Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-006-23.01.2019-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արհեստակցական միությունների մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-135 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությունով.
 
«Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել նաեւ տնտեսության տարբեր ճյուղերում միեւնույն կամ տարբեր գործունեություն իրականացնող գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները:»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի «բողոքարկել նրանց գործողությունները (անգործությունը)» բառերը փոխարինել «նրանց որոշումների, գործողությունների կամ անգործության իրավաչափությունը վիճարկելու պահանջով դիմել դատարան» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հիմնավորում

«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա հիմնադիրների (առնվազն երեք աշխատողի) նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր ժողովի (համաժողովի, համագումարի) որոշմամբ: Որպես կանոն, արհեստակցական միությունները ստեղծվում են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց կողմից: Որպես արհմիության անդամ, բայց նաեւ որպես գործատուի աշխատող, արհեստակցական միության ընտրովի պաշտոններում ընդգրկված անձինք, փաստորեն, կաշկանդված են լինում գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների փաստով: Այսինքն՝ արհմիության լիազորված ներկայացուցիչները, լինելով գործատուի աշխատողներ, օգտվելով գործատուի գույքից, նրա կապի եւ տրանսպորտի միջոցներից, չեն կարողանում իրենց՝ որպես արհմիության անդամի լիազորությունները անկախ եւ օբյեկտիվ իրականացնել: Բացի այդ, տեղական մակարդակում գործող արհմիությունների բյուջեն համալրվում է գլխավորապես գործատուի կողմից արվող հատկացումներով, ինչն արհմիությանն անվիճելիորեն կախվածության մեջ է դնում գործատուից:

Փորձը ցույց է տալիս, որ գործատուի մոտ գործող արհմիությունները գրեթե միշտ ձեռնպահ են մնում աշխատողների շահերի պաշտպանության համար դատարան դիմելուց, եւ աշխատողների շահերի պաշտպանությունը լավագույն դեպքում սահմանափակվում է խորհրդատվական, զուտ մասնագիտական բնույթի գնահատականների փոխանակության մակարդակում:

Նախագծով առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու եւ դրան անդամակցելու հնարավորություն, ինչը հասանելի լինի տարբեր գործատուների մոտ աշխատող ամենատարբեր մասնագիտություններ ունեցողների համար, եթե արհեստակցական միություններին անդամակցելը տվյալ կատեգորիայի աշխատողների համար արգելված չէ օրենքով: Այդպիսով անկախ արհեստակցական կազմակերպությունը կախվածություն չի ունենում որեւէ գործատուից եւ ֆինանասավորվում է բացառապես աշխատողների անդամավճարներով եւ օրենքով չարգելված ցանկացած այլ աղբյուրից, բայց ոչ գործատուի միջոցներից, ինչը լիարժեք ու ինքնուրույն գործելու ողջամիտ հեռանկար է ստեղծում արհեստակցական միության համար:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը՝

- ապահովվում է աշխատողներին միավորող արհեստակցական միության լիարժեք անկախությունը.

- բարձրանում է աշխատողներին միավորող արհեստակցական միության նկատմամբ վստահությունը.

- ընդլայնվում են աշխատողների խախտված կամ վիճարկվող իրավունքների հասարակական պաշտպանության շրջանակները եւ էապես թեթեւանում է նրանց աշխատանքային իրավունքների դատական պաշտպանության հետ կապված բեռը (նկատի ունենք, որ շրջանցվում է փաստաբանների վճարովի ծառայություններից օգտվելու անհրաժեշտությունը).

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության
Ազգային Ժողովի նախագահ
պրն. Արարատ Միրզոյանին

Մեծարգո պարոն նախագահ.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ« Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Գրությանը կից ներկայացվում է՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Գեւորգ Պետրոսյան)

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:

Ազգային ժողովի պատգամավորներ՝
Գեւորգ Պետրոսյան /096/
Նորա Առուստամյան /082/
Վարդան Ղուկասյան/112/
Արթուր Գրիգորյան/091/
Հրանտ Մադաթյան /107/