Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-521-23.02.2005-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-529-Ն) 169-րդ հոդվածում՝

1) վերնագիրը լրացնել «կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելը կամ հարկադրելը» բառերով.

2) հոդվածի դիսպոզիցիան լրացնել «, ինչպես նաեւ որդեգրման նպատակով որդեգրվողի օրինական ներկայացուցչի կամքին հակառակ նրան որդեգրման համաձայնություն տալուն շահադիտական կամ այլ ստոր դրդումներով հակելը կամ հարկադրելը՝» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 200-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի «միջնորդ դատավորին,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ միջնորդ դատարանի մասին օրենսդրությանը համապատասխան, գործառույթներ իրականացնող միջնորդ դատավորին,» բառերը.

2) 3-րդ մասի «միջնորդ դատավորի,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ միջնորդ դատարանի մասին օրենսդրությանը համապատասխան, գործառույթներ իրականացնող միջնորդ դատավորի,» բառերը։

Հոդված 3. Օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ, 5-րդ 6-րդ եւ 7-րդ կետերով՝

«3) օտարերկրյա պետության՝ տվյալ պետության ներպետական իրավունքին համապատասխան, պետական պաշտոնյայի գործառույթներ իրականացնող անձինք, ինչպես նաեւ օտարերկրյա պետության օրենսդիր մարմնի կամ վարչական լիազորություններ իրականացնող որեւէ ներկայացուցչական մարմնի անդամները.

4) միջազգային կամ վերազգային հանրային կազմակերպության կամ մարմնի, որի անդամ է Հայաստանի Հանրապետությունը, պաշտոնյաները կամ այդ կազմակերպության կամ մարմնի կանոնակարգերով նախատեսված դեպքերում պայմանագրերով աշխատողները կամ այլ անձինք, որոնք կատարում են նման պաշտոնյաների կամ աշխատողների կողմից իրականացվող գործառույթներին համապատասխանող գործառույթներ.

5) միջազգային կամ վերազգային կազմակերպության, որի անդամ է Հայաստանի Հանրապետությունը, խորհրդարանական վեհաժողովի կամ նման գործառույթ իրականացնող այլ մարմնի անդամները.

6) միջազգային դատարանի, որի իրավասությունն ընդունել է Հայաստանի Հանրապետությունը, դատական գործառույթներ իրականացնող անդամները կամ պաշտոնյաները:

7) օտարերկրյա պետությունների դատարանների երդվյալ ատենակալները։»։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը 2004 թվ. հունիսի 8-ին վավերացրել է «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան եւ դրան կից լրացուցիչ արձանագրությունը։

Նշված փաստաթղթերով (կոնվենցիայի 9-12-րդ հոդվածներով, լրացուցիչ արձանագրության 6-րդ հոդվածով) Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է կոռուպցիոն հանցագործություններ կատարած անձանց շրջանակի մեջ ներառել նաեւ վերազգային կազմակերպությունների անդամներին, օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, Հայաստանի մասնակցությամբ գործող միջազգային դատարանի պաշտոնայաներին, օտարերկրյա պետությունների միջնորդ դատարանների միջնորդ դատավորներին, օտարերկրյա պետությունների դատարանների երդվյալ ատենակալներին։

Քանի որ ՀՀ քրեական օրենսգրքով նշված անձինք կոռուպցիոն արարքների համար քրեական պատասխանատվության ենթակա չեն, այդ իսկ պատճառով՝ Կոնվենցիայի եւ դրան կից լրացուցիչ արձանագրության վերոհիշյալ հոդվածներով ստանձնած պարտավորությունները կատարելու համար, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ եւ 308-րդ հոդվածներում համապատասխան լրացումներ կատարելով՝ ընդլայնել այն անձանց շրջանակը, ովքեր կատարել են կոռուպցիոն արարքներ։

Բացի դա, Հայաստանի Հանրապետությունը մտադիր է վավերացնել նաեւ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրությունը, որի 3-րդ հոդվածի 1-ին մասը մասնակից պետություններին պարտավորեցնում է քրեականացնել որդեգրման նպատակով որդեգրվողի օրինական ներկայացուցչի կամքին հակառակ նրան որդեգրման համաձայնություն տալուն հակելու արարքը, որը նախատեսված չէ ՀՀ քրեական օրենսգրքով։

Անկախ նրանից, թե Հայաստանը երբ կվավերացնի հիշյալ արձանագրությունը, նպատակահարմար ենք գտնում նշված արարքը քրեականացնել վերը նշված կոնվենցիայից բխող պարտավորություններն իրագործելու նպատակով ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի հետ մեկտեղ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ իրավապահ մարմինների պրակտիկայում արդեն իսկ առկա են դեպքեր, երբ խարդախության կամ այլ միջոցներով ծնողներին հակել են իրենց երեխաների որդեգրմանը։ Իսկ դա, մեր կարծիքով, պետք է դիտել որպես քրեորեն պատժելի արարք եւ նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածում, հավասարեցնելով որդեգրման գաղտնիքի հրապարակման համար սահմանված արարքի եւ դրա համար նախատեսված պատասխանատվության հետ։