Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-369-14.09.2018,18.10.2018-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 30.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-4-րդ մասերով.

«Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մերժման հիմքերից բացի նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաեւ, եթե՝

1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա ՝

ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր.

բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս եւ ավելի է.

գ. որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր եւ նախատեսվող ջրառի եւ ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը:

2) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝

ա. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում,

բ. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում,

գ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում,

դ. գետերի հոսքի ձեւավորման տարածքներում,

ե. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ,

զ. անտառային հողերում կամ տարածքներում, որտեղ շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելու նպատակով առաջանում է ծառեր հատելու անհրաժեշտություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված պետական անտառային հողերում աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքերի:

Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված գետերի ցանկը սահմանում է Կառավարությունը:

Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված սողանքային տարածքները սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 33-րդ հոդվածի`

1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել, բացառությամբ հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների:»:

2. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով ջրօգտագործման թույլտվության համար դիմած անձին (անկախ տվյալ տարածքում ջրավազանային կառավարման պլանի առկայության հանգամանքից) ջրօգտագործման թույլտվությունը տրվում է 1 տարի ժամկետով, որը լիցենզիայի ստացման դեպքում համարվում է երկարաձգված` լիցենզիայի ժամկետին հավասար, բայց ոչ ավելի, քան 20 տարին, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ ժամկետ սահմանված չէ, որի դեպքում ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված ջրավազանային կառավարման պլանով նախատեսված ժամկետով: Ջրավազանային կառավարման պլանների հաստատումից կամ դրանցում փոփոխություններ կատարելուց հետո նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները ենթակա են վերանայման:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Վերջին տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք ոլորտը դարձրել են բարձր ռիսկայնության եւ հրատապ լուծում են պահանջում:

Փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը էական վնաս է հասցնում բնությանը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական եւ կենդանական տեսակները, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով եւ հայտնվում ճգնաժամային վիճակում:

Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը եւ հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիները եւ գետերի ցանկը, որոնք կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները:

Սույն օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի նիստի N 29.6/[396370]-17(10) արձանագրության 1-ին կետի 3-րդ ենթակետի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը եւ արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 338-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 7-րդ կետի հանձնարարականների:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասերով, որոնցով ամրագրվել են ՓՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիները եւ, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը: Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի եւ այդ լիցենզիան ստանալու նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվության ժամկետների կարգավորման նպատակով խմբագրվել է ՀՀ ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը եւ հավասարակշռության ապահովմանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ