Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 35-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 13-րդ կետում «համաներման ակտ» բառերը փոխարինել «համաներման մասին օրենք» բառերով.
2) 6-րդ մասի 2-րդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն պարբերությամբ նախատեսված կարգավորումը գործում է, եթե համաներման մասին օրենքով այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 4263 -րդ հոդվածի 3-րդ մասում «համաներման ակտ» բառերը փոխարինել «համաներման մասին օրենք» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը: Այստեղից հետեւում է, որ համաներումը՝
1) մարդասիրական ակտ է եւ հետապնդում է նույնպիսի նպատակներ.
2) տարածվում է անհատապես չորոշված անձանց շրջանակի նկատմամբ.
3) բովանդակային առումով դրսեւորվում է հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխրինելու կամ դատվածությունը վերացնելու ձեւով, այլ խոսքով՝ իր գործողությամբ ընդգրկում է ինչպես քրեական դատավարության մինչդատական փուլը, այնպես էլ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռին հաջորդող ժամանակահատվածը:
Համաներում հայտարարելը, մի կողմից, պետության (որին վերապահված է քրեական հետապնդման իրականացումը), մյուս կողմից՝ քաղաքացիների (որոնք հանցավոր արարքներ կատարելու դեպքում ենթակա են քրեական պատասխանատվության քրեական օրենքով նախատեսված ձեւերով եւ սահմաններում) միջեւ հարաբերությունների կարգավորման տեսակ է1 ։
Պետությունն համաներում հայտարարում է՝ ելնելով ոչ միայն քաղաքական եւ տնտեսական նպատակահարմարությունից, այլեւ ժողովրդավարական իրավական պետությունում նման մարդասիրական քայլի սոցիալական պայմանավորվածությունից:
Այս համատեքստում հարկ է նկատել, որ համաներման ինստիտուտի դերին եւ նշանակությանն անդրադարձել է նաեւ «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի Հանձնաժողով)` նշելով, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում, ի թիվս ներման, առկա է գթասրտության եւս մեկ դրսեւորում, այն է՝ համաներումը:
Հայաստանի Հանրապետությունը, կարեւորելով համաներման ինստիտուտի նշանակությունը, պարբերաբար միջոցներ է ձեռնարկում մարդասիրական այդ ակտի ընդունման ուղղությամբ: Միայն վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է համաներում հայտարարելու մասին 3 որոշում (2009, 2011 եւ 2013 թվականներին):
Ի նշանավորումն Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:
Այսպես, ի նշանավորումն Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի՝ ներկայացված նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ:
Մասնավորապես՝ առաջարկվում է`
2) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաեւ
3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց:
Նշված նախագծից զատ, առաջարկվում է, նախագծի կարգավորումներին համահունչ, համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կհայտարարվի համաներում, որի ուժով քրեական պատասխանատվության ենթակա կամ ենթարկված մի շարք անձանց նկատմամբ կկիրառվի համաներման դրսեւորումներից որեւէ մեկը:
--------------------------------------------------------------------------------
[1] Ավելի մասնրամասն տե՛ս ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ, Գ.Հարությունյանի, Ա. Վաղարշյանի խմբագրությամբ, Եր.: Իրավունք, 2010, էջ 771:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի կրճատմանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի համար պետական բյուջեից հատկացված օրական ուղղակի ծախսը կազմում է 1400 ՀՀ դրամ, իսկ անուղղակի ծախսը՝ մոտ 6000 ՀՀ դրամ: