Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 17-րդ կետով.
«17) Գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում, տվյալ տարվա համար»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները
Գյուղատնտեսությունում տնտեսվարողները զգալի կորուստներ են կրում տարբեր բնական աղետների (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) եւ անկանխատեսելի պատահարների հետեւանքով: ՀՀ կառավարության տվյալներով Հայաստանի Հանրապետությունում բնական տարբեր աղետներից` գարնանային ցրտահարություններից, կարկտահարությունից տարեկան վնասվում են 30-35 հազ. հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների տարածքներ, որը խիստ բացասաբար է անդրադառնում հողօգտագործողների հետագա գործունեության ու սոցիալական վիճակի վրա:
Յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում են հանրապետության այգետարածքների 10-15%-ը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100%: Կարկտահարությունից վնասված բերքը կորցնում է ապրանքային տեսքը, որի պատճառով դժվար է դառնում նաեւ դրա իրացումը, արդյունքում զգալիորեն նվազում է հողօգտագործողների եկամուտները:
Հայաստանի Հանրապետության շատ համայնքներում գյուղացին վաստակում է բացառապես հողագործությամբ: Իսկ հողօգտագործման պարագայում գյուղացու ծախսերը (պարարտանյութ, վար, ցանք, բերքահավաք եւ այլն) կազմում են ակնկալվող բերքից ստացվող գումարի 50-ից 60 տոկոսը, եթե բնական աղետի հետեւանքով վնասվում է բերքի առնվազն 50 տոկոսը, ապա բերքից ստացվող գումարը հազիվ է ծածկում հողօգտագործողի ծախսերը: Գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում բնակլիմայական աղետի հետեւանքով հողօգտագործողի վնաս կրելու համար հողի հարկից ազատելու դրույթ, հետեւապես ստացվում է, որ բնակլիմայական աղետի հասցված վնասի դեպքում հողօգտագործող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, հողից եկամուտ չստանալով հողի հարկ են վճարում:
Առաջարկվող լուծումները
Նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի «Անշարժ գույքի արտոնությունները» 230-րդ հոդվածը լրացնել նոր կետով, որով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) առնվազն 50 % վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն:
Ակնկալվող արդյունքները
Օրենքի ընդունման արդյունքում արդարացված կլինի հողօգտագործողին վնաս կրելու տարվա համար ազատել հողի հարկից, քանի որ բնակլիմայական աղետների հետեւանքով հասցված վնասի դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց օրենքի ուժով ազատելով վնասը կրելու տարվա համար հողի հարկ վճարելու պարտականությունից պետությունը ֆինանասական աջակցություն կցուցաբերի գյուղացուն:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՈՐՈՇՈՒՄ
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը
Որոշեց՝
օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Արման Աբովյան
Հայաստանի Հանրապետության
Ազգային Ժողովի նախագահ
պրն. Արարատ Միրզոյանին
Հարգելի պարոն Միրզոյան
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Գրությանը կից ներկայացվում է՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Վահե Էնֆիաջյան),
բ) օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ՝ խմբակցության որոշումը,
գ) նախագծի ընդունման հիմնավորումը,
դ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝
«Բարգավաճ Հայաստան»
խմբակցության քարտուղար Արման Աբովյան