Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում.
1) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10. Յուրաքանչյուր հեռարձակվող հեռուստառադիոհաղորդման մեջ յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի գովազդը` այդ թվում նաեւ որպես հովանավորների հիշատակումը, թույլատրվում է ժամը 24:00-ից մինչեւ 06:00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տեւողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները եւ գովազդային տեղեկատվությունները վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի եւ ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:
Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության հեռարձակում կարող է իրականացվել լիազոր մարմնի հետ համաձայնեցված վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգով սահմանված պարբերականությամբ, ընդ որում այն կարող է հեռարձակվել հեռուստառադիոհաղորդմամբ ժամը 23:00-ից մինչեւ 06:00-ն ընկած ժամանակահատվածում եւ դրա ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն:
Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդել վիճակախաղը: Սույն պարբերությամբ սահմանված գովազդը արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական, լրատվական կայքերի միջոցով:
Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի գովազդել վիճակախաղը մարզադաշտերի կողային վահանակների միջոցով միայն սպորտային իրադարձությունների ընթացքում եւ (կամ) այդ սպորտային իրադարձություններին մասնակցող թիմերի մարզահագուստի վրա:
Տոտալիզատորներ, շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղեր կամ խաղատներ գովազդելիս պետք է տեսանելի լինի +21 նշագրումը, իսկ խաղարկությունով, ոչ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղ գովազդելիս՝ +18 նշագրումը:
Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան լիցենզիա չստացած վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչներն իրավունք չունեն իրականացնելու համապասխան գործունեության գովազդ Հայաստանի Հանրապետությունում:
Արգելվում է սույն հոդվածում չնախատեսված եղանակով եւ միջոցներով իրականացնել վիճակախաղերի գովազդ:
Սույն հոդվածի իմաստով վիճակախաղերի գովազդ է համարվում վիճակախաղերի կազմակերպիչների կամ նրանց հովանավորների կամ վիճակախաղերի կամ վիճակախաղերի անվանումների կամ վիճակախաղի ֆիրմային անվանումների (լոգոների) գովազդումը.
2) 11-րդ մասում «միջոցների» բառերից հետո լրացնել «կամ անչափահասների կերպարների» բառերը:
3) Լրացնել նոր 11.1-րդ, 11.2-րդ մասեր՝
«11.1 Վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատների գովազդի ժամանակ արգելվում է՝
ա) որեւէ կերպ դիմել անչափահասներին.
բ) տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ (շահույթ) ստանալու հնարավորությունը կամ աշխատանքի այլընտրանք է.
գ) տպավորություն ստեղծել, թե եկամուտ (շահույթ) ստանալը երաշխավորված է.
դ) ներշնչել, որ խաղի միջոցով հնարավոր է հասնել հասարակական, մասնագիտական, սպորտային հաջողության.
ե) քննադատել վիճակախաղին կամ ինտերնետ շահումով խաղին չմասնակցելը.
11.2 Վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատների գովազդը պետք է պարունակի ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալու անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն:».
4) 12-րդ մասը «շահումով խաղի» բառերից հետո լրացնել «ինտերնետ շահումով խաղի,» բառերով»:
5) 15-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել նոր 2.2.-րդ մասով.
«2.2.) Գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները սույն օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ, 11.1-րդ եւ 11.2-րդ մասերով նախատեսված խախտումների համար կրում են վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը նրանց նկատմամբ կիրառում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ