Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքն ունի հետադարձ ուժ, որը տարածվում է 2004 թվականից՝ մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը՝ հարուցված քրեական գործերով մեղադրյալների (ամբաստանյալների) եւ դատապարտյալների վրա:
2. Սույն օրենքի կատարումը վերապահել Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի եւ վերաքննիչ քրեական դատարաններին`
1) այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի կամ վերաքննիչ քրեական դատարանների վարույթում են, սակայն մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատական ակտերն օրինական ուժի մեջ չեն մտել.
2) այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անձանց նկատմամբ սույն օրենքի կիրառման հարցը լուծում է դատարանը` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդության հիման վրա:
3.Դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինը սույն օրենքով նախատեսված միջնորդությունը պետք է ներկայացնի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: Եթե դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի տրամադրության տակ առկա են միջնորդություն ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված եւ ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վերջինս պարտավոր է միջնորդությունը ներկայացնել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր ժամկետի լրանալուն:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներկայացված օրենքի նախագծով նախնական կալանքի տակ պահելու ժամկետն ազատազրկման եւ կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժի մեկ օրվա հաշվակցումը մեկ ու կես օրով պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նախնական կալանքի վայրերի պայմաններով, որոնք երբեմն ավելի ծանր են, քան քրեակատարողական հիմնարկներում: Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց: Նշված հոդվածի 3-րդ մասը փոփոխության է ենթակվել դեռեւս 2004 թվականին, սակայն Կ-248-23.2004-ՊԻ-010/0 օրենքի նախագծի հիմնավորման մեջ նույնիսկ որեւիցե անրադարձ չկա՝ 69-րդ հոդվածի 3-րդ մասը՝ փոփոխության ենթարկելու անհրաժեշտության վերաբերյալ, իսկ մինչ 2004 թվականի փոփոխությունը քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց:
Ներկա իրավիճակում կան բազմաթիվ քրեական գործեր, որոնց շրջանակում նախնական կալանքի տակ գտնվող անձինք՝ ամիսներով կամ տարիներով, կալանավորված անձի կարգավիճակում սպասում են դատարանի դատավճռին, եւ հաշվի առնելով, որ նախնական կալանքի տակ գտնվող անձի կարգավիճակը ենթադրում է ավելի խիստ մեկուսացում եւ պահման ավելի խիստ պայմաններ՝ գործող քրեական օրենսգրքի՝ պատիժների հաշվակցման մոտեցումն անթույլատրելի է եւ մարդասիրական չէ:
Նախագծի ընդունման արդյունքում կալանքի տակ պահելու ժամկետն ազատազրկման եւ կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժի՝ մեկ օրը կհաշվվի մեկ ու կես օրվա դիմաց, ինչպես նաեւ կսահմանվի օրենքի հետադարձ ուժի ժամկետը, որը կտարածվի 2004թ-ից առ այսօր հարուցված քրեական գործերով մեղադրյալների (ամբաստանյալների) եւ դատապարտյալների վրա:
Վլադիմիր Կոթոլյանի վերաբերյալ գործով (ԵԿԴ/0039/15/13) որոշմամբ վճռաբեկ դատարանը վերահաստատել է նախկինում արտահայտած իր դիրքորոշումը, ըստ որի՝ անձի մեղքի եւ պատժի հետ կապված հարցերը ենթակա են լուծման բացառապես դատարանի կողմից՝ դատական ակտով, հետեւաբար անհրաժեշտ է, որպեսզի վերջնական պատժաչափերը նույնպես սահմանվեն դատարանի կողմից կա՛մ դատական ակտի բողոքարկման արդյունքում որոշման կայացման, կա՛մ դատական ակտի անհստակությունների վերաբերյալ որոշման կայացման ռեժիմներով՝ նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
«16» Հունվար 2019թ.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան,
Համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նաիրա Զոհրաբյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի լրացվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքով՝ Նաիրա Զոհրաբյան