Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3341 -րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 3341 .Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստին աջակցելը
1. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի վերցված անձի փախուստին ցանկացած ձեւով աջակցելը՝ քննությունից կամ դատից կամ պատժի հետագա կրումից խուսափելու նպատակով, եթե դա նախապես խոստացված չի եղել, եւ փախուստն արդեն տեղի է ունեցել`
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 355-րդ հոդվածի՝
1) վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 355. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստը
1. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի վերցված անձի փախուստը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»,
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե քրեական վարույթը կարճվել կամ արդարացման դատավճիռ է կայացվել այն գործով, որով անձը դատապարտվել էր ազատազրկման, կալանավորվել, ձերբակալվել կամ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի էր վերցվել»:
Հոդված 3.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան հստակեցնելու, իրավակարգավորման ամբողջականությունն ապահովելու, տարակարծիք մեկնաբանությունները բացառելու եւ այդպիսով՝ իրավական որոշակիություն ապահովելու եւ հակասական իրավակիրառ պրակտիկան բացառելու անհրաժեշտությամբ:
Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը դասվում է արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների շարքին, որի հանրային վտանգավորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրա կատարմամբ խոչընդոտվում է քրեական գործի քննությունը, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարումը: Բացի այդ, հիշյալ արարքի կատարմամբ փախուստի դիմած անձանց որոնելու եւ գտնելու համար վատնվում են բավականաչափ միջոցներ, իսկ այդ անձինք էլ, հաճախ չունենալով գոյատեւելու օրինական միջոցներ, կարող են նոր հանցանքներ կատարել:
Այսպիսով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի դիսպոզիցիայում թվարկվում են այն օբյեկտները, որոնցից փախուստի դիմելու դեպքում անձին կմեղսագրվի հանցակազմով նախատեսված արարքի կատարոմը: Սակայն, հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ ձերբակալված, կալանավորված կամ դատապարտված անձը փախուստի դիմի ոչ թե հիշյալ օբյեկտներից, այլ օրինական հիմքերով գտնվելով ազատազրկման, կալանավորվածներին պահելու կամ ձերբակալվածներին պահելու վայրերից դուրս՝ օրինակ՝ քաղաքացիական հիվանդանոցում, դատարանի շենքում, ուղեկցող ավտոմեքենայում եւ այլն, դիմի փախուստի: Նշված վայրերում եւս անձը գտնվում է հատուկ հսկողության տակ, քանի որ դատապարտյալի կամ կալանավորված անձի փոխադրումն իրականացվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ սահմանված կարգով եւ պայմաններում:
Հատկանշական է, որ նման պայմաններում անձի իրավական կարգավիճակը չի փոխվում, իսկ փախուստի դիմելով՝ անձը, որպես կանոն, ցանկանում է խուսափել պատժից եւ պատասխանատվությունից: Այլ կերպ ասած՝ քննարկվող բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե անձը փախուստ է կատարել ազատազրկման, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրերից, թե դրանցից դուրս գտնվելու ժամանակ, հանցագործության օբյեկտը չի փոխվում, հանցավոր արարքի արդյունքում խախտվում են այն հասարակական հարաբերությունները, որոնք կոչված են ապահովելու վերջինիս նկատմամբ հարկադրանքի միջոցների կիրառումը:
Համապատասխանաբար անհրաժեշտություն է առաջանում նաեւ ձերբակալման նպատակով արգելանքի վերցված անձի մասով կարգավորում նախատեսել հոդվածի 3-րդ մասում:
Ընդ որում՝ համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 3341 հոդվածում, որը վերաբերում է քրեակատարողական հիմնարկից կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստ կատարած անձին աջակցելուն:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող կարգավորման նպատակն է առավել հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի դիսպոզիցիան՝ փախուստի հանրային վտանգավորությունը պայմանավորելով ոչ թե այն օբյեկտների ցանկով, որտեղից փախուստի է դիմում անձը, այլ անձի կարգավիճակով, ով օրենքով սահմանված կարգով պարտավոր է դրսեւորել իրավահպատակ վարքագիծ եւ ենթարկվել ձերբակալվածներին, կալանավորվածներին պահելու վայրերի, ուղղիչ հիմնարկի ներքին կանոնակարգին, ուղեկցող ոստիկանների օրինական պահանջներին, այդ թվում՝ գտնվելով հիշյալ օբյեկտներից դուրս:
Դատական պրակտիկան եւս որոշակիորեն գնացել է այն ուղիով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածով նախատեսված քրեորեն պատժելի փախուստը պայմանավորվի անձի կարգավիճակով՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղից է անձը փաստացի փախուստի դիմել (օրինակ՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի փետրվարի 14-ի ԵԱՆԴ/0077/01/12 գործով դատավճիռը):
Բացի այդ, առաջարկվում է նույնատիպ փոփոխության ենթարկել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 3341 հոդվածը:
Հատկանշական է, որ ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը եւս որդեգրել է հիշյալ մոտեցումը եւ քրեորեն պատժելի համարել ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված, ձերբակալված կամ կալանավորված անձի փախուստը՝ անկախ այն հանգամանքից, թե փաստացի որտեղից է անձը դիմել փախուստի:
Քննարկվող հարցի կապակցությամբ միջազգային փորձի ուսումնասիրությունը եւս վկայում է, որ միայն ազատությունից զրկված անձանց պահելու վայրերից փախուստը քրեորեն պատժելի համարելն անհարկի նեղացնում է հանցակազմի շրջանակները եւ չի ապահովում քրեաիրավական նորմի պատժիչ եւ կանխարգելիչ գործառույթների իրացումը: Այս առումով հատկանշական է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածը, որի դիսպոզիցիայի նկարագրության մեջ օբյեկտիվ կողմը չի սահմանափակվում միայն ազատազրկման վայրից կամ կալանքից փախուստով, այլ ներառում է փախուստը նաեւ հսկողությունից:
Նույնպիսի մոտեցում է առկա նաեւ Ուկրաինայի Հանրապետության քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածում, Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածում եւ այլն:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ, ինչպես նաեւ 3341 հոդվածների դիսպոզիցիան՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիությունը, բացառելով տարակարծիք մեկնաբանությունները, չարաշահումներն ու հակասական իրավակիրառ պրակտիկան՝ նպաստելով արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացմանը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
««Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
««Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունիսի 2018 թվականի N 727 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2018 թ. հուլիսի 2 Երեւան |
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 727- Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը:
Հարգանքով` | ՆԻկոլ Փաշինյան |