Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-015-18.02.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՑ 2-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումն է:

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով կարգավորվում են 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում 2008թ.-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի ցույցերը ցրելու հետեւանքով անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Հատուցման պայմանները

1. Սույն օրենքի իմաստով հատուցման իրավունք ունեն այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել սույն օրենքի 1-ին հոդվածում նշված իրադարձությունների հետեւանքով։

2. Սույն օրենքի իմաստով.

1) անձի կյանքին պատճառված վնաս է համարվում անձի մահանալը.

2) անձի առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացված վնասվածքի կամ խեղման հետեւանքով անձի ստացած միջին, ծանր եւ առանձնապես ծանր վնասվածքը:

3. Մահացած անձանց մասով հատուցման պահանջ կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով տվյալ տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը։

Հոդված 3. Հատուցման կարգը

1. Սույն օրենքով նախատեսված հատուցման չափը, կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

2. Սույն օրենքի իմաստով ոչ նյութական վնասի հատուցման կարգը եւ չափը որոշելիս Հայաստանի Հանրապետության Կառավարությունը պարտավոր է կյանքից զրկված յուրաքանչյուր քաղաքացու մասով փոխհատուցման չափը որոշելիս առաջնորդվել տուժողներին հատուցման ողջամտության, արդարացիության եւ համաչափության սկզբունքներով։

3. Սույն օրենքի իմաստով ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դրա նկատմամբ չեն գործում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ոչ նյութական վնասի չափի նկատմամբ սահմանափակումները։

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշմամբ Հայաստանի Հանրապետոթյան Կառավարությունը պարտավոր է սահմանել նաեւ սույն օրենքի իմաստով շահառուներին վճարման ենթակա նյութական վնասի հատուցման կարգը եւ չափը՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 2-րդ մասում նշված սկզբունքները։

5. Սույն օրենքի իմաստով շահառուին հատուցման գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված ժամկետում:

ԳԼՈՒԽ 2

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՑ 2-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Սույն նախագծի նպատակը 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով վնասներ ստացած անձանց հատուցում տրամադրելն է: 2008 թվականի վերոնշյալ իրադարձությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չի ապահովել անձանց կյանքի իրավունքը, ուստի հիմա, երբ քայլեր են ձեռնարկվում հանրային համերաշխության հաստատման, անցումային արդարադատության միջոցով անձանց խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ՝ այս օրենքով սահմանվող հատուցումը եւս մի քայլ է ուղղված վերոնշյալ նպատակների իրականացմանը:





ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ,


Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Գրությանը կից ներկայացվում է՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Լենա Նազարյան)

բ) նախագծի ընդունման հիմնավորումը:

Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյան