«Հոդված 150.3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող, չմասնատվող եւ (կամ) մեծ եզրաչափերով բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներով երթեւեկելը
1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելն առանց փոխադրումների իրականացման թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում` մինչեւ մեկ տոննա եւ ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելն առանց փոխադրումների իրականացման թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
4. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցելու, մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը եւ (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցներով թույլտվությամբ նախատեսված երթուղուց շեղումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
5. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո: