ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման (այսուհետ` մասնագիտական կրթություն) համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական եւ ֆինանսատնտեսական հիմքերը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը եւ փոխհարա-բերությունները:
Հոդված 2. Մասնագիտական կրթության մասին օրենսդրությունը
Մասնագիտական կրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Կրթության մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Մասնագիտական կրթության համակարգում Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրներն են`
1) քաղաքացիների` Սահմանադրությամբ ամրագրված մասնագիտական կրթության իրավունքի ապահովումը եւ պաշտպանությունը.
2) մասնագիտական կրթության համակարգի գործառնության եւ զարգացման համար իրավական հիմքերի ստեղծումը.
3) մասնագիտական կրթության համակարգի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքների, պարտականությունների, պատասխանատվության սահմանումը եւ փոխհարաբերությունների իրավական կարգավորումը.
4) մասնագիտական որակյալ կրթության երաշխիքների ապահովումը.
5) մասնագիտական կրթության օրենսդրական միասնականության ապահովումը.
6) մասնագիտական կրթության համակարգի արդյունավետ գործունեության ապահովումը.
7) ժամանակակից անհատի ու քաղաքացու ձեւավորման, հասարակության մտավոր ներուժի եւ աշխատուժի վերարտադրության ու զարգացման, մրցունակության եւ սոցիալական համախմբվածության ապահովումը.
8) մասնագիտական կրթության բնագավառում միջազգային գիտակրթական համագործակցության ամրապնդումն ու զարգացումը.
9) քաղաքացու եւ անհատի` ողջ կյանքի ընթացքում ուսուցման հնարավորության ապահովումը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) մասնագիտական կրթություն՝ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման գործընթաց.
2) մասնագիտական ուսուցում՝ մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների յուրացմանն ու օգտագործմանը նպատակաուղղված ուսումնական գործընթաց.
3) ուսանող՝ սահմանված կարգով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական հիմնական ծրագրով ուսումնառող անձ.
4) ունկնդիր՝ սահմանված կարգով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական լրացուցիչ ծրագրով ուսումնառող կամ ուսուցման դասընթացին մասնակցող անձ.
5) դասախոս` ուսանողի (ունկնդրի) տեսական գիտելիքների յուրացումը եւ գործնական կարողությունների զարգացումն ապահովող, մասնագիտական կրթության կամ ուսուցման համակարգի մանկավարժական աշխատող.
6) արտադրական ուսուցման վարպետ` անձի գործնական մասնագիտական հմտությունները ապահովող, նախնական եւ միջին մասնագիտական կրթության կամ ուսուցման համակարգի մանկավարժական աշխատող.
7) կրտսեր մասնագետ` միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջին մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.
8) արհեստագործ` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց շնորհվող նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճանի ընդհանուր անվանումը.
9) բանվոր` նախնական մասնագիտական (արհեստագործական) հիմնական կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց շնորհվող նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան.
10) վարպետ` նախնական մասնագիտական (արհեստագործական) լրացուցիչ կրթական ծրագրին կամ որակավորման դասընթացների ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց շնորհվող նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան.
11) մասնագիտական ուսումնական հաստատություն` կազմակերպություն, որի հիմնական նպատակն է նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթության կամ ուսուցման իրականացումը.
12) արհեստագործական ուսումնարան` նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություն.
13) քոլեջ` միջին մասնագիտական ուսումնական հաստատություն.
14) ուսումնառության նորմատիվային ժամկետ՝ տվյալ մասնագիտական կրթական ծրագրով սահմանված ուսումնառության նվազագույն տեւողություն.
15) կրեդիտային համակարգ` մասնագիտական ուսումնական հաստատություների կողմից ուսանողների ուսումնառության արդյունքների գրանցման, համեմատության եւ փոխանցման միասնական համակարգ.
16) ուսանողական նպաստ` ուսանողի ուսման վարձի փոխհատուցում պետական բյուջեի, մասնագիտական ուսումնական հաստատության, այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին.
17) սոցիալական գործընկեր` մասնագիտական կրթություն չիրականացնող, սակայն մասնագիտական կրթության համակարգին աջակցող, համակարգի զարգացման գործում շահագրգիռ կազմակերպություն կամ կազմակերպությունների միավորում:
Հոդված 4. Մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքները եւ քաղաքացիների իրավունքների պետական երաշխիքները
Պետությունը պայմաններ է ստեղծում մասնագիտական կրթության համակարգի բնականոն գործառնության եւ զարգացման համար:
1. Մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝
1) ուսանողի եւ ունկնդրի մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների համապատասխանությունը տնտեսության ու աշխատանքային շուկայի պահանջներին.
2) մասնագիտական կրթության համակարգի կառավարման եւ ղեկավարման թափանցիկությունն ու կոլեգիալությունը.
3) մրցութայնությունը եւ հրապարակայնությունը.
4) մասնագիտական կրթություն իրականացնող սուբյեկտների իրավահավասարությունը.
5) մասնագիտական ուսումնական հաստատությունների ինքնավարությունը եւ վերահսկելիությունը.
6) մասնագիտական կրթության մատչելիությունը եւ ժողովրդավարությունը.
7) մասնագիտական կրթության որակավորումների համապատասխանությունը միջազգային չափանիշներին:
2. Պետությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատուժի շուկայի կազմը եւ կառուցվածքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում երաշխավորում է`
ա) անվճար նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն.
բ) մրցութային կարգով անվճար միջին մասնագիտական կրթություն.
գ) մասնագիտական ուսուցում` համապատասխան բյուջետային հատկացումների շրջանակներում.
դ) նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթություն եւ մասնագիտական ուսուցում սոցիալական գործընկերների կամ քաղաքացիների պատվերով` վճարովի հիմունքներով:
ԳԼՈՒԽ 2
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 5. Մասնագիտական կրթության համակարգի կառուցվածքը
Մասնագիտական կրթության համակարգը ներառում է՝
1) մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները, հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերը, պետական հավատարմագրման չափանիշները.
2) մասնագիտական ուսումնական հաստատությունները եւ համապատասխան մասնագիտական կրթություն իրականացնող այլ կազմակերպություններ.
3) մասնագիտական կրթության կառավարման մարմինները:
Հոդված 6. Մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները
1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ, որոնք ապահովում են՝
1) մասնագիտական կրթության որակը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում մասնագիտական կրթական քաղաքականության միասնականությունը.
3) մասնագիտական կրթական ծրագրերի իրագործման որակի գնահատման հիմքերը.
4) օտարերկրյա պետությունների հետ մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը։
2. Մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները ներառում են`
1) ընդհանուր պահանջներ մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի վերաբերյալ.
2) պահանջներ մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, պրակտիկաների եւ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձեւերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի վերաբերյալ.
3) մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման ժամկետները, կրեդիտային համակարգի առկայության դեպքում`կրեդիտների քանակը.
4) սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն եւ առավելագույն ծավալը:
4. Մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձեւավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. Մասնագիտական կրթական ծրագրերը
1. Մասնագիտական կրթական ծրագրերն են՝
ա) նախնական մասնագիտական (արհեստագործական) (հիմնական եւ լրացուցիչ).
բ) միջին մասնագիտական (հիմնական եւ լրացուցիչ).
գ) մասնագիտական ուսուցման:
2. Մասնագիտական ուսումնական հաստատությունները կարող են իրականացնել նաեւ փորձնական մասնագիտական կրթական ծրագրեր` կրթության կառավարման պետական լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:
3. Մասնագիտական ուսումնական հաստատությունները մշակում եւ հաստատում են պետական կրթական չափորոշիչներին համապա-տասխանեցված ուսուցանվող մասնագիտությունների ուսումնական պլանները եւ առարկայական ծրագրերը:
Հոդված 8. Մասնագիտական կրթության որակավորման աստիճանները, ուսումնառության ժամկետները եւ ձեւերը
1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «բանվոր» եւ «վարպետ» որակավորման աստիճանները եւ միջին մասնագիտական կրթության «կրտսեր մասնագետ» որակավորման աստիճանը:
2. Միջին մասնագիտական կրթության ուսումնառության նորմատիվային ժամկետները սահմանվում են մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչներով` կախված մասնագիտության ուսուցման առանձնահատկությունից եւ ուսանողի մինչ այդ ստացած կրթությունից:
3. Մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրի` նույն մասնագիտության տարբեր աստիճաններում ուսումնառությունը չի համարվում երկրորդ մասնագիտական կրթության ստացում:
Հոդված 9. Մասնագիտական կրթության մասնագիտությունները
1. Մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը հաստա-տում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ:
2. Մասնագիտական կրթության մասնագիտությունների մասնագիտա-ցումները հաստատում է կրթության պետական կառավարման մարմինը` համաձայնեցնելով համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ:
3. Մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում նոր մասնագիտություն կարող է ընդգրկվել միայն տվյալ մասնագիտության չափորոշչի առկայության դեպքում:
Հոդված 10. Մասնագիտական ուսումնական հաստատությունները
1. Պետական մասնագիտական ուսումնական հաստատությունը պետական ոչ առեւտրային կազմակերպություն է:
Ոչ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձեւ:
2. Պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների լիազորված պետական մարմինը կրթության պետական կառավարման լիազորված մարմինն է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ենթակայության ուսումնական հաստատությունների, որոնց լիազորված պետական մարմինները պետական կառավարման համապատասխան մարմիններն են:
Հոդված 11. Մասնագիտական կրթության ուսումնական գործընթացի կազմակերպումը
1. Մասնագիտական կրթության ուսումնական գործընթացը կազմակերպվում է մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների հիման վրա մասնագիտական ուսումնական հաստատության կողմից մշակված ու հաստատված ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի միջոցով։
2. Մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներով եւ կրթական ծրագրերով նախատեսված պրակտիկաներն (ուսումնական, արտադրական, ուսումնաարտադրական, տեխնոլոգիական, նախադիպլոմային այլն) իրականացվում եւ հիմնարկների եւ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն:
3. Պետական հավատարմագրում չունեցող կրթական ծրագրերով կամ ինքնակրթությամբ կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
Հոդված 12. Մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերը
1. Մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերն են`
ա) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության դիպլոմը եւ դրա ներդիրը.
բ) միջին մասնագիտական կրթության դիպլոմը եւ դրա ներդիրը.
գ) մասնագիտական ուսուցման վկայականը.
դ) բանվորական (արհեստագործական) որակավորման վկայականը:
2. Կրթական տվյալ մակարդակի կրթությունը չավարտած անձին տրվում է տեղեկանք` ուսումնասիրած առարկաների, դասընթացների, դրանց ժամաքանակի եւ արդյունքների նշումով:
ԳԼՈՒԽ 3
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 13. Մասնագիտական կրթության կառավարման համակարգը
1. Մասնագիտական կրթության համակարգի կառավարումն իրականացնում են՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
բ) Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.
գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, որոնց ենթակայությամբ գործում են մասնագիտական ուսումնական հաստատություններ:
Հոդված 14. Մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
Մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) հավանություն է տալիս մասնագիտական կրթության ռազմավարությանը.
2) օրենքով սահմանված կարգով ստեղծում, վերակազմակերպում եւ լուծարում է մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները.
3) հաստատում է մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձեւավորման կարգը.
4) հաստատում է մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը.
5) ապահովում է մասնագիտական կրթության զարգացումը.
6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորություններ։
Հոդված 15. Մասնագիտական կրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը
Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝
1) մշակում է մասնագիտական կրթության ռազմավարությունը.
2) հաստատում է մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները.
3) հաստատում է մասնագիտական կրթության մասնագիտությունների մասնագիտացումների ցանկերը.
4) իր իրավասությունների շրջանակում մշակում եւ հաստատում է համակարգի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտեր.
5) հաստատում է պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների վարչական եւ դասախոսական պաշտոններում ընտրության եւ նշանակման կարգերը.
6) իրականացնում է վերահսկողություն մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարման, շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման եւ նրանց պատրաստման որակի նկատմամբ.
7) իրականացնում է մասնագիտական ուսումնական հաստատությունների լիցենզավորումը եւ պետական հավատարմագրումը.
8) սահմանում է մասնագիտական կրթության փորձնական կրթական ծրագրերի իրականացման կարգը.
9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված լիազորություններ:
Հոդված 16. Մասնագիտական կրթության բնագավառում պետական կառավարման այլ մարմինների իրավասությունները
Մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում`
1) մասնակցում են`
ա) մասնագիտական պետական կրթական չափորոշիչների մշակման, մասնագիտությունների եւ մասնագիտացումների ցանկերի ձեւավորման, մասնագետների որակավորման պահանջների ամրագրման, ուսանողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների նկատմամբ պահանջների ձեւավորման եւ մեծահասակների կրթության ու ուսուցման կազմակերպման աշխատանքներին.
բ) շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման եւ որակավորման աստիճանների շնորհման գործընթացին.
2) ապահովում են ուսանողների, ունկնդիրների ուսումնաարտադրական, տեխնոլոգիական, նախադիպլոմային պրակտիկաների եւ գործնական աշխատանքների իրականացումը.
3) ուսումնասիրում են աշխատանքային շուկայի պահանջարկը եւ առաջարկություններ են ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմնին մասնագետների պատրաստման կարճաժամկետ եւ երկարաժամկետ պահանջարկի վերաբերյալ.
4) մասնակցում են բնագավառի աշխատողների որակավորման բարձրացման եւ վերաորակավորման գործընթացներին։
Հոդված 17. Մասնագիտական ուսումնական հաստատության լիազորությունները եւ կառավարումը
1. Մասնագիտական ուսումնական հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին, սույն օրենքին, իրավական այլ ակտերին եւ իր կանոնադրությանը համապատասխան՝
1) ըստ կրթական ծրագրերի եւ ուսուցման ձեւերի իրականացնում է ուսանողների եւ ունկնդիրների ընդունելությունը, ապահովում է նրանց ուսումնական գործընթացի, ընթացիկ եւ ամփոփիչ ատեստավորման կազմակերպումն ու անցկացումը.
2) ապահովում է դասախոսների, արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.
3) իրականացնում է մասնագիտական կրթության զարգացմանը նպաստող ծրագրեր.
4) աջակցում է ուսանողական ինքնակառավարմանը, ուսանողների մասնակցությանը ուսումնական հաստատության կողմից իրականացվող ծրագրերում.
5) իրականացնում է մեծահասակների կրթության եւ ուսուցման ծրագրեր:
2. Պետական մասնագիտական ուսումնական հաստատության կառա-վարումն իրականացնում են կոլեգիալ կառավարման մարմինը` ուսումնական հաստատության խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) եւ գործադիր մարմինը` գործադիր տնօրենը (այսուհետ` տնօրեն):
3. Խորհուրդն ստեղծվում է 4 տարի ժամկետով:
4. Տնօրենին եւ մասնաճյուղի վարիչին մրցութային հիմունքներով4 տարի ժամկետով ընտրում է խորհուրդը: Տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կնքում է պետական լիազորված մարմինը:
5. Ուսումնական հաստատության ամբիոնների եւ բաժնի վարիչներին մրցութային հիմունքներով 4 տարի ժամկետով ընտրում են համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները:
6. Ուսումնական հաստատության տնօրենի, մասնաճյուղերի, ամբիոնների, բաժնի վարիչների պաշտոնները միեւնույն անձը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ:
7. Ուսումնական հաստատության տնօրենի, մասնաճյուղերի, ամբիոնների, բաժնի վարիչների ընտրության եւ նշանակման կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Հոդված 18. Մասնագիտական կրթական գործունեության լիցենզավորումը եւ մասնագիտական ուսումնական հաստատության հավատարմագրումը
1. Մասնագիտական կրթական գործունեությունը կարող է իրակա-նացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում:
2. Մասնագիտական ուսումնական հաստատությունը լիցենզավորում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Մասնագիտական կրթական գործունեության լիցենզավորումն իրականացվում է տվյալ կրթական ծրագրի յուրաքանչյուր մասնագիտության համար առանձին:
4. Մասնագիտական կրթական գործունեության լիցենզավորումն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
5. Պետական հավատարմագրումն իրականացվում է ըստ կրթական ծրագրի` յուրաքանչյուր մասնագիտության գծով:
ԳԼՈՒԽ 4
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 19. Մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի ուսանողները եւ ունկնդիրները
1. Մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողն իրավունք ունի`
ա) ընտրելու էլեկտիվ (տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր) եւ ֆակուլտատիվ (տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր) դասընթացներ.
բ) մասնակցելու իր կրթության բովանդակության ձեւավորմանը` պահպանելով մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջները.
գ) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, յուրացնելու ուսումնական այլ դասընթաց` հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
դ) մասնակցելու մասնագիտական ուսումնական հաստատության կառավարման համապատասխան մարմինների աշխատանքներին:
2. Առողջական պատճառներով կամ այլ բացառիկ դեպքերում ուսանողին կարող է տրամադրվել ակադեմիական արձակուրդ, որի ընթացքում նա պահպանում է ուսանողի իր իրավունքը: Ակադեմիական արձակուրդ տրամադրելու կարգը եւ ժամկետները սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
3. Ուսումնառությունը որեւէ պատճառով անավարտ թողած անձի ուսանողական իրավունքը կարող է վերականգնվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
4. Ուսանողի տեղափոխությունը պետական հավատարմագրում ստացած մասնագիտական ուսումնական հաստատություն կարող է իրականացվել միայն մեկ այլ` պետական հավատարմագրում ստացած մասնագիտական ուսումնական հաստատությունից:
5. Ունկնդիրները` մասնագիտական կրթական ծառայություններ ստանալու մասով օգտվում են ուսանողների իրավունքից:
6. Ուսանողն իրավունք ունի`
1) վճարովի ուսուցման համակարգից փոխադրվել անվճար ուսուցման համակարգ.
2) օգտվել ուսման տարեկան վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման իրավունքից (ուսումնական նպաստների ձեւով)` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
3) օգտվել սահմանված չափի, այդ թվում անվանական, ինչպես նաեւ իրենց ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված նպաստներից եւ վարկերից.
4) ստանալ նյութական եւ (կամ) բարոյական խրախուսանք ուսման առաջադիմության եւ ստեղծագործական աշխատանքներին մասնակցելու համար:
7. Ուսանողը կամ ունկնդիրը կրում է պարտականություններ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, մասնագիտական ուսումնական հաստատության կանոնանադրությամբ սահմանված կարգով:
Հոդված 20. Մասնագիտական կրթության համակարգի աշխատողները
1. Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում նախատեսվում են մանկավարժական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ եւ այլ անձնակազմեր:
2. Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպու-թյունների մանկավարժական կազմում ընդգրկվում են դասախոսները, արտադրական ուսուցման վարպետները:
3. Մանկավարժական աշխատողների տարակարգերին եւ պաշտոն-ներին ներկայացվող պահանջները, մրցույթների կազմակերպման եւ անցկացման, վերապատրաստման եւ ատեստավորման կարգերը հաստատվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
ԳԼՈՒԽ 5
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 21. Մասնագիտական կրթության համակարգի ֆինանսավորումը
1. Մասնագիտական ուսումնական հաստատության ֆինանսավորումն իրականացնում է հիմնադիրը (հիմնադիրները)՝ օրենքով սահմանված կարգով:
2. Մասնագիտական կրթական համակարգը ֆինանսավորվում է պետական բյուջեից եւ օրենքով չարգելված այլ միջոցներից:
3. Մասնագիտական կրթության պետական համակարգի ֆինանսավորման հիմնական աղբյուրը պետական բյուջեն է:
4. Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են՝
1) Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեները.
2) Հայաստանի Հանրապետության եւ օտարերկյա պետությունների իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, դրամաշնորհներն ու վարկերը.
3) սեփական միջոցները, որոնք գոյանում են ձեռնարկատիրական գործունեության արդյունքում եւ օրենքով չարգելված գործունեության այլ տեսակներից:
5. Մասնագիտական ուսումնական հաստատությունները սահմանված կարգով իրականացնում են իրենց տնտեսական եւ ֆինանսական գործունեության հաշվապահական հաշվառում։
6. Մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում տնտեսական եւ ֆինանսական գործունեության վերահսկողությունն իրենց լիազորությունների սահմանում իրականացնում են պետական կառավարման մարմինները:
7. Մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 6
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 22. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը ուժի մեջ է մտնում 2006 թվականի սեպտեմբերի 1-ից:
2. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2006-2007 ուսումնական տարվանից:
ԳԼՈՒԽ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ....