«2) համատեղությամբ աշխատողների հետ, բացառությամբ ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնելու դեպքերի, եթե աշխատողը գրավոր չի միջնորդել կամ գրավոր ձեւով արտահայտված համաձայնություն չի տվել ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը ժամկետային աշխատանքային պայմանագրով փոխարինելու կամ ժամկետային աշխատանքային պայմանագրի ժամկետը կրճատելու վերաբերյալ.»:
Հոդված 2.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով՝ հաշվի առնելով կատարվող աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե ՀՀ Աշխատանքային օրենսգրքով կամ օրենքով այլ բան նախատեսված չէ: Սա ընդհանուր կանոնն է, որը բխում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով (հոդվ. 3-րդ, մաս 1-ին, կետ 8-րդ) ամրագրված՝ աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքից: Օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի իրավադրույթից հետեւում է, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է բացառություն ընդհանուր կանոնից, այսինքն՝ որպես կանոն, աշխատանքային հարաբերությունները պետք է կարգավորվեն անորոշ ժամկետով կնքվող պայմանագրով եւ միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը։
Միաժամանակ, նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասը, որպես ընդհանուր կանոնից բացառություն, սահմանում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու նաեւ այլ դեպքեր, այդ թվում նաեւ այն ժամանակ, երբ կատարվող աշխատանքը գործատուի համար ունի մշտական բնույթ:
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի բացառություններից մեկը վերաբերում է համատեղությամբ աշխատողներին: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածի համաձայն՝ համատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքից ազատ ժամանակ միեւնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է:
Սա այն բացառությունն է, որը կապված չէ աշխատողի ոչ քաղաքացիաիրավական կարգավիճակի հետ, ինչպես օրինակ նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում նշված դեպքում (աշխատանքի թույտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով օտարերկրացիների հետ), ոչ սեզոնի հետ , ոչ ընտրովի պաշտոնում ընտրված ժամանակահատվածի հետ, ոչ էլ աշխատունակության նվազման հետ, ինչպես կենսաթոշակի տարիքի հասած անձի դեպքում: Այսինքն՝ սա այն դեպքն է, երբ առանց մարդու գործնական հատկանիշների հետ կապված պատճառների, նախատեսվում է կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր՝ նրան թույլ չտալով օգտվել անժամկետ պայմանագրի դեպքում օրենքով սահմանված հնարավորություններից (արտոնություններից):
ՀՀ Վճռաբեկ դատարանը, իրավամբ, 3-321 (ՎԴ)գործով այն դիրքորոշումն է արտահայտել, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ հիմքերի բացակայության պայմաններում կնքված պայմանագիրը առաջացնում է գործատուի կողմից աշխատողի աշխատանքային իրավունքների եւ երաշխիքների սահմանափակում, հետեւաբար, նման պայմանագիրը պետք է համարվի անորոշ ժամկետով կնքված եւ դրա նկատմամբ պետք է կիրառվեն անորոշ ժամկետով պայմանագրի նկատմամբ կիրառելի նորմերը։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքի իրացումը նաեւ համատեղությամբ աշխատողների հետ աշխատանքային փոխհարաբերություններում, ինչը նաեւ Վերանայված եվրոպական սոցիալական Խարտիայի ուղղակի պահանջն է:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության
Ազգային Ժողովի նախագահ
պրն. Արարատ Միրզոյանին
Մեծարգո պարոն նախագահ.
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Գրությանը կից ներկայացվում է՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Գեւորգ Պետրոսյան)
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
Ազգային ժողովի պատգամավորներ՝ |
|
Գեւորգ Պետրոսյան /096/ Էդուարդ Բաբայան /109/ Շաքե Իսայան/098/ Իվետա Տոնոյան/095/ |