Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-506-15.02.2005-ԳԿ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն ստանալու (այսուհետ` հատուկ կրթություն) իրավական, կազմակերպական եւ ֆինանսական հիմքերը` իրենց ընդունակություններին եւ կարողություններին համապատասխան, ինչպես նաեւ հատուկ կրթության բնագավառի հարաբերությունների մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1 .Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`

ա/ հատուկ կրթություն` կրթական բոլոր մակարդակների համակարգ՝ նախադպրոցական, ընդհանուր եւ մասնագիտական կրթություն, որը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար երաշխավորում է կրթության իրավունքը, ապահովելով հատուկ կրթության անհրաժեշտ պայմաններ,

բ/ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ` անձ, որի ֆիզիկական եւ (կամ) մտավոր եւ հոգեկան զարգացման առանձնահատկություններըխոչընդոտում են կրթական ծրագրերի յուրացմանը, եթե ապահովված չեն հատուկ կրթության անհրաժեշտ պայմաններ,

գ/ հատուկ կրթության անհրաժեշտ պայմաններ` կրթության (դաստիարակության) համար այնպիսի պայմանների առկայություն, որոնք ներառում են հատուկ կրթական ծրագրեր եւ ուսուցման մեթոդներ, ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ, կենսագործունեության միջավայր, ինչպես նաեւ մանկավարժական, սոցիալական եւ այլ ծառայություններ, առանց որոնց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կողմից հանրակրթական եւ մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումը անհնարին (բարդեցված) է,

դ/ ներառական կրթություն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության համար հատուկ պայմանների ապահովման միջոցով նրանց համատեղ ուսուցումը հանրակրթական ուսումնական հաստատություններում ՝ նման պայմանների կարիք չունեցող անձանց հետ,

ե/ ընդհանուր ուսուցում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող անձանց ուսուցման համար մեկ կամ մի քանի կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ հատուկ կրթական ծրագրերի եւ այդ ծրագրերի պահանջներին համապատասխան սովորողների ուսուցման եւ դաստիարակության ապահովում,

զ/ հատուկ կրթական հաստատություն` ուսումնական հաստատություն, որտեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսուցման համար,

է/ հատուկ կրթական ստորաբաժանում`կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսուցման համար ուսումնական հաստատության կազմում գործող կառուցվածքային ստորաբաժանում,

ը/ տնային ուսուցում` առողջական վիճակի բերումով ժամանակավորապես կամ մշտապես ուսումնական հաստատություն չհաճախող անձի կողմից հանրակրթական եւ մասնագիտական կրթական ծրագրերի յուրացում, որի պարագայում համապատասխան ուսումնական հաստատության մանկավարժների կողմից ուսուցումն իրականացվում է տանը,

թ/ Ֆինանսավորման բարձրացվածչափաքանակ` ֆինասավորման չափ, որն անհրաժեշտ է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների լիարժեք կրթության ապահովման համար:

Հոդված 2 . Հատուկ կրթության իրավական ապահովման հիմքը

1. Հատուկ կրթության իրավական ապահովման հիմքն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության այլ օրենքները եւ իրավական ակտերը:

2. Եթե Հայատանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3 . Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է հատուկ կրթության ոլորտի հարաբերությունների մասնակից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վրա`

ա) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների), ինչպես նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող չափահաս անձանց` սահմանված կարգով լիազոր ներկայացուցիչներ ճանաչված անձանց նկատմամբ,

բ) հատուկ կրթություն իրականացնող մանկավարժների, սոցիալական, առողջապահությանեւ այլ ոլորտների աշխատակիցների, ինչպես նաեւ մանկավարժության բնագավառի` կենսագործունեության սահմանափակ հնարավորություններ ունեցող աշխատակիցների նկատմամբ,

գ) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու նրանց պաշտոնատար անձանց նկատմամբ:

Հոդված 4 . Հատուկ կրթության նպատակները

1. Հատուկ կրթության նպատակը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, իրենց ընդունակություններին եւ կարողություններին համապատասխան եւ առողջությանը համարժեք ուսուցման միջավայրում, նրանց հասարակական հարմարեցման եւ ինտեգրման (վերինտեգրման), ինքնասպասարկման ունակությունների ձեռքբերման, աշխատանքային, մասնագիտական, գործունեության եւ ընտանեկան կյանքին պատրաստվածության ապահովումն է:

2. Եթե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձը սահմանված կարգով ճանաչված է հաշմանդամ, ապա հատուկ կրթության անհրաժեշտությունը ներառվում է հաշմանդամի անհատականվերականգնման ծրագրում` հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասինՀայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

ԳԼՈՒԽ 2

ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ (ԱՅԼ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 5 . Հատուկ կրթության բնագավառում քաղաքացիների իրավունքները

1. Հատուկ կրթություն ստանալու նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիներն իրավունք ունեն անվճար բժշկական քննության:

2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք իրավունք ունեն`

ա) ստանալու անվճար նախադպրոցական կրթություն,

բ) ստանալու անվճար հատուկ ընդհանուր կրթություն՝ անկախ ընտրած ուսումնական հաստատության տիպից:

Հոդված 6. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) իրավունքները

1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողները (այլ օրինական ներկայացուցիչները) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`

ա) մասնակցել երեխայի անհատական ուսումնական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,

բ) երեխայի առավել արդյունավետ դաստիարակության եւ զարգացման համար հատուկ գիտելիքներ ստանալու նպատակով ուսումնական հաստատության ղեկավարի թույլտվությամբ մասնակցել միջին մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների պարապմունքներին,

գ) Հանձնաժողովներում ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն հատուկ կրթության հարցերով:

2. Սույն հոդվածի 1 մասի «ա» եւ «բ» ենթակետերում նշված իրավունքները վերապահվում են նաեւ կենսագործունեության սահմանափակումներ ունեցող չափահաս անձանց օրինական ներկայացուցիչներին:

Հոդված 7. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց պետական աջակցությունը

1. Հատուկ կրթական հաստատություններում, ուսումնական հաստատությունների հատուկ կրթական ստորաբաժանումներում լիարժեք պետականաջակցությունից օգտվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հետեւյալ երեխաները`

ա) խոսքի ծանր խանգարումներ, հնչյունա-հնչույթային եւ խոսքի ընդհանուր թերզարգացում ունեցող երեխաները,

բ) լսողության խանգարում` չլսող (խուլ), թույլ լսող եւ լսողության կորուստ ունեցող երեխաները,

գ) տեսողության խանգարում` կույր, թույլ տեսնող, ուշ կուրացած, շլություն ունեցող երեխաները,

դ) մտավոր հետամնացություն ունեցող երեխաները,

ե) հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաները,

զ) hոգեբանական զարգացման խնդիրներ՝ ուսումնական ունակությունների զարգացման յուրահատուկ խանգարումներ ունեցող երեխաները,

է) վարքային եւ հուզակամային ոլորտի խանգարումներունեցող երեխաները:

ԳԼՈՒԽ 3

ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 8. Հատուկ կրթություն ստանալու ձեւերը

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք հատուկ կրթական հաստատություններում, հատուկ կրթական ստորաբաժանումներում, ուսումնական հաստատություններում հատուկ կրթություն կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 9. Տնային ուսուցում

1. Առողջական վիճակի բերումով ուսումնական հաստատություններ ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող անձանց համար կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը պարտավոր է կազմակերպել տնային ուսուցում:

Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Տնային ուսուցումն իրականացվում է սույն հոդվածի 1 կետով նշված անձանց մշտական ուսումնառության վայրի ուսումնական հաստատության կողմից կամ այդ անձանց բնակության վայրին առավել մոտ, պետական հավատարմագիր ունեցող համապատասխան ուսումնական հաստատության կողմից` մարմնական հիվանդություններով տառապող երեխաների առողջության վերաբերյալ բուժական հաստատության եզրակացության հիման վրա: Տնային ուսուցումն իրականացվում է կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի, ուսումնական հաստատության, սովորողների եւ (կամ) նրանց օրինական ներկայացուցիչների միջեւ պայմանագրի հիման վրա: Տնային ուսուցման պայմանագրի տիպային ձեւը հաստատում է կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Տնային ուսուցումը ֆինանսավորվում է սույն օրենքի 21 հոդվածին համապատասխան:

Հոդված 10 . Ուսուցումը ստացիոնար բուժական հաստատության պայմաններում

1. Երեխաների կրթության իրավունքը իրականացնելու, դրա համար պայմաններ ապահովելու նպատակով կրթության բնագավառի պետական կառավարման լիազորված եւ առողջապահության մարմինները պարտավոր են հանրակրթական ծրագրերին համապատասխան կազմակերպել ստացիոնար բուժական հաստատություններումերկարատեւ (ոչ պակաս, քան 21 օր) բուժման մեջ գտնվող երեխաների ուսուցումը:

2. Ստացիոնար բուժական հաստատության գտնվելու վայրի հանրակրթական հաստատությունը երեխաների ուսուցումն իրականացնելիս համագործակցում է ստացիոնար բուժական հաստատության հետ: Կրթության կազմակերպման հարցերը կարգավորվում են ստացիոնար բուժական հաստատության եւ հանրակրթական ուսումնական հաստատության միջեւ կնքված պայմանագրով: Ստացիոնար բուժական հիմնարկի պայմաններում ուսուցումը կազմակերպելու պայմանագրի ձեւը հաստատվում է կրթության եւ առողջապահության բնագավառների պետական կառավարման լիազորված մարմինների կողմից:

3. Ստացիոնար բուժական հիմնարկի պայմաններում ուսուցումը ֆինանսավորվում է սույն օրենքի 22 հոդվածին համապատասխան:

Հոդված 11 . Ընդհանուր ուսուցում

1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք ուսումնական հաստատությունում իրավունք ունեն սովորելու ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով /ներառական կրթությամբ/:

2. Ուսումնական հաստատությունում սովորող հաշմանդամ քաղաքացիները անհրաժեշտության դեպքում պարապմունքների ժամանակ իրավունք ունեն օգտվել օգնականի ծառայություններից: Օգնականի ծառայություններից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3.Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար կազմակերպվում է ներառական կրթություն, եթե ներառական ուսուցման կրթական հաստատությունն ապահովված է հատուկ կրթության համար անհրաժեշտ պայմաններով:

4. Ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունումսովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները պարապմունքների ժամանակ իրավունք ունեն օգտվել հատուկ մանկավարժի ծառայություններից: Հատուկ մանկավարժի իրավունքները եւ պարտականությունները սահմանում է կրթության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը:

5. Ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունումկրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությունն իրականացվում է ֆինանսական բարձրացված չափաքանակով:

6.Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համատեղ ուսուցումը եւ դաստիարակումը չպետք է բացասաբար անդրադառնա կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող անձանց ուսման որակի եւ առաջադիմության վրա:Հանրակրթական դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման կարգը սահմանում էկրթության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

Հոդված 12. Հատուկ կրթական հաստատություններ

1. Հատուկ կրթական հաստատությունները կազմակերպվում եւ գործում են իրենց կողմից իրականացվող ընդհանուր հանրակրթական, այդ թվում հատուկ մանկավարժական, մասնագիտական եւ լրացուցիչ կրթական ուսումնական ծրագրերին, սովորողների վերականգնողական գործունեությանը եւ տարիքին համապատասխան:

2. Հատուկ կրթական հաստատություններ կարող են ստեղծվել տարբերֆիզիկական եւ (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկություններ ունեցող անձանց համատեղ ուսուցման համար, եթե դա չի հակասում ուսումնական ծրագրերի հաջող յուրացմանը: Հատուկ կրթական հաստատությունների տիպերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 13 . Հատուկ մանկավարժական օգնություն երեխաներին

1.Ուսումնական հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողերեխաներին ցուցաբերվում է հատուկ մանկավարժականօգնություն:

2. Հատուկ մանկավարժական օգնություն կարող է ցուցաբերվել հետեւյալ միջոցներով`

ա) ուսումնական հաստատությունում, այդ թվում` նախադպրոցական հաստատություններում հատուկ մանկավարժի հաստիքի ամրագրում,

բ) վերականգնողական կենտրոններումեւ համայնքներում`հատուկ մանկավարժական ծառայություն կազմակերպելով:

Հոդված 14 . Հատուկ կրթական հաստատություններից կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց փոխադրումը այլ ուսումնական հաստատություններ

1.Հատուկ կրթական հաստատություններից կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց փոխադրումը հատուկ կրթության այլ հաստատություններ կամ այլ ուսումնական հաստատություններ իրականացվում է կրթության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:

2. Հատուկ կրթական հաստատության վերակազմավորման կամ լուծարման դեպքում կրթության բնագավառի լիազորված պետական մարմինը այդ հաստատության սովորողների կամ նրանց ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) համաձայնությամբ ապահովում է նրանց փոխադրումը հատուկ կրթական այլ հաստատություններ կամ համապատասխան ուսումնական հաստատություններ:

Հոդված 15. Հատուկ պետական կրթական չափորոշիչներ

1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն անձանց համար, որոնց ուսուցումը հոգեկան եւ (կամ) ֆիզիկական զարգացման առանձնահատկություններիպատճառով պետական կրթական չափորոշիչներին համապատասխան անհնարին է, կարող են սահմանվել պետական հատուկ կրթական չափորոշիչներ։

2. Պետական հատուկ կրթական չափորոշիչների մշակման, հաստատման եւ ներդրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 16 . Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ամփոփիչ ատեստավորումը

Կրթության առանձնահատուկ պայմաննների կարիք ունեցող անձանց ամփոփիչ ատեստավորման արդյունքով տրվում է համապատասխան փաստաթուղթ (վկայական, ատեստատ, դիպլոմ): Վերջնական ատեստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17 . Բժշկամանկավարժահոգեբանական հանձնաժողովները եւ բժշկա-սոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները

1.Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հատուկ կրթության իրավունքի վերապահումը, ինչպես նաեւ երեխաների ֆիզիկական եւ (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկությունների հարցերով ծնողներին (այլ օրինական ներկայացուցիչներին) կրթականխորհրդատվության մատուցումն իրականացնում են Բժշկամանկավարժահոգեբանականհանձնաժողովները(այսուհետ` Հանձնաժողով):

Հանձնաժողովները ստեղծվում են մարզերում :

2.Հանձնաժողովի հիմնական գործառույթներն են`

ա) առավել վաղ շրջանում երեխաների բժշկամանկավարժական-հոգեբանական հետազոտումը, ախտորոշման եւ կրթության համար համարժեք հատուկ պայմաններ սահմանելու նպատակով նրանց զարգացման առանձնահատկությունների բացահայտումը,

բ) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հատուկ կրթության իրավունքների վկայագրումը, համապատասխան եզրակացության կազմումը,

գ) անհատական ուսումնական ծրագրին կից երաշխավորությունների կազմումը,

դ) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներին (այլ օրինական ներկայացուցիչներին) խորհրդատվության մատուցումը,

ե) մանկավարժության, բժշկության եւ սոցիալական ոլորտների աշխատակիցներին երեխաների կրթության հատուկ պայմանների ապահովման, նրանց եւ իրենց ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) իրավունքների հետ կապված հարցերով խորհրդատվության մատուցումը,

զ) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների բանկի ձեւավորումը եւ հավաքված տեղեկությունների տրամադրումը` կրթության կառավարման, առողջապահության եւ սոցիալական ծառայության տարածքային մարմիններին:

3.Հանձնաժողովի կազմը ընդգրկում է .

ա) կրթության կառավարման բնագավառի, առողջապահության եւ սոցիալական ծառայության տարածքային մարմինների ներկայացուցիչներ,

բ) հոգեբան,

գ)առողջապահության ոլորտի մասնագետ,

դ) հանրակրթության եւհատուկ կրթության բնագավառի մասնագետներ,

ե)սոցիալական ոլորտի աշխատող,

զ) իրավաբան:

4.Երեխաները Հանձնաժողովի հետազոտմանը ներկայացվում են ըստ ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) դիմումի, ինչպես նաեւ ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) համաձայնությամբ` կրթության կառավարման համապատասխան մարմինների, առողջապահության, սոցիալական ծառայության տարածքային մարմինների, ուսումնական հաստատությունների, առողջապահական հաստատությունների, իրենց հիմնադիր փաստաթղթերին համապատասխան կենսագործունեության սահմանափակումներով անձանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական միավորումների նախաձեռնությամբ:

Դատարանի որոշմամբ երեխաներին հետազոտման ուղեգրելիս ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) համաձայնությունը չի պահանջվում:

Առողջապահական հաստատությունները երեխայի մոտ ֆիզիկական եւ (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկություններ հայտնաբերելու դեպքում, կրթության համար հատուկ պայմաններ սահմանելու նպատակով պարտավոր են 10-օրյա ժամկետում երեխային ներկայացնել Հանձնաժողովի հետազոտմանը:

5.Երեխայի հետազոտման արդյունքները ամփոփվում են Հանձնաժողովի եզրակացությամբ, որը հիմք է ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) ցանկությամբ երեխային հատուկ կրթական հաստատություն ուղեգրելու, տնային ուսուցում կազմակերպելու կամ այլ ուսումնական հաստատություններ ուղեգրելու համար:

6.Հանձնաժողովի եզրակացությանը ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) անհամաձայնության դեպքում, նրանց կողմից դիմում տալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, համապատասխան փորձագիտական կենտրոնն իրականացնում է կրկնակի հետազոտություն:

Բժշկամանկավարժահոգեբանական հետազոտություն իրականցնող փորձագիտականկենտրոնների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7.Հանձնաժողովների գիտամեթոդական սպասարկման եւ վերահսկման համար ստեղծվում է հանրապետական հանձնաժողով, որի կազմը եւ գործառույթները սահմանում է կրթության ոլորտի պետական կառավարման մարմինը:

8.Հանձնաժողովի գործառույթները չափահասների նկատմամբ իրականացնում է բժշկա-սոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինը:

Բժշկա-սոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնիեզրակացությունները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 18. Հատուկ կրթության իրավունքը հավաստագրող փաստաթղթերը

1. Հանձնաժողովի կողմից հատուկ կրթության իրավունքը հավաստագրվում է երեխային (նրա օրինական ներկայացուցչին) կամ հաշմանդամ անչափահասին եւ չափահասին(նրա օրինական ներկայացուցչին) բժշկա-սոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրվող փաստաթղթով: Փաստաթղթի տիպային ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Կրթության հատուկ պայմանները սահմանվում են Հանձնաժողովի կամ բժշկա-սոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրվող եզրակացության հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինը կրթության ֆինանսավորման հարցերով սույն հոդվածի 1 եւ 2 մասերով սահմանված փաստաթղթերի հիման վրա, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձին (նրա օրինական ներկայացուցչին) ապահովում է բարձրացված ֆինանսական չափաքանակով:

4. Հայաստանի Հանրապետության օրենքներինհամապատասխան Հանձնաժողովների եւ բժշկա-սոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում սույն հոդվածի 1 եւ 2 մասերում նշված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիության համար:

ԳԼՈՒԽ 4

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 19. Հատուկ կրթության կառավարումը

1. Հատուկ կրթության համակարգը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կառավարվող կրթության համակարգի բաղկացուցիչ մաս է:

2. Հատուկ կրթության բնագավառի լիազորված պետական մարմիններն ընդունում եւ իրականացնում են քաղաքացիների առողջության պահպանմանը, հաշմանդամության կանխարգելմանը, կենսագործունեության սահմանափակումներովանձանց սոցիալական հարմարեցմանն ուղղված համատեղ ծրագրեր ու միջոցառումներ: Այդ գործունեության համակարգման, հատուկ կրթության հարցերով տեղեկատվության եւ փորձի փոխանակման նպատակով կարող են ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողովներ:

Հատուկ կրթության բնագավառի լիազորված պետական մարմինները հատուկ կրթության բնագավառում իրենց որոշումների մասին պարտավոր են տեղեկացնել Հանձնաժողովներին, բժշկա-մանկավարժական-հոգեբանական կենտրոններին եւ բժշկա-սոցիալական փորձաքննության հաստատություններին:

3. Անկախ կազմակերպական - իրավական ձեւից, հատուկ կրթական հաստատությունների վերակազմակերպում եւ լուծարում թույլատրվում է միայն սովորողների կրթության հատուկ համարժեք պայմաններով ուսուցումը ապահովելու դեպքում: Ոչ պետական հատուկ կրթական հաստատությունների վերակազմակերպման եւ լուծարման դեպքում սովորողներին երաշխավորվում է համապատասխան տիպի եւ ձեւի պետական ուսումնական հաստատություններում կրթության իրավունքի իրականացում:

4. Հատուկ ընդհանուր կրթական ծրագրերի իրականացմանլիցենզավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Կրթության համար հատուկ պայմանների առկայությունը, իսկ ոչ պետական հատուկ կրթական հաստատությունների համար` նաեւ սահմանված նորմատիվներին համապատասխան դրանց ֆինանսավորման հնարավորությունը համարվում են հատուկ փորձաքննության առարկա:

5.Հատուկ կրթական հաստատության պետական հավատարմագրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 20 . Հսկողությունը հատուկ կրթության բնագավառի գործունեության նկատմամբ

1. Հատուկ կրթության բնագավառի գործունեության նկատմամբ հսկողությունը իրականացվում է կրթության բնագավառի լիազորված պետական մարմնի կողմից` իր լիազորությունների սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությունն իրականացնող ուսումնական հաստատությունների գործունեության հսկողությունը կատարվում է հիմնադիրների կողմից:

Հոդված 21. Հատուկ կրթության ֆինանսավորումը

1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողսովորողներ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է հիմնադիրների կողմից բարձրացվածչափաքանակով, ինչպես նաեւ օրենքով թույլատրված այլ միջոցների հաշվին:

Պետական բյուջեի միջոցների հաշվին բարձրացվածչափաքանակի ֆինանսավորման նորմատիվները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Բժշկական հաստատության եզրակացությամբ մարմնական հիվանդություններ ունեցող անձանց տնային ուսուցման իրականացումը, ինչպես նաեւ ստացիոնար բուժական հաստատությունում գտնվելու ժամանակահատվածում նրանց ուսուցումը ֆինանսավորվում է այն ուսումնական հաստատության կողմից, որտեղ նրանք սովորում են:

3.Կենսագործունեության սահմանափակ հնարավորություններով մասնագետի մանկավարժական գործունեության համար անհրաժեշտ պայմաններն ապահովվում են համապատասխան ուսումնական հաստատության հիմնադրի միջոցների հաշվին:

Հոդված 22 . Հատուկ կրթական հաստատությունների, հատուկ կրթական ստորաբաժանումների եւ այլ ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական ապահովումը

Նման ուսումնական հաստատությունների կամ կրթական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազան` կախված այդ հաստատությունների տիպերից եւ ձեւերից, ներառում է սովորողների համար անհրաժեշտ տարածքներ, կառույցներ, ինչպես նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսուցման համար անհատական տեխնիկական միջոցներ, համակարգչային դասարաններ, սարքավորումներ, այդ թվում վերականգնողական կաբինետների կազմավորում, սպորտային եւ զանգվածային միջոցառումների կազմակերպում, սննդի, բժշկական սպասարկման, առողջարարական եւ բուժիչ-պրոֆիլակտիկ միջոցառումների կազմակերպում, կենցաղ-տնտեսական եւ սանիտարահիգենիկ սպասարկում եւ համապատասխան ուսումնական հաստատության կամ կրթական ստորաբաժանման կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում, որոնք ֆինանսավորվում են պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

Հոդված 23 . Հատուկ կրթական հաստատությունների, հատուկ կրթական ստորաբաժանումների եւ այլ ուսումնական հաստատությունների գիտամեթոդական ապահովումը

1. Հատուկ կրթական հաստատություններին, հատուկ կրթական ստորաբաժանումներին եւ այլ ուսումնական հաստատություններին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովում է դասագրքերով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համաձայն, ինչպես նաեւօրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Հատուկ կրթական հաստատությունների, հատուկ կրթական ստորաբաժանումների եւ այլ ուսումնական հաստատությունների գիտամեթոդական ապահովումն իրականացվում է կրթության ոլորտի լիազորված պետական մարմնի միջոցով:

Հոդված 24 . Հատուկ կրթության բնագավառի մասնագետների պատրաստումը

1. Հատուկ կրթության բնագավառի մասնագետների պատրաստումն իրականացվում է միջին մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում, հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ միջնակարգ եւ բարձրագույն մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների հատուկ ֆակուլտետներում եւ դասընթացներում:

2. Մանկավարժական միջին եւ բարձրագույն կրթության հիմնական ուսումնական ծրագրերի բովանդակության պարտադիր մինիմումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, ներառում է հատուկ մանկավարժության հիմունքների ուսումնասիրություն:

Հոդված 25 . Հատուկ կրթության իրականացմանը մասնակից անձանց սոցիալական երաշխիքները եւ արտոնությունները

Կախված աշխատանքի ծանրաբեռնվածության աստիճանից, հատուկ կրթության իրականացմանը մասնակից ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից եւ արտոնություններից բացի, երաշխավորվում է աշխատանքի վարձատրության արտոնյալ պայմաններ:

Աշխատանքի վարձատրության արտոնյալ պայմանների չափորոշիչները հաստատում է կրթության բնագավառի լիազորված պետական մարմինը:

ԳԼՈՒԽ 5

ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸՀԱՏՈՒԿԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 26 . Միջազգային համագործակցությունը հատուկ կրթության բնագավառում

1. Հատուկ կրթության բնագավառի միջազգային գործակցությունն իրականացվում է միջազգային պայմանագրերի հիման վրա եւ ուղղված է հատուկ կրթության բնագավառի միջազգային ընկերակցության զարգացմանը:

2. Հատուկ կրթությանն առնչվող մարմինները, հաստատությունները, պետական եւ ոչ պետական կազմակերպությունները, ինչպես նաեւ շահագրգիռ ֆիզիկական անձինք իրավունք ունեն մասնակցել հատուկ կրթության բնագավառի միջազգային ծրագրերին եւ նախագծերին` այդ թվում մասնագետների պատրաստմանն առնչվող հարցերով:

ԳԼՈՒԽ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 27 . Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Հոդված 28 . Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն ստանալու բնագավառում առաջացող հարաբերություններն օրենսդրորեն կանոնակարգելու, հատուկ կրթության բնագավառի կազմակերպման, իրավական ու ֆինանսական հիմքերը հստակ սահմանելու եւ սոցիալական այդ խմբի նկատմամբ պետական առանձնահատուկ հոգածություն դրսեւորելու օրըստօրե աճող հրամայականով:

Նույնանուն նախագիծ հեղինակի կողմից մեկ անգամ արդեն իսկ ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը, որն անհրաժեշտ քվորում չհավաքելու պատճառով չի ընդունվել առաջին ընթերցմամբ: Սույն նախագիծը հանդիսանում է նախորդի լրամշակված տարբերակը: