Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-040-06.03.2019-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի մայիսի 25-ի ՀՕ-106 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ հոդվածով.

«Հոդված 14. Բռնադատվածի կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կողմից օրենքով նախատեսված իրավունքների իրականացման եւ արտոնություններից օգտվելու հիմք է համապատասխանաբար բռնադատվածին կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգին տրված վկայականը:

Բռնադատվածի առաջին հերթի ժառանգին վկայական տրվում է այն դեպքում, երբ բռնադատվածը դատապարտված է եղել մահապատժի, մահացել է ազատազրկման ձեւով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո:

Վկայականը տրվում է բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի վկայական տալու մասին դիմումի հիման վրա, որին կցվում են.

ա) արդարացման վերաբերյալ որոշումը կամ բռնադատման փաստը հաստատող այլ փաստաթղթեր.

բ) բռնադատվածի մահվան վկայականը, եթե այն տրվում է նրա առաջին հերթի ժառանգին.

գ) բռնադատվածի առաջին հերթի ժառանգ լինելը հաստատող փաստաթուղթ, եթե այն տրվում է նրա առաջին հերթի ժառանգին.

դ) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

ե) լուսանկար:

Բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին համապատասխան վկայական տալու կամ վկայական տալը մերժելու մասին որոշումը ընդունում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարը՝ հաշվի առնելով բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին վկայական տալու հարցի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) եզրակացությունը, որի կազմում ընդգրկվում են արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարությունների, գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության եւ Դատական դեպարտամենտի մեկական ներկայացուցիչ:

Հանձնաժողովի կազմը, աշխատակարգը, ինչպես նաեւ բռնադատվածին եւ նրա առաջին հերթի ժառանգին տրվող վկայականների ձեւերը հաստատվում են արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարի կողմից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը բռնադատվածներին եւ բռնադատվածների առաջին հերթի ժառանգներին տրված վկայականները պահպանում են իրենց ուժը:



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգներին բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի վկայականը (այսուհետ՝ վկայական) տրվում է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տվող հանձնաժողովի կողմից, մինչդեռ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով այդ ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է Արդարադատության նախարարությունը:

Բացի այդ, բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժանագին վկայականի տրամադրումը, ըստ էության, վարչարարություն է, որը, Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կարող է իրականացվել բացառապես պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից: Այս առումով բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տվող հանձնաժողովի կողմից վկայականի տրամադրումը խնդրահարույց է:

Վերոշարադրյալը վկայում է «Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել են՝

1) վկայական տալու դեպքերը,

2) վկայական տալու լիազոր մարմինը,

3) վկայական տալու գործընթացը եւ վկայական ստանալու մասին դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,

4) վկայականը տալու համար խորհրդատվական եզրակացություն տվող հանձնաժողովի կազմում ընդգրկված մարմինների շրջանակը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում «Բռնադատվածների մասին» օրենքը կհամապատասխանեցվի Սահմանադրության եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի պահանջներին: Ինչպես նաեւ «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանում ուժը կորցրած ճանաչել Կառավարության 1994 թվականի նոյեմբերի 29-ի N 551 որոշումը, որը կիրականացվի նախագծի ընդունման եւ ուժի մեջ մտնելուն պես:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

1 նոյեմբերի 2018 թվականի N 1235 - Ա

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. նոյեմբերի 7
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1235-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ