Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-023-26.02.2019-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 06-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 16914 -րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով՝

«2. Լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «դրամ», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների կամ դրանց հոլովաձեւերի եւ ածանցյալների օգտագործումը գովազդում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաեւ լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցների օգտագործմամբ ներկայացվող գովազդներում օգտագործումը, գովազդ իրականացնողին կամ գովազդելուն աջակցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը տուգանքի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից չորս տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Վերջին շրջանում ակտիվանում են կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք, ովքեր քաղաքացիներին առաջարկում են վարկային միջնորդային ծառայություններ, այսպես ասած՝ «վարկ ստանալու օգնություն»: Նշված առաջարկներն ակտիվ գովազդվում են սոցիալական ցանցերում, փողոցներում:

Ֆինանսական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում՝ պարզվել է, որ նշված անձիք հիմնականում որեւէ կերպ չեն համագործակցում բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ, այլ, ունենալով միայն որոշակի ֆինանսական եւ իրավական գիտելիքներ, մարդկանց առաջարկում են բանկերից ստանալ ծառայություններ, որոնք քաղաքացիները նույնությամբ կարող են ստանալ առանց որեւէ միջնորդի եւ միջնորդավճարի: Այդ ծառայությունների դիմաց քաղաքացիներից պահանջում եւ ստանում են միջնորդավճարներ, որոնք շատ հաճախ կազմում են ստացվող վարկի մինչեւ 25-30 տոկոսը՝ արդյունքում քաղաքացիների համար էականորեն «թանկացնելով» վարկը:

Ցավոք, քաղաքացիներից շատերն օգտվում են նման անձանց ծառայություններից՝ անտեղի կարեւորելով վարկ ստանալու գործընթացում նրանց «ազդեցությունը»:

Նշյալ գործընթացի վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումն են հայտնում նաեւ բանկերը եւ վարկային կազմակերպությունները, որոնք հորդորում են չօգտվել նշված անձանց կողմից առաջարկվող ծառայություններից:

Ներկայումս հարցը չի կարգավորվում որեւէ օրենքով, չկան պատժամիջոցներ՝ տվյալ արարքն արգելելու մասով:

Ներկայացված նախագծի ընդունմամբ սահմանվում է, որ խնդրո առարկա գործունեությունը վարչական իրավախախտում է եւ նախատեսվում է համապատասխան սանկցիա նման գործունեություն ծավալելու համար:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
«ԼՈւՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը

2019 թվականի փետրվարի 25-ի նիստում

ՈՐՈՇԵՑ

Հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
«ԼՈւՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈւԹՅՈւՆ

25 փետրվարի 2019թ.


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՜ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Մանե Թանդիլյանը։

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ____ թերթ։

Հարգանքով՝
ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆ