Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակները
Սույն օրենքը կարգավորում է հուղարկավորության հետ կապված իրավահարաբերությունները եւ սահմանում է հուղարկավորության արարողությունների կազմակերպման պետական կարգավորման հիմնական սկզբունքներն ու պայմանները:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հուղարկավորություն- մարդու մահից հետո նրա մարմինը /աճյունը/ հողին հանձնելու կամ դիակիզելու արարողություն.
Գերեզմանատուն- քաղաքաշինական եւ բնապահպանական նորմերին համապատասխան տրամադրված, հատուկ նշաններով առանձնացված հողատարածք, գերեզմանատեղեր տրամադրելու եւ գերեզմանները սահմանված ձեւով պահպանելու համար.
Մասնակի փակ գերեզմանատուն- գերեզմանատուն, որտեղ սպառված են նոր գերեզմանատեղերի համար տրամադրվող հողատարածքները եւ որտեղ կարող է հուղարկավորություն կատարվել միայն նախկինում հատկացված գերեզմանատեղում գերեզմանի համար ազատ տարածքի առկայության դեպքում.
Փակ գերեզմանատուն- հուղարկավորությունները ընդհանրապես արգելված գերեզմանատուն.
Պանթեոն- գործող գերեզմանատների սահմաններից դուրս` առանձնացված տարածք, հասարակության եւ պետության հանդեպ նշանակալի ծառայություններ մատուցած անձանց հուղարկավորելու համար.
Գերեզմանատեղ- հուղարկավորության նպատակով` սանիտարական, բնապահպանական եւ քաղաքաշինական նորմերին համապատասխան տրամադրված հողատարածք.
Գերեզման- գերեզմանատեղ, որտեղ իրականացվել է հուղարկավորություն.
Հուղարկավորության կազմակերպումը ստանձնողներ- մահացածի կամքի արտահայտությունում նշված կամ դրա բացակայության դեպքում հուղարկավորության արարողության կազմակերպումը կամովին ստանձնած անձինք /ամուսին, հարազատներ, ազգականներ եւ այլն/.
Վրահուղարկավորում- հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ իրեն անունով հաշվառված գերեզմանատեղում նախկինում մահացած անձի գերեզմանում նոր հուղարկավորման կազմակերպում.
Վերահուղարկավորում- հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ մահացածի մարմինը /աճյունը/ գերեզմանից այլ գերեզման տեղափոխում.
Արտաշիրմում- գերեզմանիբացում, մահացածի դիակը անատոմապատոլոգիական դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով.
Դիակիզում- մահացածի մարմնի այրումը դրա համար նախատեսված հատուկ տեղում /դիակիզարանում/:
Հոդված 3. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատներիու դիակիզարանների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը
1. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորողօրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական եւ հողային օրենսգրքերը, սույն օրենքը եւ այլ իրավական ակտեր:
2. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:
Հոդված 4. Հուղարկավորությունների կազմակերպման սկզբունքները
Անձին, նրա կենդանության ժամանակ իր հուղարկավորության պայմանների վերաբերյալ կամքի արտահայտությունը կամ դրա բացակայության դեպքում հուղարկավորության կազմակերպման ստանձնողների ցանկությունը հաշվի առնելով, տրվում են հուղարկավորման երաշխիքներ` հուղարկավորման տեղի եւ ձեւի ընտրության, գերեզմանատեղի տրամադրման, գերեզմանի հետագա պահպանման հարցերում` քաղաքաշինական, սանիտարական եւ բնապահպանական նորմերին համապատասխան:
Հոդված 5. Հուղարկավորությունների կազմակերպման հետ կապված հարցերի պետական կարգավորումը
1. Հուղարկավորությունների հետ կապված հարցերի պետական կարգավորումը ներառում է
ա/ Հուղարկավորությունների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ընդունումն ու դրանց կատարման վերահսկողությունը.
բ/ Գերեզմանատների տարածքների քաղաքաշինական, սանիտարական եւ բնապահպանական մոնիթորինգի անցկացումը,
գ/ Գերեզմանատների զբաղեցրած հողերի իրավական հատուկ ռեժիմի եւ օգտագործման նկատմամբ սահմանափակումների սահմանումը.
դ/ Գրեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողերի օգտագործման սխեմաների հաստատումը:
Հոդված 6. Հուղարկավորությունների իրականացումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի մարմինը/աճյունը/ գերեզմանատների սահմաններում տրամադրված գերեզմանատեղերում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով:
Հատուկ դեպքերում` սանիտարա- համաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու, մահացածների մարմինները ենթակա են պարտադիր դիակիզման, օրենսդրությամբ սահմանված կարգով:
Դիակիզումը կարող է իրականացվել նաեւ մահացածի կամ հուղարկավորությունը ստանձնողների կամքի արտահայտությամբ:
2. Հաշվի առնելով հասարակության եւ պետության հանդեպ մահացածի ունեցած ծառայությունները, գործող գերեզմանատների սահմաններից դուրս` առանձնացված տեղերում հուղարկավորությունը կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ դեպքերում:
3. Մահացածի կամքի արտահայտությունը հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կարող է իրականացվել իրեն կողմից նշված բնակավայրի գերեզմանատան սահմաններում` ազատ գերեզմանատեղի կամ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում, համապատասխան համայնքի ղեկավարի (Երեւանում` Երեւանի քաղաքապետի ) համաձայնությամբ:
Ընդ որում, վրահուղարկավորումը կարող է իրականացվել գոյություն ունեցող գերեզմանում` վերջինիս հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների համաձայնությամբ, այդ տեղում վերջին հուղարկավորումից 15 տարի անց` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Մահացածի կամ նրա հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կամքի արտահայտության իրականացման անհնարինության կամ դրանց բացակայության դեպքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի կենդանության օրոք հաշվառված բնակավայրի համար նախատեսված գերեզմանատանը:
Այդ բնակավայրում գերեզմանատուն չլինելու դեպքում հուղարկավորությունը իրականացվում է բնակավայրին առավել մոտ գտնվող գերեզմանատանը:
Հոդված 7. Հասարակության եւ պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած մահացած քաղաքացիների հրաժեշտի ծիսակատարության եւ թաղման կազմակերպման կարգը
Հասարակության եւ պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած մահացած քաղաքացիների հրաժեշտի ծիսակատարության եւ թաղման կազմակերպման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 8. Հուղարկավորում եւ վերահուղարկավորում
1. Հուղարկավորությունը քաղաքներում իրականացվում է մահվան վայրի պաթոլոգիա- անատոմիական կենտրոնի կողմից տրված մահվան պատճառի եզրակացության հիման վրա` մահվան մասին քաղաքացիական կացության գրանցման ակտերի գրասենյակի կողմից տրված, իսկ գյուղական համայնքներում` համայնքի ղեկավարի կողմից տրված, մահվան վկայականի հիման վրա:
2. Յուրաքանչյուր թաղում կամ դիակիզում գրանցվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի (Երեւանում` երեւանի քաղաքապետարանի) համապատասխան ծառայության (այսուհետ` Ծառայություններ) թաղումների կամ դիակիզումների գրանցման մատյանում, որն արխիվում պահվում է անժամկետ:
Մատյանում գրանցումից հետո ծառայությունը տալիս է իր դրոշմակնիքով կնքված հատուկ թաղման վկայական, որը թաղման կամ աճյունասափորի տեղը հաստատող միակ փաստաթուղթն է:
Ընտանեկան գերեզմանատեղում հուղարկավորության փաստաթղթերի ձեւակերումը կատարվում է թաղման վկայականի /բնօրինակ/ հիման վրա:
Թաղման վկայականի ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
3. Մահացածի մարմինը /աճյունը/ հողին հանձնելու համար տրամադրվում է գերեզմանատեղ` մեկ տեղի հաշվով 2.5 քառ. մետր մակերեսով (2.5x1.0 մմ):
4. Ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող հողատարածքի առավելագույն չափը սահմանվում է 12 քառ. մետր, որից ավելի լինելու դեպքում տարածքը տրամադրվում է վճարովի հիմունքներով` Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված կարգով:
5. Նոր գերեզմանատեղ հատկացվելու դեպքում հուղարկավորության կազմակերպման ստանձնողի մասնակցությամբ, համապատասխան գերեզմանատան սահմաններոմ, ճշտվում է նոր գերեզմանի տեղը եւ գերեզմանատան ղեկավարության կողմից տրվում է գերեզմանի քարտ:
Գերեզմանի քարտի ձեւը սահմանվում է տեղական ինքնակառավաման մարմինների (Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետարանի) կողմից:
6. Մահացածի հարազատների ցանկությամբ մահացածի մարմինը /աճյունը/ կարող է վերահուղարկավորվել` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
7. Առանց դատաբժշկական մարմինների թույլտվության մահացածի մարմնի /աճյունի/ հուղարկավորությունը չի թույլատրվում` ինքնասպանության, անհայտ պատճառից հանկարծամահության, մարմնական վնասվածքների հետեւանքով տեղի ունեցած մահվան, մահը հանցագործության հետեւանքով տեղի ունենալու կասկածի դեպքում:
8. Հատուկ դեպքերում` դատախազի կամ դատական մարմնի թույլտվությամբ, դատաքննչական մարմինների պահանջով մահացածի դիակը պաթոլոգիա- անատոմիական դատաբժշկական փորձաքննության ենթարկելու նպատակով, արտաշիրմումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Հուղարկավորումը, առանց մահացածի մարմնի հերձման, կարող է իրականացվել մահվան պատճառի եզրակացություն տվող բժշկի տեղեկանքի հիման վրա:
10. Հուղարկավորությունները կատարվում են ամեն օր ժամը 10-ից մինչեւ 18-ը, իսկ այցելությունները թույլատրվում են ամեն օր ժամը 9-ից ժամը 20-ը:
Կայանալիք հուղակավորության մասին գերեզմանատան վարչակազմին պետք է ծանուցել մեկ օր առաջ:
11. Հանգուցյալի թաղումը կատարվում է մահվան պահից ոչ շուտ, քան 24 ժամ հետո:
12. Նոր գերեզմանատեղի հատկացում կատարվում է միայն բաց գերեզմանատներում:
Հոդված 9. Հուղարկավորությունների հետ կապված ծառայությունների մատուցման եւ սգո պարագաների վաճառքի կարգը
1. Հանգուցյալի դիակը գերեզմանատուն կարող է տեղափոխվել միայն դագաղում` այդ ծառայության համար նախատեսված փակ ավտոդիատարով:
2. Ավտոդիատարների կայանումը թույլատրվում է միայն փակ կամ պարսպապատ կայանատեղերում կամ այդ նպատակի համար տեղական ինքնակառավարման մարմինների (Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետարանի) որոշմամբ առանձնացված հատուկ կայանատեղերում կամ Ծառայություններին պատկանող համապատասխան տարածքներում:
Այլ վայրերում ավտոդիատարների կայանումը խստիվ արգելվում է:
3. Դագաղների եւ սգո այլ պարագաների վաճառքը թույլատրվում է միայն գերեզմանատներին կից առանձնացված հատուկ շինություններում:
4. Սգո ծաղկեպսակների վաճառքը կարող է իրականացվել միայն վարագուրապատված կամ մգացված ապակիներով առեւտրական նշանակության շինությունում` բացառելով դրանց արտաքին ցուցադրումն ու վաճառքը:
Հոդված 10. Թաղման եւ դիակիզման կարգերը
Թաղման եւ դիակիզման կարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 11. Հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ
1. Հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ են այն անձինք, որոնք ստանձնում են հուղարկավորության կազմակերպումը` կամավորության սկզբունքով:
2. Մահացածի հարազատների, ազգականների եւ այլ անձանց կողմից հուղարկավորության կազմակերպումից հրաժարվելու կամ դրանց բացակայության դեպքում այն ստանձնում է քաղաքացու մահվան արձանագրման վայրի համայնքի ղեկավարը:
Ընդ որում, հուղարկավորության կազմակերպումը ստանձնողներ չունեցող մահացած քաղաքացիների հուղարկավորումը իրականացվում է ներքին գործերի մարմինների կողմից մահացածի անձը պարզելուց եւ նրա մահվան հանգամանքները արձանագրելուց հետո` 3 օրյա ժամկետում:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում ներքին գործերի մարմինների կողմից մահացածի անձը չպարզելու դեպքում հուղարկավորությունը կազմակերպվում է նշված մարմինների համաձայնությամբ, այդ դեպքերի համար քաղաքացիական գերեզմանատներում նախատեսված տեղերում:
4. Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման դեպքում համայնքի ղեկավարը ապահովում է համապատասխան մարմինների կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածում նշված մատուցվող պարտադիր ծառայությունները:
5. Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման առանձնացման կապակցությամբ մատուցված պարտադիր ծառայությունները համավում են պատվիրակված լիազորությունններ եւ վերջիններիս հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 12. Ծառայողական գործունեության կատարման ժամանակ զոհված /մահացած/ զինծառայողների հուղակավորությունը
1. Ծառայողական գործունեության կատարման ժամանակ զոհված /մահացած/ զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կարող է սահմանվել հուղարկաորության այլ արարողակարգ:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց հուղարկավորությունը կազմակերպվում է զինվորական կամ քաղաքացիական գերեզմանատներում` այդ նպատակով հատուկ առանձնացված տարածքում` հարազատների համաձայնությամբ:
Հոդված 13. Ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում մահացած անձանց հուղակավորությունը
1. Ազատազրկման վայրերում, բուժհաստություններում, ծերանոցներում մահացած անձանց հուղակավորությունը կազմակերպվում է հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձանց կողմից` սույն օրենքով սահմանված կարգով:
2. Հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չլինելու դեպքում այն կազմակերպվում է տվյալ համայնքի ղեկավարի կողմից` սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 14. Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման դեպքում համապատասխան մարմինների կողմից մատուցվող պարտադիր ծառայությունների ապահովումը
1. Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման դեպքում համայնքի ղեկավարը ապահովում է համապատասխան մարմինների կողմից մատուցվող հետեւյալ ծառայությունները`
ա/ անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպում.
բ/ դիահերձում.
գ/ դագաղի հատկացում.
դ/ մահացածի մարմնի /աճյունի/ տեղափոխում գերեզմանատուն.
ե/ հուղարկավորում.
գ/ մետաղե ցուցատախտակի տեղադրում:
Հոդված 15. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման ծախսերի մասնակի փոխհատուցում
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքի անդամի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին կամ հուղարկավորության կազմակերպումն ստանձնած անձին վճարվում է գումար հուղարկավորման ծախսերի մասնակի փոխհատուցման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սամանված կարգով:
Հոդված 16. Հուղարկավորության կազմակերպումն իրականացնող մարմինները
1. Հուղարկավորության կազմակերպումը` գերեզմանատեղերի տրամադրումը, նրանց հաշվառումը, գերեզմանատների պահպանումն ու շահագործումը իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից ստեղծված ոչ առեւտրային կազմակերպության միջոցով:
Երեվան քաղաքում հուղակարվորության կազմակերպումը իրականացվում է Երեւանի քաղաքապետի կողմից` իր իրավասության սահմաններում:
2. Համայնքներում ավագանու որոշմամբ հուղարկավորության կազմակերպումը կարող է իրականացվել համայնքի ղեկավարի կողմից:
Հոդված 17. Գերեզմանատների կազմակերպումը
1. Գերեզմանատները կազմավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների (Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետի) որոշմամբ, ըստ գտնվելու բնակավայրի, բնակավայրերի հաստատված գլխավոր հատակագծերի, հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաների հիման վրա:
2. Գերեզմանատները ըստ պատկանելիության կարող են լինել` պետական եւ համայնքային, ըստ ավանդույթների` քաղաքացիական եւ զինվորական:
3. Գերեզմանատների զբաղեցրած հողերը դասվում են պատմական եւ մշակութային նշանակություն ունեցող հողերի շարքին:
4. Գերեզմանատների սահմանագծերը որոշվում են ըստ գլխավոր հատակագծի եւ հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմաների:
5. Նոր կազմակերպվող գերեզմանատների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման, բարեկարգման եւ շահագործումը սկսելու համար անհրաժեշտ այլ աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:
Հոդված 18. Գերեզմանատների կազմակերպման համար հողատարածքների տրամադրում
1. Նոր գերեզմանատների կազմակերպման, գործողների ընդլայնման համար հողատարածքների տրամադրումը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների (Երեւան քաղաքում` Երեւանի խորհրդի համաձայնությամբ, Երեւանի քաղաքապետի) կողմից, հաստատված նախագծային փաստաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Գերեզմանատների կազմակերպում չի թույլատրվում հետեւյալ տարածքներում`
ա/ ջրամատակարարման աղբյուրների եւ հանքային ջրերի սանիտարական պահպանման առաջին եւ երկրորդ գոտիներում, առողջարանների սանիտարական պահպանման առաջին գոտում.
բ/ լճերի, գետերի եւ մյուս բաց ջրամբարների ափերին.
գ/ ջրածածկվող, սողանքների եւ փլուզումների ենթակա եւ ճահճային գոտիներում.
դ/ այն վայրերում, որտեղ ստորերկրյա ջրերի խորությունը առավելագույն հոսքի ժամանակ հողի մակերեսից չորս մետրից պակաս Է:
3. Մահացած անձանց հուղարկավորումը իրականացնելու նպատակով գերեզմանատներում հուղարկավորության կազմակերպման ստանձնողի անունով հաշվառվում է գերեզմանատեղ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
4. Համապատասխան գերեզմանատեղում հուղարկավորության կազմակերպման համար հաշվառված իրավունքը փոխանցվում է ժառանգաբար:
5. Գերեզմանատեղերը տրամադրվում են սահմանված կարգով հաստատված գերեզմանատան հատակագծով (սխեմայով) նախատեսված հերթականությամբ եւ սույն օրենքով սահմանված չափերով` անվճար:
Հոդված 19. Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքների իրավական ռեժիմը
1. Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքները համարվում են անբաժ անելի եւ չեն բաժանվել ինքնուրույն հողամասերի:
2. Գերեզմանատների զբաղեցրած հողատարածքների սահմանները ամրագրվում են կադաստրային քարտեզներում եւ ամրացվում են տեղանքում:
Հոդված 20. Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքների օգտագործման նկատմամբ սահմանափակումները
1. Գերեզմանատների կազմակերպման նպատակով տրամադրված հողատարածքներում արգելվում է նրանց նպատակային եւ գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն:
2. Գերեզմանատների տեղափոխման դեպքում նրա զբաղեցրած հողատարածքները չի թույլատրվում օգտագործել գյուղատնտեսական նպատակների համար:
3. Պետական կարիքների համար գերեզմանատների զբաղեցրած հողատարածքները կարող են վերցվել գերեզմանատները սահմանված կարգով փակվելուց եւ վերահուղարկավորում կատարելուց հետո:
Հոդված 21. Գերեզմանատների փակումը
1. Հուղարկավորությունների համար սանիտարահամաճարակայինանվտանգության պայմանների խախտման դեպքերում գերեզմանատները ենթակա են փակման:
Փակված գերեզմանատներում վրահուղարկավորումներ իրականացնելն արգելվում է:
2. Գերեզմանատները կարող են փակվել նաեւ կապված արտակարգ իրավիճակներից` բնական արտածին երեւույթներ, սողանքներ, ջրհեղեղ, ջրածածկում եւ այլն:
3. Սանիտարահամաճարակային իրավիճակ առաջանալու վտանգի դեպքում գերեզմանատները ենթակա են վերացման եւ վնասազերծման Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, այդ դեպքերի համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Գերեզմանատան փակումը կամ անհրաժեշտության դեպքում վերացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:
5. Հուղարկավորության համար նոր գերեզմանների կազմակերպման համար ազատ հողատարածքների բացակայության դեպքում գերեզմանատները ենթակա են մասնակի փակման:
Մասնակի փակված գերեզմանատներում թույլատրվում է կատարել հուղարկավորումներ միայն այն գերեզմաններում, որտեղ կան ազատ գերեզմանատեղեր կամ վերջին հուղարկավորումը կատարվել է 15 տարի առաջ:
Գերեզմանատների մասնակի փակման մասին որոշումները ընդունում են համապատասխան համայնքի ղեկավարները (Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքաետը):
Հոդված 22. Գերեզմանատներից կամ դիակիզարաններից օգտվելու կանոնները
Գերեզմանատներից կամ դիակիզարաններից օգտվելու կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 23. Գերեզմանատների պահպանում եւ շահագործում
1. Գերեզմանատների պահպանման եւ շահագործման ընդհանուր կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հասարակական նշանակություն ունեցող գերեզմանատների /Եռաբլուր, Կոմիտասի անվան պանթեոն/ եւ դիակիզարանների պահպանումը կատարվում է բյուջետային հատկացումների հաշվին` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:
2. Գերեզմանատների զբաղեցրած տարածքների շրջակա բնական միջավայրի վատթարացումը կանխարգելու նպատակով ստեղծվում է սանիտարական եւ բնապահպանական մոնիթորինգի համակարգ:
3. Գերեզմանների ոչնչացման, դրանցում ամրակայված կառույցներին վնասի պատճառման եւ պղծման դեպքում մեղավորները ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
Հոդված 24. Հուղարկավորության օրենսդրության խախտմամբ պատճառված վնասի փոխհատուցումը
1. Իրավաբանական անձինք եւ քաղաքացիները պարտավոր են ամբողջ ծավալով հատուցել հուղարկավորության օրենսդրության խախտման հետեւանքով իրենց կողմից պատճառած վնասները:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո գերեզմանատների զբաղեցրած հողամասերի սահմաններում կամ սահմաններից դուրս գերեզմանների կազմակերպման համար ինքնակամ զբաղեցրած հողատարածքները ենթակա են վերադարձման դրանց սեփականատերերին` առանց հողատարածքի ապօրինի օգտագործման ժամանակահատվածում կատարված ծախսերի հատուցման:
Ընդ որում, օրենսդրության խախտման փաստը հայտնաբերելուց հետո այդ հողատարածքները համայնքի ղեկավարի կողմից երկամսյա ժամկետում բերվում են նախկին տեսքին եւ այդ կապակցությամբ կատարված ծախսերը ենթակա են վերադարձման:
3. Ծագող վեճերը կարող են լուծվել դատական կարգով:
Հոդված 25. «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու կարգը
«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1ից:
Հոդված 26. Անցումային դրույթներ
Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված գերեզմանի վկայականները հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների համար հանդիսանում են սույն օրենքով սահմանված գերեզմանի հողատարածքի նկատմամբ իրենց անունով հաշվառման իրավունքները հաստատող փաստաթուղթ: