Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-080-14.08.2003-ՖՎ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը

Սույն օրենքը կարգավորում է ինովացիոն գործունեության սուբյեկտների իրավական եւ տնտեսական փոխհարաբերությունները, սահմանում պետական ինովացիոն քաղաքականության ձեւավորման եւ իրականացման հիմքերը՝ ինովացիոն ակտիվությունը բարձրացնելու ուղղությամբ:

Հոդված 2. Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում գործածվող հիմնական հասկացություններն են՝

ինովացիա - տնտեսական շրջանառության մեջ օգտագործվող, նոր կամ կատարելագործված տեխնոլոգիական գործընթացի, նոր կամ կատարելագործված արտադրանքի տեսքով իրացում գտած ստեղծագործ աշխատանքի վերջնական արդյունք,

ինովացիոն գործունեություն - գիտական հետազոտությունների, մշակումների, փորձա-կոնստրուկտորական աշխատանքների կամ այլ գիտատեխնիկական նվաճումների օգտագործմամբ, տնտեսական շրջանառության մեջ իրացվող, նոր կամ կատարելագործված տեխնոլոգիական գործընթացի, նոր կամ կատարելագործված արտադրանքի ստեղծում,

պետական ինովացիոն քաղաքականություն – ինովացիոն գործունեության զարգացմանն ու խթանմանն ուղղված սոցիալ-տնտեսական քաղաքականության բաղկացուցիչ մաս,

վենչուրային ինովացիոն հիմնադրամներ - բաժնետիրական կապիտալում մասնաբաժնի փոխանակմամբ կամավոր գույքային մուծումների եւ /կամ/ կամավոր ներդրումների կատարման հիման վրա իրավաբանական եւ /կամ/ ֆիզիկական անձանց կողմից հիմնադրված ոչ առեւտրային կազմակերպություններ, որոնք կողմնորոշված են արտադրության մեջ բարձր ռիսկայնություն ունեցող նոր արտադրատեսակների եւ /կամ/ տեխնոլոգիաների ստեղծման, յուրացման ֆինանսավորմանը,

ինովացիոն գործունեության ենթակառուցվածք – ինովացիոն գործունեության սուբյեկտներին ինովացիոն գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծառայություններ մատուցող կազմակերպություններ:

Հոդված 3. Ինովացիոն գործունեության իրավական հիմքերը

Ինովացիոն գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, սույն օրենքին, այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաեւ ինովացիոն գործունեությանը վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Եթե միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ԳԼՈՒԽ 2.

ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 4. Ինովացիոն գործունեության բովանդակությունը

Ինովացիոն գործունեությանն են վերաբերում գործունեության հետեւյալ տեսակները՝

ա) տնտեսական շրջանառության մեջ իրացվող, նոր կամ կատարելագործված տեխնոլոգիական գործընթացի, նոր կամ կատարելագործված արտադրանքի ստեղծմանն ուղղված գիտահետազոտական, փորձա-կոնստրուկտորական եւ տեխնոլոգիական աշխատանքների իրականացումը,

բ) մարքեթինգային հետազոտությունների իրականացում եւ ինովացիոն արտադրանքի իրացման շուկաների կազմակերպում,

գ) տեխնոլոգիական վերազինման իրականացումը եւ արտադրության նախապատրաստումը,

դ) նոր գործընթացների, արտադրանքների եւ ապրանքների փորձարկման, ստանդարտացման եւ հավաստագրման իրականացումը,

ե) նոր կամ կատարելագործված արտադրանքի արտադրության, նոր կամ կատարելագործված տեխնոլոգիայի կիրառման սկզբնական ժամանակահատվածը՝ մինչեւ ինովացիոն նախագծի ետգնման նորմատիվային ժամկետի լրանալը,

զ) ինովացիոն ենթակառուցվածքի ստեղծումն ու զարգացումը,

է) ինովացիոն գործունեության համար կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը,

ը) մտավոր սեփականության օբյեկտների, գաղտնի գիտական, գիտատեխնիկական եւ տեխնոլոգիական տեղեկատվության նկատմամբ իրավունքների ձեռքբերումը, պահպանումը եւ փոխանցումը,

թ) ինովացիոն գործունեության ֆինանսավորումը, ինովացիոն ծրագրերում եւ նախագծերում ներդրումների իրականացմանը,

ժ) ինովացիոն գործունեության իրականացման համար անհրաժեշտ եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող աշխատանքների այլ տեսակները:

Հոդված 5. Ինովացիոն գործունեության սուբյեկտները

Ինովացիոն գործունեության սուբյեկտներ են համարվում իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպական-իրավական եւ սեփականության ձեւից, ֆիզիկական անձինք, օտարերկրյա կազմակերպություններն ու քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք:

Ինովացիոն գործունեության սուբյեկտները կարող են իրականացնել ինովացիոն նախագծերի եւ ծրագրերի պատվիրատուների եւ /կամ/ կատարողների, ներդրողների, ինովացիոն գործունեության արդյունքները սպառողների, ինչպես նաեւ ինովացիոն գործընթացը սպասարկող եւ ինովացիաների յուրացմանն ու տարածմանը աջակցող կազմակերպությունների գործառույթներ:

Հոդված 6. Ինովացիոն գործունեության սուբյեկտների իրավունքների պետական երաշխիքները

Պետությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ինովացիոն գործունեության սուբյեկտներին երաշխավորում է՝

ա) պետական ինովացիոն քաղաքականության իրականացմանն ուղղված ինովացիոն ծրագրերի եւ նախագծերի պետական աջակցություն,

բ) ինովացիոն գործունեության ենթակառուցվածքի սուբյեկտների կազմավորման եւ զարգացման պետական աջակցություն,

գ) ինովացիոն գործունեություն իրականացնող կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման պետական աջակցություն,

դ) մտավոր սեփականության պահպանությունն ու պաշտպանությունը անբարեխիղճ մրցակցությունից ու մենաշնորհից,

ե) պետական ինովացիոն քաղաքականության գերակայությունների մասին տեղեկատվության մատչելիության ազատություն,

զ) գիտատեխնիկական եւ ինովացիոն գործունեության արդյունքների, ինովացիոն պահանջմունքների վերաբերյալ տեղեկատվության, բացառությամբ պետական, ծառայողական եւ առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկատվության, հավաքման եւ տարածման ազատություն:

Հոդված 7. Հասարակական կազմակերպությունների եւ միավորումների մասնակցությունը ինովացիոն գործունեությանը

Այն հասարակական կազմակերպություններն ու միավորումները, որոնց կանոնադրությունը նախատեսում է ինովացիոն գործունեության իրականացում, մրցութային հիմունքներով կարող են իրականացնել այդպիսին՝ օգտվելով սույն օրենքով նախատեսված պետական աջակցության երաշխիքներից:

Ինովացիոն քաղաքականության ձեւավորման եւ իրականացման ոլորտի լիազորված պետական մարմինները ինովացիոն գործունեության ոլորտի ծրագրեր եւ նորմատիվային իրավական ակտերի նախագծեր նախապատրաստելիս կարող են ներգրավել հասարակական կազմակերպությունների եւ միավորումների:

Հոդված 8. Պայմանագրային հարաբերությունները ինովացիոն գործունեության սուբյեկտների միջեւ

Ինովացիոն գործունեության սուբյեկտների փոխհարաբերությունների հիմնական ձեւերն են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կնքվող պայմանագրերը:

Ինովացիոն գործունեության սուբյեկտների միջեւ կնքվող պայմանագրերի պայմաններն իրենց ուժը պահպանում են պայմանագրերի գործողության ամբողջ ժամանակահատվածում:

Պայմանագրերի պայմանները կարող են փոփոխվել ինովացիոն գործունեության կարգավորման այլ կարգ սահմանող օրենսդրական ակտերի գործողությամբ կամ ինովացիոն գործունեության սուբյեկտների լրացուցիչ համաձայնությամբ:

Ինովացիոն գործունեության իրականացման ժամանակ ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 9. Պետական մարմինների եւ ինովացիոն գործունեության սուբյեկտների միջեւ փոխհարաբերությունների իրավական հիմքերը

Լիազորված պետական մարմինները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են ընդհատել կամ դադարեցնել ինովացիոն գործունեությունը տարերային կամ այլ աղետների, Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքերում, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ ինովացիոն գործունեության շարունակումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բնապահպանական, սանիտարա-համաճարակաբանական եւ այլ նորմերի ու կանոնների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց շահերի ու իրավունքների խախտմանը:

ԳԼՈՒԽ 3.

ՊԵՏԱԿԱՆ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. Պետական ինովացիոն քաղաքականության նպատակներն ու խնդիրները

Պետական ինովացիոն քաղաքականությունը ձեւավորվում եւ իրականացվում է հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացման, կայուն տնտեսական աճի ապահովման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, պետության պաշտպանական, տեխնոլոգիական եւ բնապահպանական անվտանգության ապահովման համար ինովացիոն գործունեության գերակայությունների սկզբունքների հիման վրա:

Պետական ինովացիոն քաղաքականության հիմնական նպատակներն են ինովացիոն գործունեության համար տնտեսական, իրավական եւ կազմակերպչական պայմանների ապահովումը, որոնք ուղղված են հայրենական արտադրանքի մրցունակության աճի, գիտա-տեխնիկական արդյունքների արդյունավետ օգտագործման, սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծմանը:

Պետական ինովացիոն քաղաքականության հիմնական խնդիրներն են՝

ա) պետական ինովացիոն քաղաքականության գերակայությունների սահմանումը եւ իրականացումը,

բ) տնտեսության մեջ առաջադիմական կառուցվածքային բարեփոխումների ապահովումը,

գ) ինովացիոն գործունեության ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը,

դ) գիտության, կրթության, արտադրության եւ ֆինանսավարկային ոլորտների փոխազդեցության ապահովումը ինովացիոն գործունեության զարգացման ոլորտում:

Հոդված 11. Պետական ինովացիոն քաղաքականության ձեւավորումը

Պետական ինովացիոն քաղաքականությունը ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ինովացիոն գործընթացների շուրջ կանխատեսումների հիման վրա, որն արտացոլվում է պետական ինովացիոն քաղաքականության հայեցակարգում եւ այլ նորմատիվային ակտերում:

Հոդված 12. Պետական ինովացիոն քաղաքականության իրականացումը

Հայասատանի Հանրապետության պետական ինովացիոն քաղաքականության իրականացումն ընդգրկում է կառավարության գործունեության հետեւյալ ոլորտները՝

ա) ինովացիոն ծրագրերի, նախագծերի եւ դրանք ապահովող միջոցառումների ձեւավորում եւ իրականացում,

բ) ինովացիոն գործունեության համակարգում՝ պետական ինովացիոն քաղաքականության շրջանակներում,

գ) ինովացիոն գործունեության ենթակառուցվածքների կազմավորում ու զարգացում,

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինովացիոն գործունեության, միջտարածաշրջանային ինովացիոն ծրագրերի եւ նախագծերի պետական աջակցություն:

Պետական ինովացիոն քաղաքականության ձեւավորման եւ իրականացման համար պատասխանատվություն են կրում լիազորված պետական մարմինները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում։

Հոդված 13. Ինովացիոն կանխատեսումները եւ պետական ինովացիոն քաղաքականության երակայությունների հիմնավորումը

Ինովացիոն կանխատեսումները պետության սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումների բաղկացուցիչ մասն են, որոնք մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Պետական ինովացիոն քաղաքականության գերակայությունները սահմանվում են Կառավարության կողմից՝ ինովացիոն կանխատեսումների հիման վրա, որոնք արտացոլվում են պետության սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ եւ կարճաժամկետ ծրագրերում։

Հոդված 14. Ինովացիոն ծրագրերը եւ նախագծերը

Ինովացիոն քաղաքականության գերակայությունների հիման վրա Կառավարությունը մշակում եւ հաստատում է ինովացիոն ծրագրերը եւ ինովացիոն ենթակառուցվածքների զարգացմանն ու ինովացիոն գործունեության օժանդակությանն ուղղված ծրագրերը:

Պետական ինովացիոն ծրագրերի եւ նպատակային ծրագրերի ձեւավորումն իրականացվում է նրանցում ներառված ինովացիոն նախագծերի եւ ինովացիոն ենթակառուցվածքների զարգացման նախագծերի մրցութային ընտրությամբ:

Հոդված 15. Ինովացիոն գործունեության պետական աջակցության ձեւերը

Ինովացիոն գործունեության պետական աջակցությունն իրականացվում է հետեւյալ ձեւերով՝

ա) ինովացիոն գործունեության հետ կապված գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական եւ տեխնոլոգիական աշխատանքների ֆինանսավորում,

բ) ինովացիոն ծրագրերի եւ նախագծերի, ինովացիոն գործունեությունն ապահովող միջոցառումների, ինչպես նաեւ ինովացիոն գործունեության ենթակառուցվածքների սուբյեկտների գործունեության ֆինանսավորում,

գ) արտահանվող կամ արտահանման ներկայացվող հայրենական արտադրատեսակների արդյունաբերական նմուշները եւ գյուտերը արտասահմանում արտոնագրելու ֆինանսավորում,

դ) միջոցների ներդրում ինովացիոն գործունեության ենթակառուցվածքի սուբյեկտների կազմավորման եւ զարգացման մեջ,

ե) պետպատվերի նախատեսում ինովացիոն գործունեության արդյունքում ստեղծված արտադրանքի գնման համար,

զ) դրամական օժանդակությունների տրամադրում առանձին ինովացիոն նախագծերի եւ դրանք ապահովող միջոցառումների իրականացման համար,

է) հայրենական արտադրողների կողմից արտադրվող բարձր տեխնոլոգիական արտադրանքի մրցունակության տարիֆային եւ ոչ տարիֆային կարգավորում՝

օտարերկրյա արտադրողների կողմից արտադրվող, համանման արտադրանքի նկատմամբ,

ը) պետական գույքի օգտագործման իրավունքի տրամադրում:

Հոդված 16. Ինովացիոն գործունեության ֆինանսավորման աղբյուրները

Ինովացիոն գործունեության ֆինանսավորումն իրականացվում է հետեւյալ միջոցների հաշվին՝

ա) ինովացիոն գործունեության սուբյեկտների միջոցներ,

բ) ինովացիոն գործունեության սուբյեկտների կողմից այլ աղբյուրներից ներգրավվող միջոցներ,

գ) պետական եւ համայնքային բյուջեների միջոցներ, որոնք համապատասխան բյուջեներով նախանշանակված են այդ նպատակների համար,

դ) պետական ոչ բյուջետային հիմնադրամների եւ ինովացիոն գործունեությանը մասնակից այլ պետական կազմակերպությունների միջոցներ,

ե) օտարերկրյա ներդրողների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներ:

Հոդված 17. Ինովացիոն հիմնադրամներ

Ինովացիոն գործունեությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ոչ առեւտրային կազմակերպությունների լիազորություններով կարող են ստեղծվել ինովացիոն հիմնադրամներ, որոնք ապահովում են ինովացիոն նախագծերի ֆինանսավորումը՝ վերադարձելիության եւ անվերադարձելիության հիմքերով միջոցներ տրամադրելով:

Վենչուրային /բարձր ռիսկային/ հիմնադրամները մասնագիտացված են ռիսկային ինովացիոն նախագծերի իրականացման համար ստեղծվող ինովացիոն կազմակերպությունների բաժնետիրական կապիտալում ներդրումներ կատարելու մեջ:

Վենչուրային հիմնադրամների հիմնադրմանն ու գործունեությանը կարող են մասնակցել շահագրգիռ պետական մարմիններ ու պետական ոչ բյուջետային հիմնադրամներ:

Հոդված 18. Ինովացիոն գործունեության ենթակառուցվածքի սուբյեկտները եւ դրանց գործառույթները

Ինովացիոն գործունեության ենթակառուցվածքի սուբյեկտ է համարվում այն իրավաբանական անձը, որն ինովացիոն գործունեության սուբյեկտներին տրամադրում է ծառայությունների հետեւյալ տեսակները՝

ա) արտադրատեխնոլոգիական,

բ) ինովացիոն արտադրանքների փորձարկում, հավաստագրում եւ ստանդարտացում,

գ) ֆինանսական,

դ) իրավական /ներառյալ մտավոր սեփականության իրավական պաշտպանությունը/,

ե) կազմակերպա-ղեկավարչական,

զ) ինովացիոն գործունեության համար կադրերի պատրաստում, վերապատրաստում եւ որակավորման բարձրացում,

է) խորհրդատվական,

ը) տեղեկատվական /ներառյալ գովազդային/,

թ) ինովացիոն գործունեության իրականացման համար անհրաժեշտ այլ տեսակի ծառայություներ:
 
 

ԳԼՈՒԽ 4.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 19. Ինովացիոն գործունեության ոլորտում միջազգային համագործակցության սահմանները

Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է ինովացիոն գործունեության ոլորտում օտարերկրյա պետությունների հետ համագործակցությունը՝ միջազգային պայմանագրերի, միջազգային ինովացիոն ծրագրերի եւ նախագծերի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց եւ օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ կարող են ստեղծվել ինովացիոն կազմակերպություններ եւ կենտրոններ:

ԳԼՈՒԽ 5.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 20. Անցումային դրույթ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում ապահովում է սույն օրենքից բխող նորմատիվ-իրավական ակտերի ընդունումը։

Հոդված 21. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից։