասին, ինչի պարագայում բանկերում շարունակում են արգելադրված մնալ պարտապանի իրական պարտավորության չափը գերազանցող դրամական միջոցներ:

Օրենսդրական կարգավորման բացով պայմանավորված վերոնշյալ իրավիճակները հակասության մեջ են մտնում 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի (Սեփականության իրավունքը) հետ, քանի որ զրկում են քաղաքացիներին օրինական հիմքով ձեռք բերած եւ իրենց սեփականությունը հանդիսացող դրամական միջոցներն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունքից: Ընդ որում, այն սեփականության (դրամական միջոցների), որոնց նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակված չէ օրենքով, քանի որ փաստորեն գերազանցում է պարտապանի պարտավորության կատարման համար անհրաժեշտ եւ հարկադիր կատարողի որոշման մեջ նշված չափը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածում առաջարկվող լրացմամբ մի կողմից լուծվում են պրակտիկայում հաճախակի հանդիպող վերոնշյալ խնդիրները, մյուս կողմից ապահովվում է մարդկանց սեփականության սահմանադրական իրավունքի իրացումը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ