Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0282-26.02.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակության  5.1-րդ մասով.

«5.1. Ազատազրկման դատապարտված կամ կալանավորված անձը նույնականացման քարտ ստանալու իրավունք ունի համապատասխանաբար քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածների պահելու վայրի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած ազատազրկման դատապարտված կամ կալանավորված քաղաքացին` ընդհանուր հիմունքներով:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի`

1) 2-րդ մասի 3-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ժամանակավոր վկայական կարող է տրամադրվել նաեւ ազատազրկման դատապարտված եւ կալանավորված քաղաքացիներին քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած ազատազրկման դատապարտված կամ կալանավորված քաղաքացուն` ընդհանուր հիմունքներով:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Եթե օրենքով սահմանված հիմքերով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը ազատազրկման դատապարտված, կալանավորված կամ ձերբակալված քաղաքացուց վերցրել է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը, ապա, վերջիններիս կողմից քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու խնդրանքով պայմանավորված, վարչակազմը պարտավոր է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրել նրանց:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2016 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապն ապահովելու իրավունքի իրացման հետ կապված խնդիրներ: Նշված խնդիրներին մանրակրկիտ անդրադարձ է կատարվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2016 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում (ավելի մանրամասն տե՛ս նշված զեկույցի 41-48-րդ էջերը):

Մասնավորապես, ի թիվս այլնի քննարկման առարկա են դարձել ազատությունից զրկված անձանց կարճատեւ եւ երկարատեւ տեսակցությունների, ինչպես նաեւ կարճատեւ մեկնումների տրամադրման հետ կապված խնդիրները, որոնք պայմանավորված են եղել օրենսդրական կարգավորումներում անձի անհատական ռիսկայնությունը հաշվի չառնելու եւ կարճատեւ մեկնումը կամ երկարատեւ տեսակցությունը միայն անձի կատարած հանցագործության ծանրության աստիճանի հետ կապելու հանգամանքներով: Արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ բնակության վայրից հեռու գտնվող քրեակատարողական հիմնարկում տեղաբաշխվելու արդյունքում ազատությունից զրկված անձինք զրկված են եղել ընտանիքի անդամների եւ ազգականների հետ հաղորդակցվելու հնարավորությունից: Նշվածը պատճառաբանվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 69-րդ հոդվածում նման հիմքի բացակայությամբ:

Միաժամանակ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2016 թվականի ընթացքում ստացել է բողոքներ ազատությունից զրկված անձանց անձնագրերով (նույնականացման քարտերով) փաստաթղթավորման գործընթացի վերաբերյալ: Բողոքներում բարձրացված խնդիրներին մանրակրկիտ անդրադարձ է կատարվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2016 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում (ավելի մանրամասն տե՛ս նշված զեկույցի 81-84-րդ էջեր):

Մասնավորապես` ազատությունից զրկված տարբեր անձինք նշել են, որ ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ ստանալու խնդրանքով դիմել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, սակայն նրանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել իրեն նույնականացման քարտ կամ ժամանակավոր վկայական տրամադրելու ուղղությամբ այն հիմնավորմամբ, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է միջոցներ ձեռնարկել միայն դատապարտյալի կարգավիճակ ունեցող անձին նույնականացման քարտ տրամադրելու ուղղությամբ, իսկ տվյալ դեպքերում անձն ունեցել է կալանավորված անձի եւ ոչ թե դատապարտյալի կարգավիճակ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ ՀՀ արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում են գտնվում նաեւ ազատությունից զրկված այն անձանց առողջության պահպանման իրավունքի երաշխավորումը, որոնց նկատմամբ կիրառվել է պատժախուց տեղափոխելու ձեւով կարգապահական տույժ: Նշված իրավունքի ապահովումն առավել առաջնային է այն պարագայում, երբ ազատությունից զրկված անձը քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում կամ բուժական ուղղիչ հիմնարկում գտնվում է ստացիոնար բուժման մեջ: Այս առումով ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը հնարավորություն չի տալիս մինչեւ ստացիոնար բուժման ավարտը հետաձգել կարգապահական տույժի կիրառումը:

Լուծում պահանջող օրենսդրական խնդիրներն ընդհանուր առմամբ հանգում են հետեւյալին.

ա) մերձավոր ազգականների հետ կապն ապահովելու համար դատապարտյալին քրեակատարողական մեկ հիմնարկից նույն տեսակի մեկ այլ հիմնարկ տեղափոխելու հնարավորության բացակայությունը,

բ) կալանավորված անձանց եւ դատապարտյալներին անձնական բացառիկ հանգամանքների կապակցությամբ կարճաժամկետ մեկնումների տրամադրումը բացառող հանգամանքների իրավաչափությունը,

գ) օրենսդրությամբ կալանավորված անձանց երկարատեւ տեսակցություններ տրամադրելու հնարավորության բացակայությանը,

դ) անձի կարգավիճակով պայմանավորված` նույնականացման քարտ չտրամադրելու իրավաչափությունը,

ե) ստացիոնար բուժման մեջ գտնվելու ընթացքում անձի նկատմամբ կիրառված կարգապահական տույժի հետաձգման հնարավորության բացակայությունը,

զ) ցմահ ազատազրկված անձանց անջատ պահելու կանոնի վերանայման անհրաժեշտությունը:

Ավելի մանրամասն անդրադառնալով նշված խնդիրներին` հարկ է նշել հետեւյալը.

ա) Ազատությունից որեւէ կերպ զրկված անձի մասնավոր եւ ընտանեկան կյանքի իրավունքը` որպես անձի արժանապատվության եւ ֆիզիկական անձեռնմխելիության երաշխավորման պայման, ենթադրում է պետության պարտականությունը` ձեռնարկել այնպիսի անհրաժեշտ միջոցներ, որոնք ուղղված են ազատությունից զրկված անձի նշված իրավունքի իրացմանը:

Մասնավոր եւ ընտանեկան կյանքի իրավունքի հարգումը պատժի ենթարկված անձի վերասոցիալականացման էական երաշխիք է: Ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ են պատժի կրման այնպիսի պայմաններ, որոնք բավարար կլինեն, որպեսզի պատժի կրման ընթացքում դատապարտյալը չկորցնի հասարակությունում նախկինում ձեռք բերած վարքի կանոնները եւ հմտությունները: Այն պետք է նպաստի դատապարտյալների կենցաղի եւ աշխատանքի հարցերի կարգավորմանը, ընտանեկան եւ սոցիալական կապերի ամրապնդմանը:

Մերձավոր ազգականներ հետ կապը չափազանց կարեւոր նշանակություն ունի նաեւ դատապարտյալին ազատ արձակելուն նախապատրաստելու տեսանկյունից: Մասնավորապես, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների համաձայն` դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու վտանգը գնահատելիս հաշվի է առնվում նաեւ ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ կապը (ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.2-րդ մասի 9-րդ կետ): Սույն նախագծով առաջարկվող փոփոխություններն ուղղված են նշված կապի ապահովմանը, որը կխթանի նաեւ անձի օրինապահ վարքագիծը:

Այսպես, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` դատապարտյալն ունի արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունք, այդ թվում` վարելու նամակագրություն, ունենալու տեսակցություններ, օգտվելու հեռախոսակապից, գրականությունից եւ հնարավոր լրատվական միջոցներից:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ուղղիչ հիմնարկի վարչակազմը ստեղծում է համապատասխան պայմաններ` ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու նպատակով: Այդ նպատակով ուղղիչ հիմնարկում ստեղծվում են կարճատեւ եւ երկարատեւ տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:

Մասնավոր եւ ընտանեկան կյանքի իրավունքն իր ամրագրումն է ստացել նաեւ միջազգային մի շարք իրավական փաստաթղթերում: Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի (...) նկատմամբ հարգանքի իրավունք:

Եվրոպական բանտային կանոնների 24.1-րդ կանոնի համաձայն` ազատությունից զրկված անձանց պետք է թույլատրվի հնարավորին չափ հաճախ նամակով, հեռախոսով կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել կամ տեսակցել իրենց ընտանիքի անդամների, այլ անձանց եւ կազմակերպությունների հետ:

Ազատությունից զրկված անձի` տեսակցություններ ունենալու իրավունքի տեսանկյունից չափազանց կարեւոր է նաեւ, որ նրանք տեղաբաշխվեն իրենց մերձավոր ազգականներին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկներում:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Եվրոպական բանտային կանոնների 17.1-րդ կանոնի համաձայն` ազատությունից զրկված անձինք պետք է հնարավորության սահմաններում տեղաբաշխվեն իրենց բնակության վայրին (...) մոտ գտնվող ազատազրկման վայր:

Վերոնշյալ չափորոշիչներն իրենց ամրագրումն են գտել նաեւ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, համաձայն որի` ուղղիչ հիմնարկներում սահմանված կանոնակարգի նպատակն է ապահովել կապն ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ:

Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն` ազատազրկման մեջ գտնվող անձանց հեռավոր ազատությունից զրկման վայրում պահելը հանդիսանում է միջամտություն ?Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին? եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածով երաշխավորվող իրավունքների իրացմանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսպիսի դիրքորոշում արտահայտելիս, մասնավորապես, հաշվի է առել ազատությունից զրկման համապատասխան վայրերի երկար հեռավորությունն ազատազրկված անձանց մերձավոր ազգականների բնակության վայրից, աշխարհագրական տեղադրությունը, տրանսպորտային համակարգի վիճակը եւ այլն (տե՛ս Խոդորկովսկին եւ Լեբեդեւն ընդդեմ Ռուսաստանի վճիռը, գանգատներ թիվ 11082/06 եւ 13772/05, կետ 838, տե՛ս նաեւ Վինթմանն ընդդեմ Ուկրաինայի վճիռը, գանգատ թիվ 28403/05, կետ 79): Այսպիսով, ազատությունից զրկված անձանց ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի անքակտելի մաս է բանտային իշխանությունների կողմից նրանց տրամադրվող օգնությունը` մերձավոր ազգականների հետ շփումները պահպանելու հարցում (տե՛ս Մեսսինան ընդդեմ Իտալիայի (թիվ 2) վճիռը, գանգատ թիվ 25498/94):

ԽԿԿ-ի իրավաբանության համաձայն` ազատությունից զրկված անձանց համար շատ կարեւոր է բավարար շփումն արտաքին աշխարհի հետ: Առաջին հերթին կալանավորված անձը պետք է հնարավորություն ստանա պահպանելու հարաբերություններն իր ընտանիքի եւ մտերիմ բարեկամների հետ (տեԲս 1991 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ԽԿԿ-ի գործունեության մասին 2-րդ ընդհանուր հաշվետվությունը, կետ 51):

բ) Անդրադառնալով ազատությունից զրկված անձանց կարճաժամկետ մեկնում տրամադրելու հարցին` հարկ է նշել, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատապարտյալին, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքի, կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում անձնական բացառիկ հանգամանքների (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին) դեպքում, ինչպես նաեւ սոցիալական վերականգնման նպատակով:

Համանման կարգավորում է պարունակում նաեւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ պարբերությունը` սահմանելով, որ կալանավորված անձանց, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց, մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում կարող են տրամադրվել կարճաժամկետ մեկնումներ:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ԽԿԿ-ն Հայաստանի վերաբերյալ 2016 թվականի զեկույցում կրկին ընդգծել է, որ հիմնավորապես սխալ է այն համակարգը, որի համաձայն արտաքին աշխարհի հետ ազատությունից զրկված անձանց կապի սահմանները որոշվում են որպես նշանակված պատժի մի մաս (եւ ըստ այն ռեժիմի, որով նա կրում է իր պատիժը) (տե՛ս ԽԿԿ-ի կողմից 2015 թվականի հոկտեմբերի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն կատարած այցի արդյունքների հիման վրա կազմված զեկույցը, կետ 107):

գ) Չափազանց խնդրահարույց է նաեւ կալանավորված անձանց երկարատեւ տեսակցություններ տրամադրելու օրենսդրական հնարավորության բացակայությունն այն պայմաններում, երբ կալանքը որպես խափանման միջոց անձի նկատմամբ կարող է կիրառվել տարիներ շարունակ, ինչպիսի պարագայում անձը, ում նկատմամբ գործում է անմեղության կանխավարկածը, զրկվում է իր մերձավոր ազգականների հետ երկարատեւ տեսակցություն ունենալու հնարավորությունից: Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքները փաստում են նաեւ, որ առկա են դեպքեր, երբ օտարերկրյա քաղաքացիները, կալանավորված լինելով եւ պահվելով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, զրկվում եմ արտերկրում գտնվող իրենց ընտանիքի անդամների հետ տեսակցելու հնարավորությունից, քանզի միայն կարճատեւ տեսակցության նպատակով Հայաստանի Հանրապետություն գալը նման անձանց մերձավոր ազգականների համար առաջացնում է բազմաթիվ չարդարացված դժվարություններ: Միաժամանակ, արդարացված չէ երկարատեւ տեսակցություններ տրամադրելու հարցում կալանավորված անձանց եւ դատապարտյալների միջեւ նման տարբերակված մոտեցումը` առանց անձի վարքագծով, ռիսկայնությամբ եւ այլ օբյեկտիվ հանգամանքերով պայմանավորված հիմնավոր պատճառաբանության:

Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վարնասն ընդդեմ Լիտվայի գործով արձանագրվել է Թոմաս Վարնասի` իր անձնական եւ ընտանեկան կյանքի հանդեպ հարգանքի իրավունքից օգտվելու հարցում խտրականության չենթարկվելու իրավունքի խախտում (տե՛ս նշված գործով 2013 թ-ի հուլիսի 9-ի վճիռ, գանգատ թիվ 42615/06, կետ 104): Տվյալ գործով լիտվական իշխանությունները պարոն Վարնասին, երբ նա գտնվում էր մեկուսարանում, չէին թույլատրել իր կնոջ հետ երկարատեւ տեսակցություններ ունենալ, չնայած, որ այդպիսի հանդիպումները նրան թույլատրվել էին քրեակատարողական հիմնարկում, որտեղ պատիժ էր կրում քննչական մեկուսարան տեղափոխվելուց անմիջապես առաջ:

Միաժամանակ, Թոմաս Վարնասի` իր կնոջ հետ հանդիպումների սահմանափակումը ոչ մի կապ չի ունեցել անվտանգության ապահովման խնդրի հետ, եւ տեսակցության տարբերակված պայմանների նախատեսումը որեւէ օբյեկտիվ արդարացում չի ունեցել: Կնոջ հետ առանձին երկարատեւ տեսակցություն ունենալու միջնորդության մերժումը տեղական իշխանությունները հիմնավորել են ոչ միայն նախաքննության շահերի պաշտպանության վերաբերյալ տեսական դատողություններով, այլ նաեւ քննչական մեկուսարանում նման բնույթի հանդիպումների համար անհրաժեշտ պայմանների բացակայությամբ, ինչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունելի արդարացում չի համարել (տե՛ս կետ 121):

դ) «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքով սահմանվում է դատապարտյալին նույնականացման քարտի կամ ժամանակավոր վկայականի տրամադրման գործընթացը, սակայն կալանավորված անձանց վերաբերյալ որեւէ կարգավորում նախատեսված չէ:

«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «(...) Ժամանակավոր վկայական կարող է տրվել նաեւ ազատազրկման դատապարտված քաղաքացուն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալին` ընդհանուր հիմունքներով (...):»:

Նշված իրավակարգավորմամբ սահմանվում է ինչպես դատապարտյալի ժամանակավոր վկայական ստանալու իրավունքը, այնպես էլ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից այդ գործընթացը կազմակերպելու պարտականությունը: Իրավական որոշակիությունն ապահովելու նպատակով եւ ելնելով այն հանգամանքից, որ քննարկվող ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտը ՀՀ քրեակատարողական օրենսգիրքն է` անհրաժեշտություն է առաջանում դատապարտյալի վերը նշված իրավունքի վերաբերյալ դրույթ ամրագրել նաեւ օրենսգրքի` նրա իրավունքները սահմանող համապատասխան հոդվածում` հղում կատարելով «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

Քրեակատարողական օրենսգրքում համապատասխան լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է  նաեւ գործնականում օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով ամրագրված` դատապարտյալի` քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրավունքի պատշաճ իրականացմամբ, քանի որ նման գործարքներ կնքելու դեպքում անհրաժեշտություն է առաջանում ունենալ անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ժամանակավոր վկայական եւ այլն):

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն` ձերբակալված կամ կալանավորված անձը նույնպես իրավունք ունի մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին:

Կալանավորված անձանց դեպքում նույնպես քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու ընթացքում անհրաժեշտություն է առաջանում ունենալ անձը հաստատող փաստաթուղթ եւ գործնականում կարող են լինել դեպքեր, երբ քաղաքացին, չունենալով նման փաստաթուղթ, ցանկանում է դիմել իրավասու պետական մարմնին` այն ստանալու եւ վերը նշված գործարքներին մասնակցելու նպատակով:

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը ժամանակավոր վկայական ստանալու իրավունք է նախատեսում ազատազրկման դատապարտված քաղաքացիների համար` նման իրավունք չնախատեսելով կալանավորված անձանց համար: Այսպես, գործնականում կարող են լինել դեպքեր, երբ այն կալանավորված անձը, ով չունի անձը հաստատող փաստաթուղթ, դրա վավերականության ժամկետը լրանալու, այն կորցնելու կամ այլ պատճառով, զրկվում է իր` քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրավունքից:

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե օրենքով սահմանված հիմքերով քրեակատարողական հիմնարկի վարչակազմն ազատազրկման դատապարտված քաղաքացուց վերցրել է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը, ապա, դատապարտյալի կողմից քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու խնդրանքով պայմանավորված, պարտավոր է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրել դատապարտյալին:

Նշված կարգավորումից հետեւում է, որ քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի կողմից քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու դեպքում, վերջինս իրավունք ունի քրեակատարողական վարչակազմից խնդրել եւ ստանալ իր ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը: Չնայած որ ձերբակալված կամ կալանավորված անձը նույնպես ունի քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու իրավունք, համանման իրավակարգավորում նրա վերաբերյալ ամրագրված չէ, ինչը գործնականում կարող է հանգեցնել վերջինիս իրավունքների սահմանափակմանը:

Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջանում «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ազատազրկման դատապարտված անձանց իրավունքները նախատեսել նաեւ կալանավորված անձանց համար, իսկ նույն հոդվածի 3-րդ մասում` ձերբակալված անձի համար:

Բացի այդ, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն` ձերբակալված կամ կալանավորված անձն իրավունք ունի մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին: Նույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`  ձերբակալված անձանց արգելվում է մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին: Ակնհայտ է նույն օրենքի տարբեր դրույթների միջեւ հակասությունը. դրանցից մեկի ուժով ձերբակալված անձն իրավունք ունի մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին, իսկ մյուսով նա այդ իրավունքից զրկված է:

ե) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները վկայում են, որ ազատությունից զրկված անձանց ստացիոնար պայմաններում պատշաճ բժշկական օգնության հարցը քննարկելիս այլ հարցերի թվում հաշվի է առնում նաեւ դատապարտյալների համար նախատեսված հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող անձանց պատժախուց տեղափոխելու հանգամանքը` արձանագրելով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (տե՛ս, ի թիվս այլ գործերի, Սախվաձեն ընդդեմ Ռուսաստանի գործով 2012 թվականի հունվարի 10-ի վճիռը, գանգատ թիվ 15492/09, Բաժակսն ընդդեմ Լատվիայի գործով 2010 թվականի հոկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 71572/01):

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի իրավական դիրքորոշման համաձայն` բուժանձնակազմը պետք է մեծ ուշադրություն դարձնի մեկուսի պահվող ազատությունից զրկված բոլոր անձանց: Բուժանձնակազմը պետք է տեղյակ լինի յուրաքանչյուր նման դեպքի մասին, մեկուսացումից անմիջապես հետո այցելի ազատությունից զրկված անձին, հետագայում պարբերաբար` օրական առնվազն մեկ անգամ, այցելի նրան, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում տրամադրի շտապ բուժօգնություն: Դրանով հանդերձ, բուժանձնակազմը պետք է ազատությունից զրկման վայրի վարչակազմին տեղեկացնի բոլոր այն դեպքերի մասին, երբ մեկուսի պահվելը լրջորեն սպառնում է ազատությունից զրկված անձի առողջությանը» (ՏեԲս ԽԿԿ-ի գործունեության մասին 21-րդ ընդհանուր զեկույցը, որն ընդգրկում է 2010 թվականի օգոստոսի 1-ից 2011 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածը, https://rm.coe.int/1680696a88 կայքէջում, կետ 63:):

Համանման կարգավորումներ է պարունակում նաեւ ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշումը: Այս որոշման 225-րդ կետը սահմանում է, որ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետն իրավունք ունի հետաձգելու պատժախուց տեղափոխելու ձեւով տույժի կիրառումը, կրճատելու պատժախցում գտնվելու ժամանակահատվածը կամ ժամկետից շուտ կալանավորված անձին կամ դատապարտյալին ազատելու տույժը կրելուց` հաշվի առնելով հիվանդության հետ կապված պատժախցում գտնվելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկի եզրակացությունը:

Վերը շարադրվածը վկայում է այն մասին, որ պատժախուց տեղափոխելու ձեւով կարգապահական տույժ կիրառելիս առանցքային պետք է լինի ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի ապահովումը: Ուստի, հիմնավոր է պնդումն առ այն, որ կարգապահական խախտում թույլ տված ազատությունից զրկված անձի նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձեւով տույժը չի կարող կիրառվել, եթե անձը շարունակում է ստանալ ստացիոնար բուժում: Նման պարագայում կարգապահական տույժի կիրառումն անհրաժեշտ է հետաձգել մինչեւ ստացիոնար բուժման ավարտը` հետաձգումը դիտարկելով որպես պարտականություն, այլ ոչ հայեցողություն:

զ) Անդրադարձ կատարելով ցմահ ազատազրկված անձանց անջատ պահելու կանոնի վերանայմանը` հարկ ենք համարում նշել, որ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (այսուհետ` ԽԿԿ) չափանիշների համաձայն` ստուգելու համար, թե հիմնավորված է արդյոք դատապարտյալին անջատ պահելու միջոցի կիրառումը, անհրաժեշտ է դիմել ավանդական թեստերի օգնությանը: Պարզ ՀՕՀԱՈ (անգլերեն` PLANN) հապավումը ամփոփում է այդ թեստերը.

ա) համամասնական - բանտարկյալի իրավունքների ցանկացած լրացուցիչ սահմանափակում պետք է կապված լինի այն իրական կամ հնարավոր վնասի հետ, որ բանտարկյալը բանտում պատճառել է կամ կարող է պատճառել իր գործողություններով (կամ հենց իրեն սպառնացող հնարավոր վնաս է ի հայտ եկել):

բ) Օրինական - ներպետական օրենսդրությունը պետք է բովանդակի դրույթներ երկրում թույլատրելի մեկուսի բանտարկության ցանկացած տեսակի վերաբերյալ եւ այդ դրույթը պետք է լինի ողջամիտ:

գ) Հաշվետու - պետք է պահպանվեն մեկուսի բանտարկություն կիրառելու վերաբերյալ որոշմանը, ինչպես նաեւ այդ որոշման բոլոր վերանայումներին առնչվող փաստաթղթերը: Այդ փաստաթղթերում պետք է շարադրված լինեն բոլոր այն գործոնները, որոնք հաշվի են առնվել, ինչպես նաեւ այն տեղեկությունները, որոնց վրա դրանք հիմնվել են: Հարկ է նաեւ արձանագրել բանտարկյալի դերը այդ որոշման կայացման գործընթացին կամ նրա հրաժարումը դրանից: Բացի դրանից,  պետք է ամբողջությամբ արձանագրել բանտի աշխատակազմի հետ ունեցած բոլոր շփումները բանտարկյալի մեկուսի բանտարկության մեջ գտնվելու ընթացքում, այդ թվում` բանտի անձնակազմի փորձերը շփում հաստատելու բանտարկյալի հետ եւ բանտարկյալի արձագանքը դրան:

դ) Անհրաժեշտ - թույլատրվում են միայն այն սահմանափակումները, որոնք անհրաժեշտ են բանտարկյալի անվտանգության եւ պատշաճ բանտարկության եւ արդարադատության պահանջների պահպանման համար, հավասար չափով կիրառելի է նաեւ մեկուսի բանտարկության մեջ գտնվող բանտարկյալների նկատմամբ:

ե) ոչ խտրական - մեկուսի բանտարկության որոշում կայացնելու ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն գործին վերաբերող բոլոր հանգամանքները, այլ նաեւ ձեռնարկել միջոցներ, որպեսզի գործին չվերաբերող հարցերը հաշվի չառնվեն: Իշխանությունները պետք է վերահսկեն մեկուսի բանտարկության բոլոր ձեւերի կիրառումը, որպեսզի դրանք չկիրառվեն անհամաչափ, առանց օբյեկտիվ եւ ողջամիտ հիմնավորման, ուղղված չլինեն առանձին բանտարկյալի կամ բանտարկյալների առանձին խմբի դեմ (տե՛ս ԽԿԿ չափանիշներ, կետ 55):

Դեռեւս 2010 թվականին Հայաստան կատարած այցելության ժամանակ ԽԿԿ-ն նշել է, որ չի արդարացնում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պարբերաբար մեկուսացումը: Նման մոտեցումը չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2003 թվականի հոկտեմբերի 9–ի «Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված անձանց եւ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված այլ անձանց պատժի կրումը կազմակերպելու» վերաբերյալ (2003) 23 հանձնարականին: Վերջինիս կից ներկայացված զեկույցում նշվում է, որ հաճախ սխալ ենթադրություն կա այն մասին, որ ցմահ ազատազրկումը ենթադրում է, որ քրեակատարողական հիմնարկում պահվող անձը վտանգավոր է: Ուստի, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տեղավորելը պետք է լինի ոչ թե նրանց ազատազրկման, այլ ռիսկերի եւ կարիքների համապարփակ ու շարունակական գնահատման արդյունքը` հիմք ընդունելով անհատականացված պատիժը կրելու պլանը: ԽԿԿ–ն առաջարկում է Հայաստանի իշխանություններին վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց մեկուսացմանը վերաբերող օրենսդրությունն ու պրակտիկան` ելնելով նշված դիտարկումներից (տե՛ս ԽԿԿ-ի կողմից 2010 թվականի մայիսի 10-21 ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն կատարած այցի արդյունքների հիման վրա կազմված զեկույցը, կետ 74):

Վերոնշյալից ստացվում է, որ քրեակատարողական վարչակազմի որոշումը պետք է հիմնված լինի նշված չափանիշների վրա, այսինքն` պետք է կիրառվի, երբ չափանիշներին համապատասխան կգնահատվի ցմահ ազատազրկված դատապարտյալների ռիսկայնությունը, քանզի այն անհրաժեշտ է, որ պաշտպանված լինեն նաեւ պոտենցիալ առավել խոցելի ազատազրկված անձինք:

ԽԿԿ-ն Հայաստան կատարած իր զեկույցում եւս մեկ անգամ նշել է, որ ցմահ ազատազրկված դատապարտյալները ավելի վտանգավոր չեն, քան մյուս դատապարտյալները, հետեւաբար չպետք է առանձնացվեն որպես կիրառված պատժի տեսակի ավտոմատ արդյունք (principle of non-segregation) (տե՛ս ԽԿԿ-ի կողմից 2013 թվականի ապրիլի 4-10 ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն կատարած այցի արդյունքների հիման վրա կազմված զեկույցը, կետ 73):

Հարկ է ընդգծել, որ միջազգայնորեն ճանաչված վերոնշյալ սկզբունքը նպաստում է ցմահ դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետ իրականացմանը` այդպիսով ապահովելով պատժի նպատակների իրացումը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ամրագրված իրավակարգավորումներով առաջարկվում է Քրեակատարողական օրենսգրքի 69-րդ հոդվածում որպես դատապարտյալին մեկ հիմնարկից նույն տեսակի մեկ այլ հիմնարկ տեղափոխելու հիմք, ի թիվս այլնի, դիտել նաեւ մերձավոր ազգականների հետ շփումներն ապահովելու նպատակը:

Առաջարկվում է նաեւ նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասում` դատապարտյալին անձնական բացառիկ հանգամանքներով կարճաժամկետ մեկնում տրամադրելը կախվածության մեջ չդնել առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքերի հետ: Միաժամանակ, անհրաժեշտ է առանց անձի անհատական ռիսկայնությունը հաշվի առնելու նման տարբերակված մոտեցումը բացառել նաեւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ պարբերությունում:

Հաշվի առնելով կալանքի որպես խափանման միջոցի կիրառման այսօր Հայաստանում ձեւավորված պրակտիկան (ավելի մանրամասն տե՛ս 2016 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման 165-169 էջեր), ինչպես նաեւ երկարատեւ տեսակցություններ տրամադրելու հարցում կալանավորված անձանց եւ դատապարտյալների միջեւ չարդարացված տարբերակված մոտեցումը` առաջարկվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածում նախատեսել կալանավորված անձանց երկարատեւ տեսակցություններ տրամադրելու հնարավորություն:

Նախագծով առաջարկվում է նաեւ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասում երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրելու հնարավորությունը չկապել միայն հաշմանդամ կամ ուղղիչ հիմնարկին կից մանկատանը երեխա ունենալու հետ, այլ նշված նպատակով կարճաժամկետ մեկնում տրամադրել այն բոլոր դեպքերում, երբ դատապարտյալի երեխան հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում:

Բացի այդ, առաջարկվում է դատապարտյալի` օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ժամանակավոր վկայական ստանալու իրավունքը եւ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի` վկայականի տրամադրման գործընթացը կազմակերպելու պարտականությունը սահմանել ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտում` ՀՀ քրեակատարողական օրենսգրքում: Այս նպատակով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասում` հղում կատարելով «Նույնականացման քարտի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասին: Միաժամանակ, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվում է շտկել ձերբակալված անձանց կողմից քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու վերաբերյալ օրենքի մեջ առկա հակասությունը` ուժը կորցրած ճանաչելով նշված օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը:

Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նման գործարքներ կնքելու համար օրենքով սահմանված դեպքերում անհրաժեշտ պայման է համարվում անձը հաստատող փաստաթղթի առկայությունը եւ այն, որ կալանավորված եւ ձերբակալված անձինք արդեն իսկ ունեն այդ քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրավունքը, առաջարկվում է, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում փոփոխություն կատարելով, ժամանակավոր վկայական ստանալու իրավունք ամրագրել նաեւ կալանավորված անձանց համար: Միեւնույն ժամանակ, առաջարկվում է նշված անձանց` ժամանակավոր վկայական ստանալու իրավունքի եւ համապատասխան ազատազրկման հիմնարկի վարչակազմի կողմից այն ստանալու գործընթացի կազմակերպման վերաբերյալ ամրագրում կատարել նաեւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում` հղում կատարելով «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասին:

Վերը նշված փոփոխություններով եւ լրացումներով պայմանավորված` առաջարկվում է փոփոխություն կատարել նաեւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում: Մասնավորապես, առաջարկվում է նախատեսել, որ օրենքով սահմանված հիմքերով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի կողմից համապատասխանաբար, կալանավորված կամ ձերբակալված քաղաքացուց ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը վերցնելու դեպքում նա, քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու անհրաժեշտությամբ պայմանավորված, հնարավորություն ունենա դիմելու համապատասխան ազատազրկման վայրի վարչակազմին` իր ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը ստանալու խնդրանքով: Այս դեպքում համապատասխան ազատազրկման հիմնարկի վարչակազմը պարտավորություն կունենա ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրել ազատությունից զրկված տվյալ քաղաքացուն:

Նախագծերով ամրագրվում է նաեւ կարգապահական խախտում թույլ տված ազատությունից զրկված անձի նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձեւով տույժի միջոցի կիրառման հետաձգման հնարավորությունը:

Ինչ վերաբերում է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց անջատ պահելու կանոնին, ապա առաջարկվում է Քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը ուժը կորցրած ճանաչել` այդպիսով բացառելով ցմահ ազատազրկման դատապարված անձանց այլ դատապարտյալներից անջատ պահելու կանոնը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ`

1) կապահովվի կալանավորված անձանց եւ դատապարտյալների մասնավոր եւ ընտանեկան կյանքի իրավունքի պատշաճ իրացումը: Այս առումով հարկ է ընդգծել, որ մասնավոր եւ ընտանեկան կյանքի իրավունքի հարգումը լուրջ խթան կհանդիսանա պատժի ենթարկված անձանց վերասոցիալականացման եւ պատժի նպատակներին հասնելու համար:

2) լրացուցիչ երաշխիքներ կնախատեսվեն նաեւ ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ուղղությամբ:

3) ցմահ ազատազրկման դատապարտված անձանց մյուս դատապարտյալներից անջատ պահելու կանոնի վերացման հիմքով կբարձրացվի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը:

4) կալանավորված ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս ստանալ ժամանակավոր վկայական, որը թույլ կտա նրանց իրականացնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրենց իրավունքը: Նշված անձանց` ժամանակավոր վկայական ստանալու իրավունքը, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքում ազատազրկման վայրի վարչակազմի կողմից այն տրամադրելու կամ տրամադրումը կազմակերպելու պարտականությունը կամրագրվի ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերում` «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում եւ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

1 նոյեմբերի 2018 թվականի  N  1263    - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ», «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. նոյեմբերի 15
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումները, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1263-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Հարգանքով`         ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ