Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-0351-01.03.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը «գործողությունների» բառից հետո լրացնել «, պաշտպանության» բառով։

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի 1-ին նախադասության «գործողությունների» բառից հետո լրացնել «, պաշտպանության» բառը.

բ) նույն նախադասության «հետեւանքով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ զինվորական ծառայության ժամանակ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը.

գ) 5-րդ մասի 3-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով.

դ) նույն մասը լրացնել նոր 4-րդ կետով.

«4) զինծառայողի առողջական վիճակը վատթարացել է զինվորական ծառայության ընթացքում եւ պատճառով։».

ե) 6-րդ մասում «հաշմանդամ դառնալը» բառերը փոխարինել «հաշմանդամություն ստանալը» բառերով, որոնցից հետո մասը լրացնել «կամ առողջական վիճակի վատթարացումն» բառերով։

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «վնասի» բառից հետո լրացնել «կամ առողջական վիճակի վատթարացման» բառերով։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հրամայականով, որ շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողները հաճախ առողջական գանգատներով են արձակվում զինվորական ծառայությունից: Դրանց առաջացման պատճառները պայմանավորվում են զինվորական ծառայությամբ։ Մինչդեռ գործնականում անհնար կամ դժվար է լինում հաստատել առողջական վիճակի վատթարացման այդ փաստը։ Արդյունքում առաջանում է հասարակական դժգոհություն, բացասական վերաբերմունք պետության քաղաքականության նկատմամաբ. պետությունն իր քաղաքացիներից պահանջում է զինվորական պարտադիր ծառայություն, սակայն չի ապահովում զինվորական ծառայությունից հետո զինվորական ծառայության ընթացքում եւ պատճառով նրանց առողջության վատթարացման կանխումը եւ առողջության վերականգնումը։

Հասարակական նման դժգոհությունները, ոլորտում առկա խնդիրները եւ դրանք լուծելու ներկա օրենսդրական կարգավորումների բացակայությունը խաթարում են զինված ուժերի եւ հանրային իշխանության հեղինակությունը հասարակության շրջանում։

Ավելին, եթե աշխատանքային իրավահարաբերություններում կամ քրեակատարողական հիմնարկներում առկա են նման իրավակարգավորումներ, համաձայն որոնց՝ աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները ենթակա են փոխհատուցման գործատուի կողմից, կամ քրեակատարողական հիմնակարկում անձի առողջության վատթարացումը եւս վերականգնման ենթակա է պետության հաշվին, ապա զինվորական ծառայության բնագավառում այս իրավակարգավորման անհրաժեշտությունն առավել, քան անհրաժեշտ է։
 
 

Առաջարկվող իրավակարգավորմամբ լուծվում են մի քանի կարեւոր խնդիրներ՝


Գործող օրենսդրությունը չի կարգավորում պարտադիր ծառայությունից անմիջապես հետո անձի առողջական վիճակի ստուգման եւ փորձաքննության իրականացման հարաբերությունները։

Արդյունքում առաջանում են մեծ քանակությամբ վեճեր՝ առողջության վիճակի վատթարացման պատճառահետեւանքային հարցերի շուրջ։

Նման վեճերից շատերը տեղափոխվում են դատական ատյան՝ պետության համար առաջացնելով ֆինանսական, դատական եւ այլ ռեսուրսների վատնում։

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ եթե բժշկական եզրակացությամբ հաստատվում է, որ անձի առողջական վիճակը վատթարացել է զինվորական ծառայության ընթացքում եւ պատճառով, ապա պետությունը պարտավոր է երաշխավորված բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում ապահովել անձի առողջության առաջնահերթ եւ անվճար վերականգնումը մինչ զինվորական ծառայության մակարդակի։

Սա նշանակում է, որ ֆինանսավորման պարտականությունը դրվում է պետության վրա։ Պետական բյուջեն այդ ծախսով չծանրաբեռնելու նպատակով՝ առաջարկվում է պետության համար առաջացող հնարավոր ֆինանսական ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ (այսուհետ՝ մարտական գործողություններ) զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հիմնադրամի միջոցների հաշվից։ Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ կարող են լինել բացառիկ դեպքեր, երբ հիմնադրամի միջոցները չբավարարեն, սուբսիդիար պատասխանատվության սկզբունքին համապատասխան՝ նախատեսվում է, որ խնդրո առարկա ծախսն այդ դեպքում կրելու է պետական բյուջեն:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ

«ԼՈւՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈւԹՅՈւՆ

Ո Ր Ո Շ Ու Մ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ   65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր

2019 թվականի փետրվարի 27-ի նիստում

Ո Ր Ո Շ Ե Ց

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին եւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
օրենքների նախագծերի փաթեթը:
 
 

«ԼՈւՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈւԹՅՈւՆ


27 փետրվարի 2019թ.
 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


  
  Հարգարժան պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրա-պետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին եւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Փաթեթին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին,

- նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենքների համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները:

Նախագծերի փաթեթի հիմնական զեկուցողն է Տարոն Սիմոնյանը։

Խնդրում ենք ներկայացված նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 15 թերթ։
 
 
Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ