Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0271-26.02.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 445-րդ հոդվածի 1-ին մասի 4)-րդ եւ 5)-րդ կետերում «5 տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցում ցուցաբերելու եւ կազմակերպությունների կողմից հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի կառավարման նպատակով, հաշվի առնելով վերջին տարիներին գրանցված սկսնակ կազմակերպությունների աճի տեմպերով, աշխատատեղերի աճով եւ հարկային մուտքերի ավելացմամբ, մասնավորապես, եթե մինչեւ օրենքի ընդունումը՝ 2014 թվականին ստեղծվել է ՏՏ 16 ընկերություն, ապա օրենքի ընդունումից հետո այդ թիվը նկատելիորեն դրսեւորել է կայուն աճի միտում, 2015 թվականին ստեղծվել եւ հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր են ստացել ՏՏ 59 ընկերություն, 2016 թվականին՝ 98, 2017 թվականին՝ 272: Ստեղծված նոր ընկերություններում ստեղծվել է մոտ 2400 նոր աշխատատեղ՝ 3.0-3.4 մլն դրամ միջին տարեկան աշխատավարձով:

2.  Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործարկման արդյունքում` 2015 թվականից սկսած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրումը, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի եւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառումը խթանել է ոլորտում նոր ընկերությունների եւ աշխատատեղերի ստեղծմանը:

2015-2017թթ. ընթացքում հավաստագրված կազմակերպությունների կողմից պետական բյուջե մուտքագրվել է 611 մլն. դրամի հարկային վճար: Նշված գումարի չափը ներկայացվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Միեւնույն ժամանակ առկա է օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցման բացը, որի լրացումից ակնկալվում է նաեւ կայացած միջազգային ընկերությունների կողմից համապատասխան ներդրումների ներգրավման խնդիրը, որը եւ նախատեսվում է կարգավորել սույն օրենքի փոփոխությամբ:

Միաժամանակ, օրենքի կիրառության ընթացքում անհրաժեշություն է ծագել ՏՏ ոլորտի կազմակերպության կամ ԱՁ հասկացության հստակեցման: Մասնավորապե, օրենքով արգելվում է հավաստագրված տնտեսվարող սուբյեկտին օտարել իր գործունեության արդյունքը (արտադրանքը) այլ ՏՏ ոլորտի տնտեսվարող սուբյեկտի, սակայն օրենքը չի սահմանում, թե որն է այն:

Սույն օրենքով նախատեսվում է կարգավորել նաեւ ՏՏ սկսնակ կազմակերպություններին տրամադրվող հավաստագրման գործընթացի ռիսկերը, գործունեության   ծավալի մասնաբաժինը, ինչպես նաեւ սահմանվում է լիազոր մարմնի կողմից ՏՏ ոլորտի ծրագրերի ընդունման եւ իրականացման  պատասխանատվությունը:

3.  Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրմամբ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի եւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ պայմանավորված ոլորտում նոր ընկերությունների եւ աշխատատեղերի ստեղծումը, ոլորտի դրական աճը եւ կարեւորելով Օրենքի արդյունավետ կիրառման ու ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների գործունեության բարելավումը, օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների գործունեության ուղղության համար հավասար պայմանների ստեղծման հնարավությունը, որը իր հերթին կբերի լրացուցիչ ներդրումների ներգրավմանը, ինչպես նաեւ կազմակերպությունների կողմից հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի կառավարման նպատակով` անհրաժեշտ ենք համարում ընդունել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը:

4.  Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծի ընդունումը կխթանի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, ոլորտի զարգացմանը եւ կանոնակարգմանը, ինչպես նաեւ օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցում ցուցաբերելուն եւ միջազգային ընկերություների կողմից ներդրումների ներգրավմանը:

Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ՏՏ ոլորտի կազմակերպությունների կողմից ծավալվող գործունեության ռիսկերը, ինչպես նաեւ կսահմանվի օրենքի շրջանակում պետական լիազոր մարմնի գործառույթները:

5.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:

6.  Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կստեղծվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր տնտեսավարող սուբյեկտներ, որոնք կկարողանան դիմել եւ օգտվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից, հավասար պայմաններ կստեղծվեն  օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ոլորտի զարգացմանը, տարածաշրջանում հայկական ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը, ոլորտի գրավչության բարձրացմանը, հարկային մուտքերի ավելացմանը ու կանոնակարգմանը եւ ՏՏ ոլորտի զարգացմանը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:  


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ  
  

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 

22 նոյեմբերի 2018 թվականի  N  1318     - Ա  
  
  «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2018 թ. նոյեմբերի 23
           Երեւան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                            պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

  

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի -ի N -Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագիծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1318-Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանայնը:
 
Հարգանքով`
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ